Բալկոնում Ալեքսանդր Իրադյանն է
Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու․ նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։
Այսօր բալկոնում դիրիժոր, կոմպոզիտոր Ալեքսանդր Իրադյանն է։
Ալեքսանդր Իրադյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)
Ինքն այն մեկն է, ով երբեք սկզբունքներին դեմ չի գնա, ով կվառի բոլոր կամուրջները հետեւից՝ թեկուզ մի փոքր քարի վրա կանգնելու տեղ մնացած լինի, բայց դրանից հետո հայելուն կնայի հանգիստ։ Գուցե ժամանակ անցնի, ինքը հասկանա, որ խաղը լրիվ ուրիշ ձեւ պետք է խաղալ, ամեն բան այլ է, բարդ, ու որպեսզի քարը վզին հետո չխեղդվի, գուցե ուրիշ ձեւ պիտի արտահայտվեր։ Բայց ինքը դեռ չի արել որեւէ մի բան ինչի համար աչքերը շեղելու է, զերծ է մնալու խոսակցությունից, ժամանակն է մեջբերելու իրեն արդարացնելու համար (կատու է մլավում բակում)․ հենց այս ոռնոցը լսել չի ուզում ինքը (երկար դադար՝ 2,5 րոպե տեւողությամբ)։
Ինքը կուտակում է ամեն ինչ իր մեջ, ռեակցիաները շատ փոքրիկ պայթյուններ են։ Երբ ինքը ունենում է շատ ծանր ամիս՝ չքնած գիշերներով, ապրումներով, փորձերով, վազքի մեջ ուղղակի, հանկարծ պայթում է, ու այդ պահին իսկապես հաշվի չի կարող առնել, թե կողքին ովքեր են։ Ցավոտ է։ Այդպես կարող են լավ հարաբերությունները ոչնչանալ։
Ինքն ունի վախեր․ իդեալիստական մտածելակերպը երբեմն վերածվում է տառապանքի, չհասկացվածության։ Ավելի հեշտ է ապրելը նրա համար, ով ձկան պես լողում է հոսանքով, կպնում քարին, թաքնվում։
Իր մանկական բոլոր երազանքներն այնքան ուժեղ են, որ իրականությունը չի կարող դրանից ավելի լինել։ Ինքն այնքան մանկամտորեն է ամեն ինչին մոտենում, որ մտածում է՝ անհնար ոչինչ չկա։ Անհնարինությունն ուղղակի չկա։ Դրա համար ինքը քսանչորս տարեկանում Օպերային թատրոնում բալետ բեմադրեց իր ընկերների հետ, դրա համար տասնվեց տարեկանում իր առաջին ստեղծագործությունը Ազգային նվագախմբի հետ նվագեց։ Այսինքն անհնարինությունն այդ ժամանակ իր համար տեսանելի չէր, հիմա էլ դա չի երեւում։ Տարածությունը, մասշտաբը, ֆինանսները ուղղակի թվեր են։ Միլիոնը՝ վեց զրո, ոչ թե կարողություն։ Ինչի՞ չծախսել հիսուն միլիոն լավ բանի վրա, երբ հարյուր միլիոնը ծախսվում է պայթեցնելու, ոչնչացնելու համար։ Ինքը գիտի, որ իր ստեղծածը փոխում է, ինչքան էլ շատ պարզ, մանկամիտ կամ հակառակը՝ մեծամիտ հնչի։
Ինքը քաչալացել է, ու դրա մասին խոսում է առաջին անգամ․ ինքը կորցնում է մազերը տասնհինգ տարեկանից մինչ օրս․ սթրեսների հետեւանք է, որն առօրյա-խոսակցական բառապաշարով նկարագրել անհնար է եւ գուցե անհեթեթ հնչի․․․
Ստեղծողի ու ստեղծ(վ)ածի հարաբերության մասին խոսենք․ հարաբերությունները, որոնք ձեւավորվում են, երբ կա գործը՝ երաժշտությունը։
Բարդ հարց է հենց սկզբից։ Կարող եմ տարբեր ուղղություններով մտածել ու պատասախանել, բայց «բալկոն»-ում ավելի հանգիստ արտահայտվելու տեղ կա՝ առանց լարվելու, ուղիղ։
Ինչու՞ եմ ես նվագախումբ ղեկավարում, ու մարդիկ ինչու՞ են լսում իմ կամ մեկ այլ կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Էսպես ասած՝ երկուսս էլ ինչին ենք գնում։ Երեւի ե´ւ դիրիժորի, ե´ւ հանդիսատեսի համար հոգեւոր վերելքի պահ է, եթե ավելի պարզ՝ ուժեղ ազդեցության մեկ-երկու ժամ, որը տեղի է ունենում, հետո լույսերն անջատվում են, բեմն ու դահլիճը դատարկվում են միաժամանակ։
Ի՞նչ է տեղի ունեում կոնկրետ ինձ հետ․ ես հայտնվում եմ այլ տարածությունում՝ Ալիկ-ընկերներ, Ալիկ-ծնողներ, Ալիկ-երկիր եւ այլ շատ հարաբերություններից վերանում եմ, ու վերածվում Իրադյան-խոսք, Իրադյան-զրույց վիճակի։ Եվ իմ ասածը մարդկանց էլ ուրիշ տարածություն պետք է որ տանի։ Համոզվել եմ դրանում։
Երբ խոսում ես քո մասին՝ որպես ստեղծագործողի, որպես դիրիժորի, շատ հաճախ անունդ հանում ես տեքստից․ Իրադյանին ես առաջ քաշում։ Այդ ի՞նչ բաժանում է։
Հա, էդպես է, որովհետեւ բացարձակ տարբեր մարդիկ են։ Պատահականություն կամ միտում չկա այդ բաժանման մեջ․ ուղղակի հենց այդպես է, որ կա։ Ինքս այդ ներքին բաժանման հարցում միշտ անհանգստություն ունեմ, բայց գիտեմ, որ իրենք տարբեր դաշտերում են։
Ալիկը երեխա է․ առաջին անգամ եմ նման բառ գործածում ինձ բնութագրելու համար, որովհետեւ վախեցել եմ բարձրաձայն ասել այս «երեխայի» մասին։ Հիմա այն փուլում եմ, որ կարող եմ հանգիստ խոսել դրա մասին։ Իմ պրոֆեսորը՝ Սթիվեն Սլոանը, շատ լուրջ մի խոսակցության ժամանակ ասեց՝ դու երեխա ես, երբ ես մեծանալու։ Ես մտածեցի՝ այ թե կմեծանամ, բայց չարտահայտվեցի, որովհետեւ բեմում ինձ ինքն այլ կերպ է տեսնում։ Բեմում արդեն մյուսն է, եթե կուզես, կարող ես Ալեքսանդր, Ալիկ անվանել, բայց ինքն ինձ համար Իրադյան է՝ շարունակականություն կրող ազգանուն, կարգավիճակ, չսխալվելու, բացարձակ երաժշտական, ստեղծագործ մեկը, ով ուղղակի դուրս է «երեխայից» ու չի խոցվում։
Գուցե շատ ենք շեղվում այդ «երեխայով», բայց, այնուամենայնիվ, ո՞վ է այդ երեխան, ի՞նչ գործողությունների մեջ։
Ինքը մուլտֆիլմ է։ Ես մեծացել եմ իմ մանկական երազանքների հիման վրա, ու չգիտեմ՝ ինչպես կընկալվի ընթերցողի կողմից, բայց այդ երազանքներն են, որ մինչեւ հիմա կան ու պահում են ինձ հաստատուն։ Ոնց որ վերածվես «լուրջ» երեխայի՝ համակարգված, բայց նույն երազանքներով։ Գիտես՝ վառարանին մատդ չես դնելու, որ չայրվի, բայց հենց կողքինները շրջվեն, թրջելու ես մատդ ու փորձես, հետո ոչ մեկին չասես, որ այրվել է։
Ես տասներեք տարեկանում երազում էի ինքնաթիռ սարքելու մասին․ բավականին ամբիցիոզ երազանք էր, բայց հավատացած էի։ Տասնչորս տարեկանում ծնողներիս աշխատանքի վայրում «մյուզիքլներ» էի բեմադրում․ ինչ-որ վարագույրներ էի վերեւից կախում, ու այդ վարագույրները թատրոնի էֆֆեկտ էին ստեղծում։ Շատ վիրավորվեցի ծնողներիս կոլեգաներից, ովքեր մի օր լաբորատորիայում մորս ասեցին՝ Ալիկը դեգրադացվում է, գուցե հոգեբանական խնդիրներ ունի, պետք է զբաղվել երեխայով։ Իրենք չհասկացան իրավիճակը։ Իմ երազանքների կարեւորությունը։
Հիմա երբ դու բեմում ես, կամ քո գործն է կատարվում, հանդիսատեսը հանկարծ նույնկերպ կարող է արտահայտվել․ վարագույրներն իսկական են, միջավայրն իսկական է, բայց մարդու վերաբերմունքը հաճախ կարող է նույնկերպ կտրուկ լինել։
Մի քիչ ուրիշ տարածության մասին ենք խոսում, բայց հենց այդ տարածություն բերել եմ մանկության այդ դրվագները․ իմ բոլոր ստեղծագործություններում կա մանկական տարրը․ մի պահ, երբ սիմֆոնիկ կառուցվածքը սկսում է մի քանի րոպե ուրիշ տեղ տանել, թեթեւանալ, արտահայտվում է։ Իհարկե, միշտ չէ, որ հանդիսատեսը դա կարող է «բռնել», որովհետեւ լուրջ նոտաների ու լուրջ վիճակների մեջ է քողարկված։ Այն ժամանակ ես ստեղծում էի իմ աշխարհը, որի համար վախենում էի․ թույլ քամին էլ կարող էր ինձ թռցնել․․․ Հիմա եվրոպական բեմում քամիներ չկան․ այդտեղ կարող է փոթորիկ բարձրանալ, եթե սխալվես, բայց լավ ստեղծագործողը գիտի փոթորիկի ժամը, պաշտպանված է։
Ծնողներդ․․․
Մեծ են։ Լաբորատորիան մինչեւ հիմա կա։ Տարածությունը մեր միջեւ նույնպես մեծ է՝ տարիքային, վերաբերմունքի, արձագանքելու ձեւի։ Կարող ենք իրար չհասկանալ շատ պարզ իրավիճակներում։ Բայց ինչպես իրենց լաբորատորիան, որն իմ փորձարանն էր, այնպես էլ տունն ու հարաբերությունները․ ամենաբարդ իրավիճակներում միշտ հասկանում ենք իրար, իրենց աջակցությունը միշտ կա։ Ապշելու բան է, որքան են հավատացած ասածիս ու արածիս։ Ֆենոմենալ է։ Երջանկանում եմ դրանից։
Հարաբերություններ՝ հանդիսատեսի, համակարգի, ամենամոտ մարդու ու ինքդ քեզ հետ։ Խնդիրներ կա՞ն։
Ամենամեծ խնդիրը ինձ համար ես ինքս եմ։ Ես կարող եմ փոխել բոլոր հարաբերությունները, բայց չեմ կարող փոխել ինքս ինձ հարաբերվելու ձեւը, ինձ ուղղված պահանջները, որոնք ես եմ առաջ քաշում։ Սա մեծ պրոբլեմ է, որից առաջանում են մնացած պրոբլեմները։
Ի՞նչ է տեղի ունենում։
Ինձ փորձում եմ ընդունել էնպիսին, ինչպես որ կամ։ Ինձ փոխել կամ իմ ներսը, ստացվում է անկեղծ չեմ լինելու այլեւս։ Ու էդպես կարող եմ կորցնել իմ հենվելու կետը․ չեմ կարող կանգնել փուչ բանի վրա։ Ուրիշների համար, այդ թվում մտերիմների, գուցե անհասկանալի դիրքորոշում, վերաբերմունք է։
Ինչպե՞ս է ձեւավորվել այդ հենվելու կետը։ Ի՞նչ է հիմքում։
Ես ընտանեկան ջերմության մեջ եմ մեծացել․ չի եղել խնդիր, բռնություն, բաժանում։ Ես միշտ օրգանիկ ընտանիքի մոդելի կրողն եմ եղել, որը 49 տարի այդպես ամեն օր նույն ձեւ առաջ է գնում։ Իմ իդեալները հենց այդ ընտանիքի մոդելի վրա են կառուցվել, որոնք չեն տեղավորվում այսօրվա մեջ։
Ի՞նչ է այսօր։
Այսօր մարդիկ շատ պարզ են, շահամոլ ու շատ ավելի ցուցամոլ։ Ես տեսնում եմ՝ չեն շփվում իրար հետ, չեն խոսում, «գրվում» են իրար հետ, ուրիշների հետ զուգահեռ՝ առանց մտածելու։ Գուցե պարզ է հնչում, բայց զգացական մակարդակում մարդկային նման հարաբերություններն ապտակում են, ու սկսում ես կոնֆլիկտ ունենալ ինքդ քեզ հետ։ Իմ ունեցած այդ օրգանիկ մոդելը եւ ներկայիս իրավիճակը կարճ միացում են տալիս։ Ցավալի է։ Շատ երկար կարող եմ խոսել՝ ինչ է այսօր, ինչպես է այդ այսօրն ազդում ինձ վրա, բայց անցնենք առաջ։ Ես չեմ ուզում ցավեցնել իմ «երեխա» տեսակին։
Հայաստան-Ալեքսանդր Իրադյան հարաբերությունները։
Հրաշալի հարաբերություններ են, որովհետեւ ես Հայաստանի ամեն տվածը սիրում եմ՝ մարդկանց, հարաբերությունները, յուրահատուկ ջերմ մթնոլորտը։ Այն միջավայրն ու ջերմությունը, որ կա Հայաստանում, ուրիշ ոչ մի տեղ գտնել չեմ կարողանում։ Բայց սա հարցի մի կողմն է․ սա Ալիկ-Հայաստան հարաբերություններն են, մեր սուրճ խմելու ժամանակը։
Իրադյան-Հայաստան հարաբերություններ, որպես այդպիսին, համարյա չկան, շատ բարդ են։ Ես չեմ ուզում վիրավորվածի պես խոսել, բայց հայրենասերի նման էլ չեմ կարող․․․ Տարիներ շարունակ, ինչ դրսում եմ, մտածելու առիթ շատ եմ ունեցել, ու հիմա կարող եմ ասել՝ իմաստ չեմ տեսնում խոսել այդ հարաբերությունների մասին, որովհետեւ Հայաստանն անընդհատ գնում է «լեւի», Հայաստանի «մշակույթին անընդհատ տանում են լեւի»։
Գերմանիան քո տե՞ղն է։ Ու ընդհանրապես տեղի հաստատման խնդիր ունե՞ս։
Գերմանիայում ես ապրում եմ, հիմա իմ անկյունն է, որտեղ ես չափազանց հանգիստ եմ։ Բայց Գերմանիան չի հարցը, եթե խոսում ենք տեղի մասին․ տեղը հստակեցնելը դժվար է, որովհետեւ մարդը դեպի վերջ է գնում։ Հասկանու՞մ ես։
Չէ՛, բացատրիր։
Ամեն տեղ նույն բանն է․ մարդն ինքնահաստատվում է մեկ այլ մարդու միջոցով, պետություններն իրենց շահերն են ամրապնդում մեկ այլ պետությունով։ Օր օրի սա զգում եմ մաշկիս վրա։ Միգուցե դա միշտ է այդպես եղել, ուղղակի մենք մեծանում ենք, տեսնում ենք ավելի ակնհայտ։ Հա, մարդ մենակ է ծնվում ու շարունակում է մենակ․ ըստ բնազդի կամ իդեալի՝ պետք է գտնի մեկին եւ երկուսով շարունակեն, բայց այդ մեկն ինքը չէ, ուրեմն շարունակել մինչեւ վերջ երկուսով անհնար է։
Երաժշտությունն այս մենության կոնտեքստում․․․
Հենց դրա մասին էլ պատրաստվում էի խոսել․ ստեղծածդ դառնում է երկրորդ կեսդ, չնայած, որ հասկանում ես քեզնից է դուրս եկել՝ այսինքն արդեն մասդ էր։ Պատկերացրու, որ նույն բանն է, երբ քեզ հնարավորություն տային քեզնից ունենալու՝ նույնկերպ, նույն մտքերով, նույն անհանգստություններով։ Սեքսուալ ընթացք է։ Միշտ հաճույք ես ստանում, երբ ստեղծում ես։
Երեխա ունենալու համար պետք է պարտադիր ինը ամիս կրես ներսումդ, չէ՞։ Ես այդպես, օրինակ, երկու տարի կրում էի երեխայիս՝ բալետը, որն այս տարի գրեցի ու ղեկավարեցի Գերմանիայում։ Հիմա ինքն իր հունով առաջ է գնալու, ու ես չեմ վախենում ասել, որ այն, ինչ արել եմ՝ հանճարեղ է, որովհետեւ ես երկու տարի արյանս, նյարդային համակարգիս միջով անցկացրել եմ իրեն, միսս ու ոսկորս է եղել։
Դուրս գալ երկրից, համակարգից, միջավայրից․ առհասարակ հեռանալու մասին խոսելն ավելի հեշտ է, որովհետեւ արդեն կան արված բաներ եւ պատճառներ հեռանալու։ «Ներս մտնելու» մասին՝ սենյակ, բեմ, դահլիճ, հարաբերությունների մեջ․․․ Մղումներն ու ընթացքը ինչպե՞ս են տեղի ունենում։
«Ներս մտնել» նշանակում է ինչ-որ համակարգի մեջ մտնել։ Երբ դուռը խփում ես քո հետեւից ու դուրս ես գալիս, ճանապարհները շատ են․ կարող ես գնալ ուղիղ, աջ, ձախ, հետո էլի աջ, իսկ ներս մտնելը միշտ ուղղորդված է։ Մտար ու պետք է առաջնորդվես սլաքով։ Մտածել ու հիմա էլ եմ մտածում սրա մասին՝ արդյոք «ներս մտնելը» ստրկանալուն հավասար մի բան չի, արդյոք քեզ զոհելու պրոցեսը չի։
Այլ ելք, ազատվելու միջոց կա՞։
Վաղ, թե ուշ բոլորս էլ ազատվում ենք դրանից․ մեռնում ենք։
Ինչքան էլ ազատ ու ազատամիտ լինես, մեկ է, հասկանում ես՝ համակարգի մաս ես, որտեղ ունես ազատություն, բայց ունես հատուկ ձեւով գրված՝ «ազատության
կանոնադրության» համաձայն։ Ես պատրաստ եմ դրան, գիտեմ ինչ է։
Գուցե տասը տարի հետո ասեմ, որ ես դարձա այդ համակարգի զոհը, կամ հերքեմ այն, ինչ հիմա եմ ասում, բայց ասա, որ բոլորս էլ վանդակի մեր մի անկյունն ենք գտնում։ Կախված մեր դիրքից՝ տարածության մասշտաբները տարբերվում են, բայց դրանից ճաղերը չեն անհետանում, ուղղակի տեսանելի չեն։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել