HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ստարտափ. Triple-E՝ լրացված իրականություն հիմա կարող են ստեղծել բոլորը

Մանե Գևորգյան

Triple-E-ի հարթակը թույլ է տալիս ցանկացած մարդու՝ նույնիսկ առանց տեխնոլոգիական գիտելիքի, իր մոբայլ սարքավորումով ստեղծել augmented reality՝ լրացված իրականություն՝ պարզապես հաճույքի կամ որևէ արտադրանք գովազդելու համար։

Augmented Reality-ն (AR) շրջապատող միջավայրին տալիս է թվային ինտերֆեյս՝ վիրտուալ առարկաները տեղափոխելով իրական կյանք, իրական ժամանակում։ 

Ավելի պատկերավոր` Triple-E-ի աշխատասենյակում մի պահ իրական փղեր էին շարժվում. ստարտափի ղեկավարն իր հեռախոսը պահեց թղթի վրա, որի վրա փիղ էր պատկերված, իսկ այն կարծես իրական դարձավ՝ իր գույներով ու ամբողջ ծավալով և սկսեց շարժվել։ Այս ամբողջ գործընթացը կոչվում է Augmented Reality։

Triple-E-ի միջոցով AR ստեղծելը Facebook-ում գրառում կատարելու պես հեշտ և պարզ է, ընդամենը 3 քայլ՝ ընտրում ես պատկերը, ավելացնում քո բովանդակությունը տարբեր ձևաչափով՝ ձայնագրություն, տեսանյութ, 3D մոդել և, վերջապես, հանրայնացնում։ Այսինքն՝ եթե դու, օրինակ, հեռախոսդ պահում ես որևէ թիրախային նկարի վրա, հետո բազայից ընտրում որևէ բովանդակություն, օրինակ` ինչ-որ տեսանյութ ու հրապարակում Triple-E հարթակում, ապա մեկ այլ օգտատեր, որն ունի նույն թիրախային նկարից, կարող է վրան պահել իր հեռախոսն ու տեսնել արդեն ստեղծված տեսանյութը։

Աշխարհում շատ ընկերություններ այժմ օգտագործում են AR-ը՝ որպես գովազդային արշավները տարածելու և ավելի գրավիչ դարձնելու միջոց։ Բայց պետք է հաշվի առնել, որ AR ստեղծելու համար որոշ կազմակերպությունների դիմելու կամ այլ գործիքներ օգտագործելու դեպքում այն շատ թանկ է արժենում, ու այդ գործընթացը շատ երկար է տևում։ Triple-E-ն լուծում է այդ խնդիրն ու AR ստեղծելը հասանելի դարձնում բոլորի համար։

Triple-E-ն ձևավորվել է 2016 թվականի մարտին։ Չորս համահիմադիրները հանդիպել և ծանոթացել են IBM ISTC Startup Challenge աքսելերացիոն ծրագրի շրջանակում։ Վերջինս ստարտափին ապահովում է անհրաժեշտ միջոցներով, օգնում է կապեր հաստատել ու նաև տրամադրում է խորհրդատվություն։

Ստարտափի համահիմնադիր և ղեկավար Արյան Բեհզադին Իրանից Հայաստան էր եկել այլ նպատակով, սակայն, նոր ծանոթությունների շնորհիվ, որոշել է մնալ և իր գաղափարն իրականացնել հայ երիտասարդների հետ։

Մրցակիցների նկատմամբ Triple-E-ի առավելությունները շատ են։ Այն դեռ միակն է, որ հասանելի է մոբայլ տարբերակով։ Բացի այդ, Triple-E-ն շատ նման է սոցիալական ցանցի։ Մյուս հարթակներն ունեն բովանդակություն ստեղծելու և հավաքելու խնդիր։ Օրինակ՝ մարդիկ շատ են օգտագործում Facebook-ը, որովհետև այնտեղ հավաքված բովանդակություն կա։ Triple-E-ն էլ իր հերթին AR-ներ ստեղծելու և տարածելու տիրույթ է։ Ինչպես Instagram-ում մարդիկ պարզապես նկարներ են տեղադրում ու հավանում մյուսների նկարները, այնպես էլ այս հարթակում կան հավանելու, ծանուցումներ ստանալու, մյուսներին հետևելու հնարավորություններ։ Այն, ինչպես մյուս սոցիալական հարթակները, տրամադրում է վիճակագրական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է դիտել AR-ը, նրանց սեռը, տարիքն ու աշխարհագրական վայրը` որտեղից դիտել են։

Triple-E-ն ունի հատուկ հնարավորություն պրոֆեսիոնալ օգտատերերի համար՝ 3D արտիստները կարող են վերբեռնել իրենց աշխատանքներն այս հարթակում ու դրանք տեսնել AR տարբերակով։ Օրինակ, ինչ-որ ճարտարապետ իր նախագծած շենքի մակետը վերբեռնում է հարթակում ու այն տեսնում իրական չափերով։ Triple-E-ն նաև ունի հատուկ մաս՝ 3D ցուցասրահ, որտեղ մարդիկ կարող են տեսնել 3D արտիստների պատրաստած աշխատանքներն ու գնել դրանք։ Յուրաքանչյուր գնումից ստարտափը որոշակի գումար է գանձում վաճառողից։

