
Նորավանք եւ Տաթեւ (ֆոտոպատմություն)
Վահե Սարուխանյան
Հայաստանը ներքին եւ ներգնա զբոսաշրջիկներին առաջարկում է տուրիզմի տարբեր ուղղություններ, սակայն առավել լայն ճանաչում ունեն էկոտուրիզմը եւ մշակութային տուրիզմը: Թերեւս չենք սխալվի, եթե ասենք, որ մշակութային տուրիզմի ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում մշակութային հուշարձանների ցուցադրությունը, իսկ դրանց շարքում առանձնանում են հատկապես եկեղեցիները: Միջնադարյան այս կառույցները հանդիպում են ամբողջ երկրի տարածքում եւ ավելի լավ են պահպանված (մի մասը, բնականաբար, ժամանակի ընթացքում վերանորոգվել, վերակառուցվել է), քան աշխարհիկ շինությունները: Այլ կերպ ասած՝ ինչից շատ ունենք, դա էլ ցույց ենք տալիս:
Նորավանքը եւ Տաթեւի վանական համալիրը Հայաստանի ամենահայտնի տուրիստական կետերից են, որոնք զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն իրենց ճարտարապետությամբ, պատմական նշանակությամբ, այլեւ շրջակա բնությամբ:
Նորավանքը 12-14-րդ դարերի վանական համալիր է (հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած եկեղեցիների տարածքում), գտնվում է Վայոց ձորի մարզի նախկին Ամաղու գյուղի հարեւանությամբ: Ժամանակին եղել է Սյունիքի հոգեւոր կենտրոնը, Օրբելյանների տոհմի տապանատունը:
Վանքի երկու հիմնական կառույցներն են Ս. Ստեփանոս Նախավկա գլխավոր եկեղեցին (լուսանկարում՝ աջից) եւ Բուրթել իշխանի երկհարկ Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցին (ձախից): Վերջինիս ճարտարապետն ու քանդակագործը հայտնի Մոմիկն է:
Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու մուտքը նրան կից գավիթից է, որը նաեւ Օրբելյանների իշխանական տան ու վանքի հոգեւորականների տապանատունն է:
Գավիթի առաստաղն ու պատերը պատկերազարդված են տարբեր տեսարաններով ու նախշաքանդակներով:
![]() |
![]() |
![]() |
![]() |
Համալիրը գտնվում է Արփայի վտակ Գնիշիկ գետի կիրճում՝ շրջապատված լեռներով: Այս տարածքը հայտնի է իր քարանձավներով:
Եթե Նորավանքը կարելի է համարել Վայոց ձորի գլխավոր հոգեւոր զարդը, ապա Սյունիքում նույնը պետք է ասել Տաթեւի մասին: Վանք եւ համանուն գյուղ հասնելու լավագույն տարբերակներից մեկը ճոպանուղին է, որը բացվել է 2010-ին, շինարարությունը տեւել է ընդամենը 10 ամիս, ինչը ռեկորդ է համարվում: Իսկ գլխավոր ռեկորդը երկարությունն է՝ 5752 մ երկարությամբ «ՏաԹեւեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղի: Ունի երկու խցիկ եւ երկու կայարան՝ Հալիձոր եւ Տաթեւ գյուղերում, որոնց միջեւ «երկնային ճամփորդությունը» տեւում է 12 րոպե:
Ճոպանուղուց, ինչպես ափի մեջ, երեւում է Հալիձոր գյուղը:
Ճոպանուղու ամենաբարձր կետը 320 մ է: Այն անցնում է Որոտան գետի կիրճի վրայով: Այս կիրճի ոլորաններով ձգվում է Հալիձոր-Տաթեւ ավտոճանապարհը, որի ամենացածր կետը հայտնի Սատանի կամուրջն է: Վերեւից կարելի է տեսնել նաեւ 17-18-րդ դարերի Տաթեւի Մեծ անապատ վանական համալիրը:
![]() |
![]() |
Ճոպանուղու առկայությունը զարկ է տվել տուրիզմի զարգացմանն այս տարածաշրջանում եւ հատկապես Տաթեւ գյուղում: Խոսքը ոչ միայն զբոսաշրջիկներին առաջարկվող ծառայությունների մատուցման եւ առեւտրի մասին է, այլեւ հենց ճոպանուղում բացված աշխատատեղերի: Օրինակ՝ այս ժպտերես ուղեկցորդուհին տաթեւցի է:
Տոմսի համար վճարվող գումարները (մեկ ուղղությունը՝ 3500 դրամ, հետադարձով՝ 5000) ներդրվում են Տաթեւի վանքի բարեկարգման աշխատանքների համար, որոնք այս պահին էլ ընթացքում են: Վանքի ամենահին եկեղեցին թվագրվում է 4-րդ դար, իսկ գլխավոր կառույցը՝ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, 9-10-րդ դար: Այստեղ են ամփոփված Պողոս եւ Պետրոս առաքյալների մասունքները:
13-րդ դարում կառուցված զանգակատունը, ինչպես վանքի մյուս կառույցները, ավերվել է 1931-ի երկրաշարժից: Մինչ օրս չի վերականգնվել իր նախկին տեսքով, ներկայում առկա է միայն դրա հիմքը, սակայն այն կատարում է գլխավոր գործառույթը՝ զանգը կանչում է:
![]() |
![]() |
Լուսանկարներում վանքի երկու բրոնզաձույլ զանգերն են՝ պատրաստված 14-րդ դարում: Մեկն առ այսօր հնչում է, երկրորդը ծառայում է որպես ցուցանմուշ: Տաթեւի վանքը եղել է ոչ միայն կրոնական, այլեւ մշակութային, քաղաքական-հասարակական կենտրոն, եւ այստեղ տեսնելու շատ բան կա:
Տաթեւի յուրօրինակ հուշարձաններից մեկը 10-րդ դարի ճոճվող գավազանասյունն է, որն ունի 8 մ բարձրություն: Դրա կառուցման նպատակի վերաբերյալ մեկից ավելի վարկածներ կան: Ըստ մի տարբերակի՝ ճոճվելով սյունը զգուշացրել է երկրաշարժի կամ մոտեցող զավթիչ բանակների մասին: Այն կապվում է նաեւ Օրիոն (Հայկ) համաստեղության հետ: Մի ավանդույթի համաձայն էլ՝ ասպատակող սելջուկները, ճոճվող սյունը տեսնելով, սարսափել ու նետվել են ձորը՝ գավազանը «սատանայի աշտարակ» անվանելով:
![]() |
![]() |
Վանքում ամեն ինչ ունի իր առանձին պատմությունը, այդ թվում՝ այս փորագրված փայտե դռները:
![]() |
![]() |
Տաթեւի վանքի ամենահայտնի գործիչը, թերեւս, Գրիգոր Տաթեւացին է (1346-1409 թթ.), որին Հայ Առաքելական եկեղեցին դասել է սրբերի շարքը: Աստվածաբան, փիլիսոփա, դասախոս, նկարիչ Տաթեւացու դամբարանը կից է Ս. Պողոս-Պետրոս տաճարին եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու (13-րդ դար) մուտքին: Դամբարանի մուտքը տաճարի ներսից է, սակայն ճաղավանդակով փակ է:
![]() |
![]() |
Զանգեզուրի ինքնապաշտպանության տարիներին (1919-1921 թթ.) Տաթեւը Գարեգին Նժդեհի ղեկավարած ուժերի գլխավոր հենակետերից մեկն էր: Վանքի սենյակներից մեկը հայտնի է Նժդեհի անունով (ներքեւում):
![]() |
![]() |
Ինչպես Հայաստանի շատ այլ բնական ու պատմական-մշակութային հուշարձաններում, այստեղ էլ կարելի է տեսնել «սիրուց խենթացածների» անճոռնի հետքերը (վերեւի լուսանկարում):
Տաթեւի վանքի եկեղեցիները, խցերը, ձիթհանը, պարիսպը, գաղտնուղիները, մնացած շինությունները, խաչքարերն ու այլ հուշարձանները թեկուզ մակերեսային ուսումնասիրելու համար ժամեր են պետք: Իսկ ավելի լավ է այստեղ գալ եւս մի քանի անգամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել