
Սամցխե-Ջավախքի անտառում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել. արդեն այրվել է 12 հա անտառ
Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել հանգցնել:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնապես դիմել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն` որպես զինված ուժերի հրամանատարի, խնդրելով Վրաստանի զինված ուժերի աջակցությունը հրդեհի հանգցման գործընթացում: Բարդ ռելիեֆի, քամու ու չոր եղանակային պայմանների պատճառով օգոստոսի 20-ին բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել: Այս պահի դրությամբ արդեն այրվել է 12 հա անտառ:
Նախագահ Մարգվելաշվիլին վարչապետի հետ հեռախոսազրույցում համաձայնել է հատուկ հանձնարարություն տալ զինված ուժերի ջոկատներ հրդեհի վայր ուղարկելու համար: Վաղը նախագահի առաջարկը քննարկելու է նաև Վրաստանի խորհրդարանում` Քութայիսում կայանալիք արտահերթ նիստին:
Դաբա գյուղի մոտակայքից սկսված հրդեհը մարելու համար օգոստոսի 22-ի երեկոյան դեպքի վայրում աշխատել է ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանային ոստիկանության 2 ուղղաթիռ, այնպես էլ թուրքական 2 ուղղաթիռ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության 1 ուղղաթիռ, 400 փրկարար, Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ ջոկատայիններ: Հիշեցնենք, որ Հայաստանից Վրաստան է ուղևորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ (ընդհանուր՝ 57 հոգանոց անձնակազմով), որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ: Բելառուսից ևս մեկ ուղղաթիռ է ուղևորվել Վրաստան:
Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկը հատուկ պահպանվող տարածք է, երկրի ամենամեծ ազգային պարկերից մեկն է, ներառում է 6 վարչական շրջան, ձգվում է Բորժոմ առողջարանային քաղաքից մինչև Խարագաուլի քաղաք։
Մեկնաբանել