HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դուք իսկապես չեք ուզում, որ այս նիստը առաջ գնա». հանրային պաշտպան

Ամալյա Մարգարյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 18 անդամների գործով դատական նիստը: Նիստի ընթացքում դատարանում հրապարակվեցին արձակուրդ մեկնած փաստաբանների դիմումները, որից հետո նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ փաստաբան Մոնիկա Մարգարյանը գրություն է ուղարկել դատարան, ըստ որի՝ իր պաշտպանյալներ Թաթուլ Թամրազյանը և Տիգրան Մանուկյանը հրաժարվում են իր ծառայություններից:

Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարեց, որ փաստաբանների՝ արձակուրդի մեջ գտնվելը խոչընդոտ է նիստը շարունակելու համար: Փաստաբանը ներկայացրեց նիստը հետաձգելու միջնորդություն:  «Սա պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում է»,-հայտարարեց Լ. Սիմոնյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ դիմելով փաստաբանին, ասաց. «Դուք 4-5 անգամ  ներկա չեք եղել, բայց դատարանը նիստ է արել՝ հաշվի առնելով, որ17 հոգի ներկա է եղել»: Դատարանը գտավ, որ գործողությունների մեջ որևէ խախտում չկա:

«Դատավոր Գաբրիելյանը գուցե խախտում չի գտնում, բայց ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ պաշտպանի բացակայության պարագայում, եթե հնարավոր չէ նրան փոխարինել այլ պաշտպանով, նիստը հետաձգվում է»,-հայտարարեց փաստաբան Սիմոնյանը:

Նիստը հետաձգելու միջնորդությանը միացավ փաստաբան Նինա Կարապետյանցը․ «Դատական նիստին պետք է ներկա լինեն կամ պաշպանները, կամ ամբաստանյալները: Եթե նրանք ներկա չեն, հետևաբար պետք է նիստը հետաձգել»։ 

Դատարանը հայտնեց նաև, որ այսօրվա նիստին պատրաստվում են նոր թարգմանիչ ներգրավվելու հարցը բարձրաձայնել, որին ի պատասխան՝ փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց. «Գտնու՞մ եք, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սխալ է, և դուք պետք է փոխե՞ք օրենսգիրքը: Գործի քննությունը հետաձգվում է, եթե պաշտպանին այլ պաշտպանով փոխարինելու հնարավորություն չկա: Ո՞ւմ համար եք թարգմանիչ ներգրավում, եթե պաշտպանյալը դատարանում չէ: Պետության փողերը վատնում եք, որ ի՞նչ լինի»,-ասաց Լ.Սահակյանը: Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ:

Դատավորը մերժեց միջնորդությունը, որից հետո Լիպարիտ Սիմոնյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ այս անգամ ինքնաբացարկ հայտնելով դատավորին:  «Դուք շահագրգռված եք սույն գործի ելքով և պաշտպանական իրավունքի խախտումով»,-հայտարարեց Սիմոնյանը: Ինքնաբացարկի միջնորդությանը միացավ փաստաբան Նինա Կարապետյանցը․ «Ինձ մոտ տպավորություն է, որ դատավորի, դատախազի և մեր՝ հասարակ մահկանացուներիս, Քրեական օրենսգիրքը տարբեր է, մենք տարբեր օրենքներով ենք շարժվում: Ձեր գործողությունները հակասում են օրենքին»:

Միջնորդությանը միացավ փաստաբան Հարություն Բաղդասարյանը, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ  այսուհետև չի մասնակցելու նիստերին, քանի որ դատավորը խախտում է ամբաստանյալների պաշտպանության իրավունքը և փաստաբանների իրավունքը:

«Բացի այդ մի միջնորդություն ներկայացնելու համար էի ներկա, որ իմ պաշտպաններին վերադարձնեք նիստերի դահլիճ: Իմ պաշտպանները չեն լիազորել առանց իրենց ներկայության ներկա գտնվել նիստերին: Ես չեմ շարունակելու այս դատական նիստին ներկա գտնվել մինչև դատարանը չապահովի բոլորի իրավունքները և առաջնորդվի Քրեական դատավարության օրենսգրքով»,- հայտնեց փաստաբանը և դուրս եկավ նիստերի դահլիճից:

Հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանը ևս միացավ ինքնաբացարկի միջնորդությանը և հայտնեց, որ նիստը պետք է հետաձգվի․ «Կարծում եմ այս դատական նիստին գոնե փաստաբանների մեծ մասը ներկայացել էր, որպեսզի կարողանանք դատավարական գործողություններ կատարել, մինչդեռ տպավորությունն այնպիսին է, որ դուք իսկապես չեք ուզում, որ այս նիստը առաջ գնա և արհեստական արգելքներ եք ստեղծում»:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter