Ստեփանակերտում բնակարան կստանա զոհված ազատամարտիկի 91 ընտանիք
Արցախի վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել բնակարանային ծրագրերի համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը զոհված ազատամարտիկների ընտանիքներին Ստեփանակերտում բնակարաններ տրամադրելն էր:
Հարցի վերաբերյալ տեղեկություն ներկայացրեց Արցախի սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Մինչև նոր տարի զոհված ազատամարտիկների 91 ընտանիքի մայրաքաղաքում կտրամադրվի բնակարան. ընդ որում, 47 ընտանիք կստանա 1 սենյականոց բնակարան, 21-ը՝ 1,5, 20-ը՝ 2 և 3-ը՝ 3 սենյականոց բնակարան:
Բաշխումն իրականացվել է ներկայացված իրավական ակտերի հիման վրա՝ երկար ուսումնասիրություններից հետո: Բնակարանները հիմնականում կտրամադրվեն Ստեփանակերտի «Արցախ» թաղամասի նորակառույց բնակելի շենքերից, իսկ որոշ մասը՝ Սարոյան փողոցի թիվ 1 շենքից:
Թափանցիկության և սոցիալական արդարության անհրաժեշտությունից ելնելով՝ բնակարանների հատկացումը կկազմակերպվի վիճակահանությամբ առաջիկա օրերի ընթացքում:
Ամփոփելով նիստի աշխատանքը՝ Արա Հարությունյանը զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու ծրագիրը համարեց ավարտված:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանի արտոնյալ հերթացուցակում հաշվառված ևս 55 քաղաքացու առանձին մոտեցում կցուցաբերվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել