HY RU EN

Գագիկ Աղբալյան

Ամերիկահայ երաժշտական դուետն օգնում է սահմանամերձ գյուղերին

«Ունիսոն» երաժշտական դուետի դաշնակահար Շուշան Հակոբյանն ու ջութակահար եւ կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը վերջին երկու տարվա ընթացքում համերգների միջոցով մի քանի հազար դոլար են հանգանակել՝ օգնելու համար զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ գյուղերին։

Ռուբենը եւ Շուշանը բնակվում ու գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում։ Օվկիանոսից այն կողմում հաստատվել են հինգ տարի առաջ։ Հայաստանում Շուշան Հակոբյանը հանդես է եկել «Շելլ» դաշնամուրային տրիոյի կազմում։

Նախորդ տարի, ապրիլյան դեպքերից հետո, «Ունիսոն» դուետն ամերիկահայ այլ երաժիշտների մասնակցությամբ համերգով է հանդես եկել Լոս Անջելեսում, եւս մեկ համերգ էլ տվել է Երեւանում։ Ստացված հասույթն ուղղվել է ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հինգ ծառայողների ընտանիքներին։

Այս տարի Շուշան Հակոբյանը եւ Ռուբեն Աղիյանը եւս երկու համերգ են տվել` ԱՄՆ-ում ու Հայաստանում` նպատակ ունենալով հասույթով օգնել սահմանամերձ գյուղերից որեւէ մեկին։ Երեւանյան համերգը «The Club»-ում էր, որին, դուետից բացի, մասնակցում էին  սոպրանո Իրինա Զաքյանը եւ թավջութակահար Վահան Գրիգորյանը, ամերիկահայ երգչուհի Շուշաննա Կայմետլյանը, ով միջազգային մրցույթի դափնեկիր է։

Բարեգործական համերգին ներկա էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ում ստեղծագործությունները նույնպես հնչեցին: Մաեստրոն նաեւ ֆինանսական ներդրում ունեցավ սահմանամերձ համայնքին օգնելու գործում։ Դաշնակահար Շուշան Հակոբյանը պատմեց, որ մաեստրոն ջերմությամբ էր ընդունել բարեգործական համերգին ներկա գտնվելու հրավերը:

Երաժիշտների ընտրությունը կանգ է առել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցի վրա։ Այս դպրոցը գործում է 6 տարի։ Անկախության առաջին 20 տարիներին Աչաջրի երաժշտական դպրոցը դադարեցրել էր գործունեությունը։ Հիմա արդեն ունի 70 աշակերտ, որոնց մեջ՝ միջազգային մրցույթի դափնեկիր։ Աշակերտների թիվը հնարավորություն է տալիս, որ մանկավարժները երաժշտական դպրոցների համար բարձր աշխատավարձ ստանան։

Դպրոցն ունի երգչախումբ եւ ժողգործիքների անսամբլ։

«Ունիսոն» դուետը Աչաջրի երաժշտական դպրոցին նվիրեց քանոն, դուդուկ, հարվածային գործիքներ՝ բոլորը պատրաստված անվանի վարպետների կողմից, ինչպես նաեւ երաժշտական գրականություն, ձայնագրություններ ու նվագարկիչ։

Ոչ միայն դպրոցի սաները համերգով հանդես եկան, այլեւ «Ունիսոն» դուետը վարպետության դաս տվեց։

Աչաջրի երաժշտական դպրոցը տեղավորված է համայնքային մշակույթի տան մի հատվածում՝ ընդամենը երեք սենյակում։ Դասաժամերը բաշխելը մեծ դժվարություն է։ Ու քանի որ դպրոցի տարածքը մեծ չէ, շատ դիմորդների մերժում են ընդունել դպրոց։ Նախորդ տարի դիմած 27 դիմորդներից 7-ին են ընդունել՝ շենքային պայմաններն ավելին թույլ չեն տալիս։

Նոր շենք կառուցելը համայնքի ուժերից վեր է։ Մանկավարժներն ակնկալում են, որ կառավարությունը համապատասխան որևէ ծրագրով կաջակցի։