Triple-E-ում գրանցվելիս նշում ես՝ արդյոք սովորական օգտատեր, թե որևէ ընկերության ներկայացուցիչ ես։ Առաջին դեպքում հավելվածն անվճար է, իսկ երկրորդ դեպքում, երբ այն օգտագործվում է գովազդային նպատակով, ամսական գանձվում է 5 դոլար՝ յուրաքանչյուր AR-ի համար։ Օգտատերը վճարում է նաև այն ժամանակ, երբ իր AR-ը ստեղծելիս ցանկանում է օգտագործել որևէ 3D արտիստի աշխատանք։ Անհրաժեշտության դեպքում կա նաև հատուկ վճարովի ծառայություն, որի դեպքում օգտագործողին տրամադրվում է արդեն պատրաստի բովանդակություն՝ AR ստեղծելու համար։ Եթե օգտատերը չի ցանկանում օգտագործել AR-ը ստեղծելու ու հետո մյուսների հետ կիսելու հնարավորությունը, ապա կարող է ներբեռնել առանձին հավելվածը, որն ընդամենը հնարավորություն է տալիս դիտելու հարթակում հրապարակված AR-ները։ Պետք է նկատի ունենալ, որ AR-ը ցանկացած մակերևույթի դեպքում չի աշխատում, սակայն գովազդային նպատակով օգտագործվող բոլոր վիզուալ պատկերները հնարավոր է դիտարկել որպես AR թիրախային նկար, որովհետև ունեն, օրինակ, բավականաչափ կոնտրաստային գույներ։

Թիրախային օգտագործողների շրջանակը մեծ է, որովհետև, ի տարբերություն մյուս AR գործիքների, այն նախատեսված է ցանկացած տարիքի և ոլորտի օգտատիրոջ համար։ Արյանն ասում է. «Մեր թիրախը մեր հաճախորդներն են՝ մեզ հետ աշխատող բոլոր կազմակերպություններն ու ընկերությունները, որոնք էլ իրենց հետ բերում են մեր օգտագործողներին։ Այսինքն՝ ինչ-որ ընկերություն Triple-E-ով ստեղծում է իր AR-ն ու մարդկանց տեղեկացնում, որ, օրինակ, իրենց նոր գովազդային արշավը ստեղծել են մեզ հետ համատեղ, ու այն տեսնելու համար պետք է ներբեռնել Triple-E-ի հավելվածը։ Այսինքն՝ մեր հաճախորդը անմիջական ազդեցություն է ունենում մեր օգտատերերի շատացման հարցում։ Հիմա դեռ բոլորը չէ, որ գիտակցում են AR-ի կարևորությունն ու անհրաժեշտությունը, հետևաբար մեր հաճախորդների հետ միասին մենք էլ ենք անում ամեն ինչ իրենց գովազդային արշավը տարածելու համար»

Շուտով կլինեն նաև միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափի հեղինակները մանրամասն կներկայացնեն AR-ի դերն ու հույս ունեն, որ ինչ-որ ժամանակ անց հավելվածն այնքան հայտնի կդառնա, որ շատերն այն կօգտագործեն որպես սոցիալական հարթակ. կներբեռնեն, կստեղծեն իրենց էջն ու մշտապես կհետևեն իրենց հետաքրքրող ընկերությունների կամ անհատների գործունեությանը։ Հիմա արդեն կան հայկական ընկերություններ, որոնք աշխատում են Triple-E-ի հետ, իսկ հիմնադիրներն արդեն պատրաստվում են դուրս գալ միջազգային շուկա՝ սկսելով Նիդերլանդներից, Գերմանիայից և Իսպանիայից։

Triple-E-ն հասցրել է մասնակցել մի շարք մրցույթների։ Հաղթել է Smarter Armenia Hackathon-ում, եղել է STEP 2016-ի «Գաղափարից դեպի շուկա» մրցույթի 5 հաղթողներից մեկը։ Վերջինիս ժյուրիի անդամ, հոլանդական Crosspring ինկուբատոր ընկերության հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին մրցույթից հետո որոշել է ներդրում կատարել ստարտափի զարգացման մեջ։ 2017 թվականի հուլիսին կայացած Sevan Startup Summit-ի ժամանակ ստարտափն արժանացել է Menu.am-ի հատուկ մրցանակին ու ստացել 5000 դոլար մրցանակ։

Հիմա թիմն ակտիվ աշխատում է հավելվածը զարգացնելու, առաջիկայում նոր կայքը հրապարակելու, ինչպես նաև նոր գործառույթներ ավելացնելու ուղղությամբ։

Լուսանկարները՝ Triple-E-ի

Մեկնաբանություններ (1)

Կարպիս Եսայեան
Միայն, գլխագիր ԿԵՑՑԷ՛:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter