
Փյունիկ գյուղում առաջին զանգն այսօր չհնչեց. աշակերտներն ու ծնողները բոյկոտեցին դպրոցը փակելու կառավարության որոշումը
Քրիստինե Աղալարյան, Սարո Բաղդասարյան
Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի առաջին դասարանցիներն այսօր ծաղկեփնջեր չնվիրեցին իրենց առաջին ուսուցչին և աշակերտական նստարաններին չնստեցին: Փոխարենը առավոտյան 9-ից ծնողների հետ գյուղամիջում բողոքի ակցիա են անցկացնում:
Կառավարությունն օգոստոսի 24-ին որոշել է Փյունիկի դպրոցը վերամիավորել հարևան Արտավազ գյուղի դպրոցի հետ: Այսինքն` Փյունիկի դպրոցը երկու ամսից փակվելու է, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Արտավազ գյուղի դպրոց: Փյունիկցիները զայրացել են` համարելով, որ «կրթօջախ փակելը գյուղ փակել է նշանակում»:
Փյունիկը Արտավազ համայնքի բնակավայր է համարվում, որը 450 բնակիչ ունի: Պաշտոնապես երկու բնակավայրերը միասին 1116 բնակիչ ունեն: Երկու համայնքն էլ ձևավորվել են Ադրբեջանից բռնագաղթած հայերի ներգաղթով: Երկու բնակավայրում էլ հանրակրթական դպրոց է գործել:
Փյունիկն այս տարի 9 առաջին դասարանցի ունի: Գյուղացիները պատմեցին, որ վերջին տարիներին աշակերտների աճ է գրանցվում, և արդեն հայտնի է, որ 2018 թվականին 20 երեխա է ծնվելու:
Գյուղացիների մտահոգությունն այն է, որ դպրոցի փակումը կբերի բնակիչների զանգվածային արտագաղթին: Բացի դրանից, Արտավազի դպրոց հասնելու համար Փյունիկի երեխաները պետք է 3 կմ անցնեն, և քանի որ հաճախ փոխադրամիջոցը չի հասնում գյուղ, երեխաները ստիպված են լինում ոտքով հաղթահարել խստաշունչ ձմռան բուքն ու ցուրտը:
11-րդ դասարանցի Կարինե Ազարյանն էլ պատմեց, որ վերադառնալիս տարբեր դասարանի աշակերտների դասերը տարբեր ժամերի են ավարտվում, և 1-2 ժամ չսպասելու համար երեխաները պետք է ոտքով ճանապարհ ընկնեն:
«Մի քանի մետր ձյուն է դնում էստեղ: Պատկերացնում եք, որ էրեխեքը մենակ, ոտքով էդ ձմեռվա կեսին գնան: Իմ պուճուրին ում թողեմ, որ գնամ երեխեքին բերեմ: Ժամը 4-ին մեծս է վերջացնելու, 3-ին` էս մի տղես է վերջացնելու, ժամը մեկին` աղջիկս, ես էդքան ժամանակ ու էդքան ճանապարհ ոնց գնամ: Տրանսպորտ ընդհանրապես չի աշխատում ձմեռը: Ոչ մի ծնող, ոչ մի երեխայի էնտեղ դպրոց չի թողնի: Եթե դպրոցը փակեն, դպրոցի բակում կանենք դասերն այնքան ժամանակ, որ պետությունը հասկանա, որ չի լինում էսպես»,- ասում է առաջին դասարանցի Կարինե Վիրաբյանի մայրը` Իրինա Լոգվենովան, ով 4 երեխա ունի, որոնցից 3-ն արդեն դպրոցական են:
Ծնողներն արդեն իրենց աչքի առաջ օրինակ ունեն, հարևան Հանքավանի երեխաները ևս գալիս են Արտավազի դպրոց, և առաջին ժամերից միշտ բացակայում են կամ ուշանում:
«Կառավարությունը մեր երեխաների սեպտեմբերի 1-ը փչացրեց: Կրթություն են բարելավում, Եվրոպա են մտնում, Եվրոպայի որ պետության մեջ են դպրոց փակում ու երեխաներին անգրագետ մեծացնում: Կառավարությունը որոշել է, որ պիտի սևացնի մեր երեխեքի օրերը, սենց են կրթության մակարդակ բարձրացնում: Ձյունը գալիս է` 4-5 օր փողոց չեն մաքրում, ով մեքենա ունի, կարողանում է տեղաշարժվել, ով չունի` չի կարողանում, տանն է մնում: 6 տարեկան երեխան ինչպես ամեն օր հասնի այնտեղ»,-ասում է Լուսինե Վարդանյանը, ում ամուսնական տնից այս տարի 2 առաջին դասարանցի կա:
Այս ամենից զատ, ծնողները վստահ են, որ իրենց գյուղի դպրոցն առավել բարեկարգ վիճակում է, քան Արտավազի դպրոցը:
Ժամը 11-ի սահմաններում դպրոցի անձնակազմն ամբողջությամբ ուսուցչանոցում էր, սպասում էր աշակերտներին: «Մենք աշխատանքի ենք եկել»,- ասաց ռուսերենի ուսուցիչ Մարիետա Բելույանը:
Սակայն որևէ աշակերտ այսօր այդպես էլ դպրոց չմտավ: Տնօրեն Գագիկ Մարաբյանն իր պարտականություններից դուրս համարեց ծնողների հետ բողոքի ակցիա անցկացնելը: Ասաց, որ տնօրենն ու ուսուցչական անձնակազմը պետք է սպասեն աշակերտներին աշխատավայրում և օրենքի շրջանակներում առաջ շարժվեն: Իսկ օրենքնով՝ իրենք պետք է ժողով գումարեն, ծնողների հետ հարցը քննարկեն, դիմեն մարզպետին, որպեսզի հարցին լուծում տրվի:
Տնօրեն Մարաբյանը կառավարության այս որոշումից անակնկալի է եկել: Մարզպետարանից էլ միայն երեկ է ծանուցում ստացել, որպեսզի ուսուցչական անձնակազմին տեղեկացնի սպասվելիք գործազրկության մասին:
Գագիկ Մարաբյանը կարծում է, որ ծնողների բողոքի այս ակցիան վաղաժամ է, և նրանք պետք է այսօր դպրոց գային: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետք է աշխատեին, աշխատակազմը` աշխատավարձ ստանար: Մեկ ամիս հետո, երբ որևէ բան չփոխվեր, նոր կարելի էր բողոքներ կազմակերպել: Գագիկ Մարաբյանը մեծ ակնկալիքներ ունի, որ կառավարությունը վերանայելու է իր որոշումը:
«Տիգրան Սարգսյանի կառավարությունը մեր համայնքին նվեր արեց. մեր հողերը վերցրին և գերակա ճանաչելով տվեցին ինչ-որ շեյխի: Այսօր էլ Կարեն Կարապետյանն է մեզ նվեր անում, դպրոց է փակում: Դպրոցը կրթօջախ է, սրբօջախ է, օպտիմալացում նշանակում է քանդել, իսկ սրբօջախները չի կարելի քանդել»,- ասում է գյուղացիներից Երվանդ Նալթակյանը:
Արտավազի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը մեզ հետ զրույցում ասում է, որ եթե Փյունիկի դպրոցը 42 աշակերտ ունի, ապա իրենց դպրոցը 70-նն ունի: Ավելին, դպրոցների միավորումն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ արդեն մեկ տարի է` այդ հարցը քննարկվում էր: Իրենց դպրոցի վիճակը տնօրենը գնահատում է ճիշտ այնպիսին, ինչպիսին Փյունիկի դպրոցինն է: Ավելին, մարզպետարանը խոստացել է վերանորոգման հարցն էլ լուծել և լիարժեք նորոգված դպրոց դարձնել: Բորիկ Կոնջորյանը ճանապարհների փակ մնալու մասին փյունիկցիների պնդումները ոչ հավաստի է որակում և նշում, որ անցյալ տարի միայն մեկ օր չի կարողացել իր «Ժիգուլի»-ով Հրազդանից հասնել Արտավազի դպրոց: Իրենից բացի, Հրազդանից ամեն օր ուսուցիչներ էլ են գալիս դասաժամերն անցկացնելու:
Փյունիկ ժամանեցին մարզի ոստիկանության աշխատակիցներ, մասնավորապես` Հրազդանի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Քիչ անց ժամանեց նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Մուշեղ Մանասյանը: Վերջինս ասաց, որ եկել է գյուղացիների մտահոգությունները լսելու և մարզպետին փոխանցելու, սակայն խուսափեց որևէ կարծիք հայտնել ծնողների արարքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ճանապարհների փակմանը, փոխմարզպետն ասաց, որ այդ հարցը տեղական ինքնակառավարման մարմնի հետ կլուծեն, որպեսզի խնդիրներ չառաջանան:
Արտավազի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե որքան գումար է համայնքի բյուջեից հատկացվում ճանապարհների մաքրման աշխատանքներին: Վերջինիս ասելով՝ տարեկան 100 հազար դրամ է նախատեսվում, սակայն, ինչպես ասում է՝ «որ պակասում է, իր գրպանից է դնում»:
Փոխմարզպետ Մանասյանը նշեց, որ մարզի փոքր թիվ ունեցող բոլոր դպրոցներն էլ միավորվելու են, սակայն մինչ օրս քանի նման դպրոց է միավորվել, տեղեկատվությանը չէր տիրապետում:
Պետությունից 17 մլն դրամ է տրամադրվում Փյունիկի դպրոցին: Ծնողները համաձայն են նույնիսկ այդ գումարը հայթայթել բարերարներից, միայն թե իրենց դպրոցը չփակվի:
Եթե կառավարությունը չվերանայի դպրոցը փակելու մասին կայացրած որոշումը, փյունիկցիները պատրաստ են հասնել կառավարություն և երեխաների ծաղիկները փոխանցել Կարեն Կարապետյանին ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Իսկ մինչ այդ՝ երեխաները դպրոց չեն հաճախելու:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել