
Կայացել է ՀՔԾ-ի քննիչի` Միհրան Պողոսյանի գործի վերաբերյալ որոշումներ չտրամադրելու գործով նիստը
Ամալյա Մարգարյան
ՀՔԾ-ի կողմից ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հարուցելու, ապա կարճելու որոշումները «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին չտրամադրելու գործով դատական նիստը մեկնարկեց։ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում բողոքաբեր Էդիկ Բաղդասարյանի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը հանդես եկան բողոքով։
Ա.Ղազարյանը նշեց, որ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, օգտագործելով իր մասնագիտական կարողությունները, ձեռք է բերել հանրային նշանակության տեղեկություն և որոշել հրապարակել այն, որը հասարակության մեջ ընդվզումներ է առաջացրել։ «Քաղաքական որոշումներ կայացվեցին՝ պաշտոնից ազատվեց ԴԱՀԿ-ի նախկին պետը։ ԶԼՄ-ի հրապարակած տեղեկության հիման վրա հարուցվեց քրեական գործ, որը որոշ ժամանակ անց կարճվեց։
«Հետքննող լրագրողներ» ՀԿ-ը դիմել էր կարճման որոշումը ստանալու նպատակով, սակայն չեն տրամադրվել։ Եթե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն իմանար, որ չի հաջողվելու բողոքարկել որոշումը, տեղեկությունը չէր տարածի. հանրությունը կզրկվեր կարևոր տեղեկությունից»,-հայտնեց իրավաբանը։
Հիշեցնենք, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու դեպքի առիթով քրեական գործը հարուցվել է «Հետք»-ի հրապարակման հիման վրա, սակայն ՀՔԾ-մ մերժել է տրամադրել այդ որոշումը, ինչպես նաև գործի կարճման որոշումը` նշելով «…Դուք չեք հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասում հիշատակված անձ, ուստի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման պատճենը և գրության մեջ նշված փաստաթղթերը չեն կարող տրամադրվել Ձեզ»,- պատասխանել է ՀՔԾ-ն:
«Բողոքարկող կազմակերպությանը տեղեկատվություն ստանալու իրավունքից զրկելը հանրային նշանակության խնդիր է բարձրացնում: Վարույթն իրականացնող մարմինը նշում է, որ տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցի միջոցով, հանցագործության առիթ է, իսկ լրատվամիջոցը չի հանդիսանում շահագրգիռ անձ»,-հայտնեց Արա Ղազարյանը, այնուհետև նշեց, որ անիրավաչափ է տարանջատել «Հետք» կայքը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից։
«Գտնում եմ, որ պետք է վերացվի քննչական ծառայության քննիչ Դ.Կոստանդյանի որոշումը և պետք է հանձնարարվի վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործը հարուցելու, նույն քրեական գործը կարճելու մասին որոշման պատճենները: Գտնում եմ` այստեղ դրված է հանրային նշանակության խնդիր։ Հանրությունը պետք է տեղյակ լինի՝ ինչ հիմքերով է կարճվել այս քրեական գործը»,-եզրափակելով խոսքը` նշեց իրավաբանը։
ՀՔԾ-ի քննիչ Դավիթ Կոստանդյանը հայտնեց, որ չեն տարանջատում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն «Հետք» լրատվական կայքից: «Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործ հարուցելու առիթներն են տարանջատում։ Սույն քրեական գործը հարուցվել է լրատվության միջոց հանդիսացող «Հետք» կայքի հրապարակման հիման վրա, իսկ քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա լրատվամիջոցի հաղորդման հեղինակն իրավունք չունի քրեական վարույթի և այն կարճելու մասին որոշում ստանալ։ Այդ պատճառով ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանին գրությամբ մերժել ենք համապատասխան տեղեկություն տրամադրել»։
Քրեական դատավարության օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննիչը քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման պատճենն ուղարկում է կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցչին, ինչպես նաև ֆիզիկական անձի կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանոթանալ կարճման գործի նյութերին:
« «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հաղորդում չի ներկայացրել հանցագործության մասին, այն ներկայացնող անձը չի զգուշացվել սուտ մատնության համար, այլ լրատվամիջոցն ընթերցողների համար նյութ է հրապարակել»,-ասաց քննիչը և հավելեց, որ եթե որոշումը տրամադրեն, պետք է քրեական նյութերը ևս տրամադրեն։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հարց ուղղեց` եթե իրավաբանական անձ հանդիսացող ՀԿ-ն իր կայքում հաղորդում է տեղադրում, այդ դեպքում «Հետքաննող լրագրողներ» ՀԿ-ը որպես իրավաբանական անձ հանդես չի՞ գալիս, որին ի պատասխան` քննիչը նշեց: «Հաղորդում տվող իրավաբանական անձանց հաղորդումները կարգավորվում են քրեական դատավարության 178-րդ հոդվածով: Այն է` իրավաբանական անձի հաղորդումը պետք է ունենա ծառայողական նամակի կամ վավերացված հեռագրի, հեռախոսագրի, ռադիոգրի, էլեկտրոնային փոստի կամ հաղորդումների այլ ընդունված ձև: Հաղորդմանը կարող են կցվել հանցանքի կատարումը հաստատող փաստաթղթեր:
Լրատվական միջոցի հրապարակումները հաղորդումներ չեն, դրանք տարբեր են: Ուղղված է եղել հանրությանը, ոչ թե իրավական մարմնի ներկայացուցչին: Չենք դիտել ՀԿ-ի նախագահին որպես սուբյեկտ, քանի որ չի պահպանվել 178-րդ հոդվածով սահմանված կարգը»,-հայտնեց Դավիթ Կոստանդյանը, ապա ավելացրեց, որ եթե լրատվամիջոցին դիտեն որպես իրավաբանական անձ, այդ դեպքում չեն առանձնացնի լրատվական միջոցի և իրավաբանական անձի հաղորդումները:
Դատախազ Հայկ Պետրոսյանը ևս նշեց, որ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը և լրատվամիջոցի հրապարակումը տարբեր առիթներ են: «Սոցիալական կայքերում շատ մարդիկ անանուն հրապարակումներ են անում, որոնք շատ դեպքերում հանդիսանում են որպես քրեական գործ հարուցելու առիթ: Կարճման որոշումը կարելի է տրամադրել նաև այն անձանց, ում շահերը առնչվում են տվյալ քրեական գործի շրջանակում: Տվյալ դեպքում որևէ հիմնավորում չբերեցին, ինչքանով է առնչվում «Հետք»-ի նախագահի շահերը: Եթե ուզում էր հաղորդում` պատշաճ կարգով բերեր»: Նշեց նաև, որ անգործության մասին խոսք լինել չի կարող:
Արա Ղազարյանը հայտնեց, որ պետք է տարբերակված վերաբերմունք ցուցաբերել և լրատվամիջոցին որպես կողմ ճանաչել, քանի որ հանրային նշանակության գործ է: «Խոսքը վերաբերում է պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձի կողմից միլիոնավոր դոլարներ օֆշորային գոտում թաքցնելու վերաբերյալ փաստական տվյալներին: Դատախազությունը պետք է տարբերակված վերաբերմունք ցուցաբերի և Էդիկ Բաղդասարյանին համարի շահագրգիռ անձ` վկայակոչելով քրեական դատավարության 290-րդ հոդվածի 1-ին մասը»:
Արտակ Զեյնալյանը միջնորդեց դատավորին գործն ուղարկել Սահմանադրական դատարան, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը:
Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, ժամը 10-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել