HY RU EN

Արաքս Մամուլյան

Սասնա ծռերի գործով «հարկադիր» պաշտպանների ներգրավումը շարունակվում է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով արտագնա նիստերին  դատավոր Արտուշ Գաբրիելյանը շարունակում է ամբաստանյալների իրավունքները պաշտպանելու «հիմնավորմամբ» գործողություններ կատարել, որոնք իրականում կոպիտ կերպով խախտում են այդ նույն ամբաստանյալների իրավունքները:

Այսօր 18 ամբաստանյալի վերաբերյալ դատական նիստին մի քանի պաշտպան գրություն էին ուղարկել` հայտնելով, որ իրենք այլ ծանրաբեռնվածության կամ ամենամյա արձակուրդում գտնվելու պատճառով չեն կարող ներկայանալ դատարան: Գրությամբ փաստաբանները խնդրել էին հետաձգել դատական նիստը, սակայն, ինչպես միշտ, երեք ամիս շարունակ գործը նախապատրաստման փուլից ոչ մի կերպ առաջ չտանող դատավորը շարունակեց նիստը՝ նշելով, թե նախապատրաստման փուլում պաշպանների բացակայությունը  գործի քննության համար արգելք չէ, և այդպիսով չեն խախտվում ամբաստանյալների իրավունքները:

Դատավորի այս հայտարարությունից հետո փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հետաքրքրվեց, թե դատավորի խոսքից կարելի՞ է եզրակացնել, որ ինքը ևս կարող է լքել նիստերի դահլիճը:

«Ինեսսա, ես այն պաշտպաններին եմ ասում, որոնք արձակուրդի մեջ են գտնվում կամ այլ գործով ծանրաբեռնված են»,-պատասխանեց դատավոր Գաբրիելյանը:

«Դուք ասում եք, որ պաշտպանի ներկայությունն այս փուլում պարտադիր չէ,  այդ դեպքում մենք այստեղ ժամանակ ենք վատնում և կարող ենք հանգիստ գնալ, մինչև դուք պաշտպանների ներգրավում անեք: Հիմա ես շփոթվել եկել եմ. որ դուրս գամ, սանկցիա՞ եք կիրառելու»,- հարցրեց Ինեսսա Պետրոսյանը: Դատավորը դրական պատասխան տվեց:

«Շփոթվելու համա՞ր»,- շարունակեց Պետրոսյանը:

«Այո, շփոթվելու համար»,- եղավ դատավորի պատասխանը:

Ինեսսա Պետրոսյանն ընդգծեց, որ միևնույն պայմանների առկայության դեպքում ամբաստանյալների պաշտպաններից ոմանց բացակայությունը դատավորը  թույլատրելի է համարում, ոմանց նկատմամբ` սանկցիա կիրառում:

 «Ձեր ուզածն այն է, որ գանք դահլիճ, մի փաստաբան ներկայացած չլինի, հետաձգե՞նք»,- վիճաբանությունը շարունակեց Արտուշ Գաբրիելյանը, որը ՊՊԾ-ի գրավման գործերից բացի` իր վարույթում քննվող այլ դատական նիստերով հենց այդպես էլ վարվում ու որևէ պաշտպանի բացակայության պայմաններում հետաձգում է նիստերը:

«Մեկի չգալով դատ անելը մեկի իրավունք ոտնահարել է նշանակում»,- շարունակեց Ինեսսա Պետրոսյանը:

Դատավորն, այնուամենայնիվ, շարունակեց նիստն ու դատախազ Պետրոս Պետրոսյանի հուշումից հետո դահլիճից հեռացրեց ամբաստանյալ Գևորգ Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցին: Մեղադրող Պետրոսյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Կարապետյանցը գտնվում նիստերի դահլիճում, եթե նրա պաշտպանյալը նրանից հրաժարվել է:

Նշենք, որ Գևորգ Իրիցյանն, ինչպես նաև գործով անցնող մյուս ամբաստանյալներն, այս պահին դատական նիստերի դահլիճից հեռացված են, և դատավորը երբեմն՝ անհրաժեշտության դեպքում, հրահանգում է նրանց բերել դահլիճ՝ դիրքորոշումը ճշտելու համար: Գևորգ Իրիցյանը դատարանում հայտարարել է, որ ինքը հրաժարվում է իր պաշտպաններից՝ Արայիկ Պապիկյանից և Նինա Կարապետյանցից այն ժամանակ, երբ ինքը նիստերի դահլիճում չի լինի, և դատավորն, այս հանգամանքը մեկնաբանելով որպես պաշտպանից հրաժարում, որոշեց Կարապետյանցին հեռացնել դահլիճից: Կարապետյանցի պնդումներն այն մասին, որ ինքը դատավորից երբևէ չի ստացել իրեն գործի վարույթից հեռացնելու մասին որոշում, ապարդյուն անցան:

«Ձեր պաշտպանյալն այստեղ չէ, դուք այստեղ ի՞նչ եք անում»,- այնպիսի վստահությամբ ասաց Գաբրիելյանը, կարծես ինքը չէ, որ այս գործով դատական նիստերին փորձում է դահլիճից հեռացված ամբաստանյալների պաշտպաններին ստիպողաբար դահլիճում պահել:

Իրենց բացակայությամբ նիստերին չմասնակցելու պահանջ են ներկայացրել նաև այս գործով այլ ամբաստանյալներ, սակայն, դատավորը նրանց պաշտպաններին չհեռացրեց: Պաշտպանները հարցրին, թե ո՞րն  է նման խտրականության պատճառը. չէ՞ որ իրենց պաշտպանյալները ևս հրաժարվել են իրենց բացակայության ժամանակ փաստաբանների ծառայություններից: Սակայն դատավորը շտապում էր իրագործել այսօրվա «պլանն» ու ավարտել դատական նիստը:

Իսկ այսօրվա պլանը հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին որպես երկու ամբաստանյալների՝ Թորոս Թորոսյանի և Սերգեյ Կյուրեղյանի շահերի պաշտպան ներգրավելն էր, ինչն արեց:

Սերգեյ Կյուրեղյանի պայմանագրային պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը, այս պահին հիվանդանոցում է, իսկ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատական  նիստին չէր ներկայացել, քանի որ Թորոսյանն իր՝ դահլիճից բացակայության պայմաններում նրան արգելել է մասնակցել դատական նիստերին, բայց դատավոր Գաբրիելյանն այս հանգամանքներին ուշադրություն չդարձրեց: Ավելին, նա նշեց, թե Մուշեղ Շուշանյանը մինչ այս ևս չէր ներկայանում դատական նիստերին և հրահանգեց Սերգեյ Կյուրեղյանին ու Թորոս Թորոսյանին բերել դահլիճ՝ հանրային պաշտպանին գործում ներգրավելու առնչությամբ դիրքորոշում հայտնելու:

Արեգ Կյուրեղյանը հայտարարեց, որ ինքը դիրքորոշում կհայտնի միայն իր մի քանի հրատապ միջնորդությունները ներկայացնելուց հետո:

Դատավորը ստիպված եղավ լսել Կյուրեղյանի առաջին միջնորդությունը, որը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր:

Կյուրեղյանը նշեց, որ դատավորն իրենց չի լսում, որ ինքը դատական նիստերի դահլիճից հեռացված է ոտքի չկանգնելու համար, բայց դատավորը մինչև այժմ չի հարցրել՝ ինքն ինչո՞ւ ոտքի չի կանգնում: Ըստ Կյուրեղյանի՝ դատավորն իրենց թույլ չի տալիս նաև խոսել և հաճախ ընդհատում է՝ նշելով, թե գիտի՝ ինչ պիտի ասեն:

«Նոստրադամուսի բարեկա՞մն է դատավորը, որ գիտի՝ ինչ պիտի ասեն»,- ասաց Կյուրեղյանը: Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ և մեկ ժամ անց վերադառնալով` հրապարակեց ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը:

Ապա Արտուշ Գաբրիելյանը դարձյալ փորձեց ճշտել Սերգեյ Կյուրեղյանի դիրքորոշումը Լիանա Գասպարյանին որպես իր հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ: Սերգեյ Կյուրեղյանը պնդեց, որ մինչև մյուս հրատապ միջնորդությունները չներկայացնի, դիրքորոշում չի հայտնելու: Դատավորը  համարեց, որ հանրային պաշտպանին ներգրավելու վերաբերյալ Կյուրեղյանը դիրքորոշում չի հայտնել և Լիանա Գասպարյանին ներգրավեց որպես նրա պաշտպան:

Ամբաստանյալ Թորոս Թորոսյանը դատարանում հայտնեց, որ ինքը  պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի ծառայություններից միայն իր՝ դահլիճից բացակայության ժամանակ է հրաժարվում, սակայն դատավորը Լիանա Գասպարյանին ներգրավեց նաև որպես Թորոսյանի պաշտպան:

Գասպարյանն ընդգծեց, որ ինքն այս ամբաստանյալների պաշտպանությունը ստանձնած կլինի միայն այն դեպքում, եթե նրանք համաձայնություն տան, և դատավորի գործողություններն անօրինական գնահատեց:

Հանրային պաշտպանը միջնորդեց կասեցնել այս գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան: Գասպարյանը նշեց, որ գործին առնչվող Սահմանդրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի և Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի միջև հակասություն կա:

Մասնավորապես՝ 69-րդ հոդվածի կետերից մեկի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե դատարանում ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան, մեկ այլ հոդված էլ սահմանում է, որ եթե առկա են վերը նշված հոդվածի պայմանները, ապա դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը, օրենքով սահմանված կարգով նշանակում է նոր պաշտպան կամ պահպանում ամբաստանյալի պաշտպանի լիազորությունները:

Մինչդեռ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք»: Լիանա Գասպարյանի կարծիքով` հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ պետք է կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համապատասխան դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար:

Գործում ներգրավված պաշտպանները միացան միջնորդությանը: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պաշտպանական կողմի արտահայտած մտքերի տրամաբանությունն այն էր, որ դատավորը, հղում կատարելով Քրեական դատավորության օրենսգրքի 69-րդ հոդվածին, առանց ամբաստանյալների համաձայնության նրանց համար պաշտպաններ է ներգրավում գործում, բայց այդ պաշտպանները չեն կարող արդյունավետ պաշտպանություն իրականացնել, քանի որ նրանք չեն կարող իրենցից հրաժարված պաշտպանյալների հետ քննարկումներ ունենալ, պաշտպանական մարտավարություն մշակել: Այսպիսով, նման ամբաստանյալներն ունենում են միայն թղթի վրա գրված պաշտպաններ, որոնց հակադրում են մնալ դատարանի դահլիճում:

«Հարկադիր պաշտպաններ»,- առանց ամբաստանյալների համաձայնության գործում ներգրավված պաշտպաններին այսպիսի անվանում տվեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը՝ նկատի ունենալով, որ  դատավորն առանց հանրային պաշտպանների խոսքն ու ամբաստայալների դիրքորոշումը լսելու նրանց ներգրավում է գործում:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ, դիմելով դատավորին, ասաց, որ վերջինս հանրային պաշտպաններին պատանդ է պահում դատարանի դահլիճում:

Դատարանը կողմերին լսելուց հետո պաշտպան Գասպարյանի՝ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությունը համարեց անժամանակ և թողեց առանց քննության, ապա դատական նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը սեպտեմբերի 7-ին է: