HY RU EN

Արաքս Մամուլյան

«Խնդիր էր դրված ինձ ձերբակալելու, ձերբակալեցին»,- դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր «իգլայի» և փողերի լվացման վերաբերյալ դատարան նիստին Սամվել Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունեց, իսկ նրա մարտական  ընկեր Սանասար Կարապետյանը, ըստ էության, հեքիաթ որակեց իրենց առաջադրված մեղադրանքը:

«Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկ ասողին, մեկ՝լսողին, մեկ...»,- ասաց Կարապետյանը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանն այսօր ամբողջությամբ ավարտին հասցրեց  գործով անցնող  7 ամբաստանյալների վերաբերյալ մեղադրանքների ընթերցումը:

Մասնավորապես`ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիս ամսին Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող իր մտերիմ Sիգրան Հարությունյանի՝ գործով դեռևս չպարզված ծանոթներն ունեն հափշտակված, ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով, ըստ մեղադրանքի,  Սամվել Բաբայանը դիմել է Երևանի բնակիչ Կարեն Քոչարյանին, որը համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում:

Սամվել Բաբայանն, ըստ մեղադրանքի, Տիգրան Հարությունյանի ծանոթներից փորձնական ձեռք է  բերել քիչ քանակությամբ մի քանի թղթադրամ, որոնք փոխանցել է Կարեն Քոչարյանին, վերջինս էլ իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին:

Ժոռա Զաքարյանն իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ՝ Սամվել Բաբայանը ձեռնամուխ է եղել թղթադրամի առաջին մեծ խմբաքանակը`2 մլն 648 հզ  180 ՀՀ դրամին համարժեք 5000 Եվրոյի Հայաստան բերելու գործին:

Ըստ մեղադրանքի` Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ, իր ծանոթ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին, այն բանից հետո, երբ թղթադրամը փոխանցվել է Դավիթ Հարությունյանին, վերջինս ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է,  իսկ  թղթադրամն՝առգրավվել:

Ինչ վերաբերում է «Իգլայի»  վերաբերյալ հոդվածին, ապա, ըստ մեղադրանքի՝  Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, իր ընկեր Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր:

Ըստ մեղադրանքի`Սանասար Կարապետյանը Իգլայի տեղափոխման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռոբերտ Ա.-ի ( վերջինս այս գործի շրջանակներում Վրաստանում ձերբակալված անձն է, ով դեռևս Հայաստանի Հանրապետությանը չի արտահանձնվել)  հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի՝ 2017 թվականի մարտ ամսին Ռոբերտ Ա.-ն Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն Հայաստան է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում:  Նշենք, որ ըստ գործի նյութերի՝ Սանասար Գաբրիելյանի ցուցումով Հրաչյա Մայիլյանն ու Արմեն Պողոսյանը ռազմամթերքը նկարել են և լուսանկարը ցույց տվել Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, որ  խոստացել է Գաբրելյանին  50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, ինչպես նաև  հանձնարարել  ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:

Սակայն Հրաչյա Մայիլյանն, ըստ գործի նյութերի, 2017 թվականի մարտի 22-ին ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Մայիլյանի նկատմամբ  «իգլայի» գործով  քրեական հետապնդում չի իրականացվել:

Այսպիսով՝ վերը շարադրված արարքները կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը), Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը սոսկ ենթադրությունների տեքստ է:

«Ես չեմ կարող ինձ մեղավոր ճանաչել այդ հանցագործության մեջ»,- ասաց Սամվել Բաբայանը`  ընդգծելով,  որ չնայած մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե ինքը հրաժարվել է ցուցմունք տալ՝ ինքը բացատրություններ է տվել և դատարանում նույնպես կտա:

 «Ես պատասխանատու եմ իմ ամեն արած քայլի համար: Ես բացատրություններ ունեմ տված և  կտամ: Դրանք հորինված, մտածված մեղադրանքներ են, խնդիր էր դրված ինձ ձերբակալելու, ձերբակալեցին», - ասաց Բաբայանը: Վերջինս նիստից հետո լրագրողների հարցին, թե ո՞վ Բաբայանին ձերբակալելու խնդիր ուներ, չպատասխանեց:

Արմեն Պողոսյանն ասաց, որ իր դիրքորոշումը կհայտնի դատաքննության փուլում:

Սամվել Բաբայանի մարտական ընկեր, ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը, չընդունելով մեղադրանքը, այն հեքիաթի հետ համեմատեց, հետո հիշելով կոնկրետ հեքիաթներ ու հեքիաթներին բնորոշ արտահայտություներ, ասաց. « «Լինում է, չի լինում», «Կիկոսի մահը»,- ապացույցներ պետք է լինեն»,- ասաց Սանասար Կարապետյանը:

Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը ևս դիրքորոշում չհայտնեց, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները չընդունեցին մեղադրանքը, իսկ Ժոռա Զաքարյանը նախ նշեց, թե մեղադրանքը մասնակի ընդունում է, ապա խոսքը փոխեց ու նշեց, որ դիրքորոշում չի հայտնում:

Մեղադրական եզրակացությունը հրապարակելուց հետո Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը  միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ Սամվել Բաբայանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանելու, նրա  խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ կամ մեկ այլ ՝ ազատազրկման հետ կապ չունեցող  խափանման միջոցով փոխարինելու և նրա  գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ:

Մեղադրող Արամ Արամյանը երեք միջնորդությունների դեմ առարկեց: Գույքի վրա դրված արգելանքի վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս Քալաշյանը նշեց, որ այն հոդվածները, որոնցում մեղադրվում է Սամվել Բաբայանը, որպես պատիժ չեն նախատեսնում գույքի բռնագանձում, այս քրեական գործով չի կարող առաջանալ նաև վնասի փոխհատուցման պահանջ: Ոստի, նման պայմաններում Քալաշյանը դիրքորոշում հայտնեց, որ հիմնազուրկ է Բաբայանի գույքի վրա դրված արգելանքը: Դատախազ Արամյանն,  ի պատասխան նշեց, որ այս գործով դատական ծախսերը կազմում են 1 մլն 265 հզ դրամ, և դրանով է պայմանավորված Բաբայանի գույքի վրա դրված արգելանքը:

Դատավոր Արշակ Վարդանյանը ներկայացված երեք միջնորդություններից միայն մեկը, ըստ որում՝ մասնակի բավարարեց: Խոսքը Սամվել Բաբայանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքի մասին է. դատավորը վերացրեց այս արգելքը՝ միայն  Բաբայանի հարազատներին թույլատրելով տեսակցել նրան ու հեռախոսազանգերի միջոցով կապվել հետը:

Գույքի վրա դրված արգելանքի և խափանման միջոց կալանավորումը  փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժվեցին:

Դատավորը, անդրադառնալով Բաբայանի կալանքի միջնորդության  վերաբերյալ իր որոշմանը՝ նշեց որ գործում առկա է վկա Աշոտ Շուշանյանի ցուցմունքն այն մասին, Սամվել Բաբայանը նրան ասել է՝ պետք է գնալ Վրաստան  ու կորցնել Սանոյի ( նկատի ունի ամբաստանյալ Սանասար Կարապետյանին. հեղ) ընկերներին:

Դատական նիստի ավարտին Սանասար Կարապետյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր պաշտպաններից: Հաջորդ նիստը սեպտեմբերի 4-ին է: