HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քրտնում էինք ժամերով մարդ ծեծելուց… իսկ հիմա Եվրոպան քանդեց մեր երկիրը»

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Ընկերս Իտալիայից նոր է վերադարձել: Մի քանի օր առաջ խոսեցինք հեռախոսով, պատմեց տեղի մի միջնադարյան ամրոցի մասին: Ասաց, որ ամրոցի նկուղում զնդան կա, որտեղ պահել են ազատազրկվածներին: Իսկ նրանք պատերին հին գրառումներ, նույնիսկ նկարներ են թողել: Պատմեց պատի վրա նկարված շախմատի «տախտակի» մասին: Ընկերս ասաց՝ շատ ծանր ապրումներ է ունեցել նույնիսկ մի քանի րոպե այդ զնդանում լինելուց:

Բայց Եվրոպան միջնադարից հետո արագ սթափվեց, իսկ մենք դեռ միջնադարյան բանտում ենք:

«Նուբարաշեն» բանտի ժամանակակից զնդանն այժմ թեպետ 5-րդ հարկում է, բայց ներկայիս «կոմսերի» ու «բարոնների» հլու հնազանդ ծառա բանտապահներն ու պատիժների կիրառմանը հետևող դատախազները միջնադարյան դահիճներից էլ վատ են վարվում ոչ միայն բանտարկյալների, այլ նաև մեր ընտանիքների հետ:

Օրեր առաջ զբոսախցում պատից պատ քայլելիս լսեցի կողքի զբոսախցում գտնվող ցմահ բանտարկյալների զրույցը: Հասկացա, որ նրանցից մեկը մանկահասակ երեխա ունի: Երեխան առողջական խնդիրների հետ կապված մոր հետ պետք է արտասահման մեկնի բուժման նպատակով: Մեկնելուց առաջ ցանկացել է տեսնել երեխային: Մերժել են`ասելով, որ այս տարի արդեն օրենքով սահմանված մեկ երկարատև տեսակցությունն արդեն ունեցել են: Այս միջնադարյան բանտապահները անտեսում են անգամ օրենքի պահանջը, որն ասում է`նվազագույնը մեկ երկարատև տեսակցություն:

Չեմ կարող չհիշել իմ ընկերոջը՝ թուրքի արմնկին կրակելու համար մահապատժի դատապարտված Սողոմոնին: Նրա դուստրը նույնպես տարին 1 անգամից ավելի չէր կարողանում տեսնել հորը: Իսկ մորը կորցնելուց հետո, մենակ մնալով՝ 18 տարեկան աղջնակն ինքնասպան եղավ:

Մի խումբ ցմահ դատապարտյալներ վերջերս դիմել են արդարադատության նախարարին, որ վերանայվի այս անմարդկային մոտեցումը, որով կրկնակի պատժում են թե՛ բանտարկյալներին, թե՛ մեր ընտանիքներին: Դիմումով պահանջվել է, որ կիրառվեն գոնե օրենքով նախատեսված լրացուցիչ տեսակցություններ: Իսկ անձամբ ես տեսակցությունների վերաբերյալ դիմել եմ դատարան, և այս հարցը իմ առաջիկա նամակներում կլուսաբանեմ:

Մարդկանց տեսակցությունների հարցում «օրինականություն են խաղացնում», թե տեսե՛ք-տեսե՛ք ուզում են օրենքով սահմանափակեն, որ իբր կոռուպցիոն ռիսկեր չլինեն: Բայց գլխավոր դատախազությունը աչք է փակում տասնյակ տարիներ շարունակվող բանտարկյալների կարիքների համար սահմանված որոշ սննդատեսակներ ու չափաբաժիններ չտրամադրելու վրա:  22-րդ տարին՝ ընտանիքս է ստիպված ապահովում իմ սննդի հարցը, որի մասին գրել եմ:

…Իմ ականջներով լսածն եմ ասում, ինչին ակամա ունկնդիր եղա, երբ համակարգի երկու պաշտոնյա քննարկում էին տեսակցությունների հարցը: Մեկը մյուսին ասում էր.

-Բա՛ երանի չէր մենք մեր կանանց տարին մեկ տեսնեինք:

Համակարգն ինքն իրենով չի հիվանդանում: Բարդույթավորված աշխատակիցներն են իրենց նման համակարգն էլ հիվանդ դարձնում: Չարությամբ լցված լինելու փոխարեն` ավելի լավ է ծանոթանան այս հարցի վերաբերյալ միջազգային կարգավորումներին, այդ թվում ՄԻԵԴ-ի նախադեպերին: Ահա մի քանիսը:

Ինչպես տեսակցությունների տրամադրման հիմքերը, այդպես էլ վերջիններիս անցկացման պայմանները անմիջականորեն արտահայտում են դատապարտյալների ընտանեկան և անձնական կյանքի վերաբերյալ իրավունքների իրականացումը` համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի: Յուրաքանչյուր սահմանափակում պետք է հիմնված լինի օրենքի վրա, հետապնդի մեկ կամ մի քանի օրինական նպատակներ, որոնք թվարկված են Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետում, և, բացի այդ, տեսակցությունների սահմանափակումը պետք է հիմնավորված լինի որպես «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում» (որոշում Moiseyev v. Russia,№ 62936/00, §246, 9 հոկտեմբեր 2008): Սրա հետ մեկտեղ Եվրոպական Խորհրդի Հանձնարարականի 22 կետում  Rec (2003) բանտի վարչակազմի կողմից ցմահ ազատազրկվածների ղեկավարման վերաբերյալ նշված է, որ ցմահ ազատազրկվածներին պետք է տրամադրել առավելագույն քանակով տեսակցություններ և հարազատների հետ շփման առավելագույնս առանձնացված պայմաններ:

ՄԻԵԴ-ն՝ իր նախադեպային որոշումներում (օրինակ`§44, Trosin v. Ukraine, no. 39758/05) արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «…թույլատրելի չէ, երբ օրենսդրության կամ ներքին կանոնակարգին հղում անելով, մեխանիկորեն սահմանափակվում է ցմահ դատապարտյալի տեսակցությունների քանակն ու երկարությունը, և այդ սահմանափակումները չեն նախատեսում ճկունություն`պարզելու համար` արդյոք համապատասխան էին և իրապես անհրաժեշտ նման կոշտ սահմանափակումները տվյալ անձի պարագայում, նույնիսկ եթե դրանք կիրառվել են պատժի առավելագույն չափին, դատապարտվածի նկատմամբ օրենքի համաձայն: Դատարանը գտնում է, որ այս հարցերի կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց ճկուն մեխանիզմների, և պետությունները պետք է զարգացնեն տեսակցությունների սահմանափակման համաչափության գնահատման չափորոշիչները, ինչն էլ իշխանություններին թույլ կտա հավասարակշռել անհատական և հանրային պահանջմունքները և հաշվի առնել յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները (կետ 42)»:

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի զեկույցում (կետ 92,  2009թ. Ուկրաինա այցի վերաբերյալ) ասված է. «Ցմահ ազատազրկվածներին երկարատև տեսակցությունների արգելքը պետք է հիմնված լինի միայն անհատական ռիսկերի գնահատման վրա և պետք է գործադրվեն հատուկ ջանքեր` ցմահ դատապարտյալների ընտանեկան կապերի թուլացումը, խզումը կանխելու համար»:

Այս հոդված-նամակս գրելուց առաջ, երբ բանտապահն ինձ բերում էր պարապելու սենյակ, լսեցի՝ նրա ու մի բանտարկյալի զրույց.

-Երբ ես գաղութում էի աշխատում սովետի ժամանակ, քրտինքը մեր վրից թափում էր` ժամերով ծեծելուց, ձեռներս հոգնում էր արդեն, բայց հիմա էլ չենք կարա բանտարկյալի վրա ձեռք բարձրացնենք` Եվրոպան քանդեց մեր երկիրը:

Բանտարկյալը, ում անմիջապես պատմում էր այս մասին, չդիմացավ.

-Այ էդ նույն ձևով քեզ ա պետք ծեծել: Հլը մի հատ էլ կանգնել ես ու պատմում…

Ես միջամտեցի, որ բանը բանից չանցնի: Երբ ինձ բերեց պարապելու սենյակ, մի հինգ րոպեի մեջ փորձեցի բացատրել, որ հենց Եվրոպայի շնորհիվ է, որ ոստիկանության բաժանմունքներում ծեծ ու ջարդի միջոցով ցուցմունքներ կորզելու դեմը գոնե մի փոքր առնվեց, հենց Եվրոպայի շնորհիվ է, որ իր նմանները էլ չեն քրտնում մարդկանց ժամերով ծեծելուց: Բայց, կարծես, ինքն իր համոզմունքին մնաց…

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter