
«Աիլինդա տուր»-ը յուրացրել է Մատենադարանի երկու աշխատակիցների գումարները
Վերջին երկու ամիսներին մի քանի հոդված ենք հրապարակել պետական բյուջեից սոցիալական փաթեթին հատկացվող գումարները յուրացնելու մասին: Մատենադարանի երկու աշխատակցուհիներ ընթերցել էին «Աիլինդա տուր» զբոսաշրջային ընկերության մասին «Հետք»-ի հրապարակումները եւ ցանկություն հայտնել ներկայացնելու իրենցից խաբեությամբ յուրացված գումարների պատմությունը:
Մատենադարանի ավագ գիտաշախատող Ջուլիետա Էյնաթյանը եւ Արիադնա Հարությունյանը այս տարի սոցփաթեթով հանգստի մեկնելու պայմանագիր են կնքել «Աիլինդա տուր» տուրիստական կազմակերպության հետ։ Արիադնա Հարությունյանը մեզ պատմեց, որ անցյալ տարի ինքը հանգստի է մեկնել «Աիլինդա տուր»-ի հետ կնքած պայմանագրով եւ հանգստացել է Դիլիջանում: Այս տարվա հունիսին այդ կազմակերպությունից Լուսինե անունով մի աղջիկ զանգել է իրեն եւ հայտնել, որ իր հաշվեհամարին անցյալ տարվանից 2000 դրամ է մնացել, եւ կարող են այս տարի պայմանագիր կնքել եւ ավելացնել այդ գումարին:
Հաջորդ օրը Լեւոն անունով մի երիտասարդ եկել է Մատենդարան եւ ներկայանալով «Աիլինդա տուր»-ի գործակալ` պայմանագրեր է կնքել երկուսի հետ: Լեւոնը հայտնել է, որ առաջին օրն է աշխատում այդ տուրիստական կազմակերպության հետ: «Նրա հետ պայմանագիրը կնքեցինք եւ ասացինք, որ կրկին Դիլիջանում ենք ցանկանում անցկացնել մեր 4-օրյա հանգիստը: Նա հեռանալուց առաջ ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում պետք է բանկային փոխանցումը կատարենք: Մենք 72 000 դրամը փոխանցեցինք, սակայն դրանից հետո չհաջողվեց կապվել նրանց հետ` հանգստի մեկնելու համար պայմանավորվելու համար»,- պատմեց Արիադնա Հարությունյանը:
Տկն Արիադնան հայտնեց, որ գնացել են «Աիլինդա տուր»-ի գրասենյակ` ինչ-որ բան պարզելու համար: «Անցյալ տարի նրանց գրասենյակը Շրջանայինում էր, գնացինք այնտեղ նրանց հանդիպելու համար, սակայն դուռը միշտ փակ էր, իսկ դռանը փակցված էին բազմաթիվ գրություններ: Դրանց բովանդակությունը հուշում էր, որ մեզ նման պայմանագրեր կնքած մարդիկ են գրողները, որոնք փնտրում են կազմակերպության տնօրեն Էմմա Հայրապետյանին, բայց չեն կարողանում գտնել»,- հայտնեց նա:
Իրենք զանգել են պայմանագիրը կնքած երիտասարդին, նա ասել է, որ այլեւս այնտեղ չի աշխատում եւ ոչնչով չի կարող օգնել: Ա. Հարությունյանն ասաց, որ այդպես էլ իրենց չի հաջողվում գտնել ընկերության տնօրենին:
«Հետք»-ի հրապարակումներին ծանթանալուց հետո Մատենադարանի աշխատակիցները համոզվել են, որ իրենց նույնպես խաբել են: Տկն Արիադնան վերհիշեց, որ այս տարի, երբ գնացել են «Հայէկոնոմբանկ»` գումարը փոխանցելու համար, բանկի աշխատակիցը չէր ցանկանում փոխանցումը կատարել: Պատճառն իրենց չի հայտնել, բայց մեկ այլ աշխատողի է կանչել, նրա հետ երկար խորհրդակցելուց հետո գումարը փոխանցել է: Ենթադրում է, որ բանկում արդեն տեղյակ էին այս կազմակերպության գործունեության մասին, հասկացել էին, որ ինչ-որ բան այն չէ, դա էր հապաղելու պատճառը:
լուսանկարը` biglemon.am-ից
Մեկնաբանել