HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դժվար հանդիպում. Հայաստան-Դանիա՝ 20:00-ին

Այսօր՝ երեկոյան ժամը 8-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Հայաստան-Դանիա հանդիպումը: Խաղն սպասարկելու է շոտլանդական մրցավարական բրիգադը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ:

ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ խմբում ընդգրկված այս թիմերից հյուրերը նվազագույնը երկրորդ տեղ զբաղեցնելու լուրջ ծրագրեր ունեն, ինչը չի կարելի ասել մեր թիմի մասին, որն այլեւս մարզական խնդիր չի լուծում: 7 տուրից հետո վաստակած 13 միավորով Դանիան միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջում Մոնտենեգրոյին, իսկ Հայաստանը 6 միավորով ընթանում է նախավերջին տեղում:

Կոպենհագենում խմբի առաջատար Լեհաստանին 4-0 ջախջախելուց հետո դանիացիները մարտական կազմով ու տրամադրությամբ են եկել Երեւան: Հայաստանի ընտրանին իր հերթին Բուխարեստում ռումիններին 0-1 զիջելուց հետո կրկին կադրային կորուստներ ունի: Այդ խաղում մկանային խնդիրների պատճառով երկրորդ կեսում դաշտ դուրս չեկավ հենակետայիններից Գոռ Մալաքյանը, փոխարենն այսօր կարող ենք տեսնել մինչ այս որակազրկված նույնպես հենակետային Արտակ Գրիգորյանին: Բուխարեստում կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանի հեռացումից եւ մեկխաղյա որակազրկումից հետո մարզչական շտաբը նոր մարտահրավերի առաջ է կանգնել՝ ինչպե՞ս փակել այդ օղակում առաջացած բացը, եթե Գաել Անդոնյանը խաղային պրակտիկա չունի, Արմեն Մանուչարյանն էլ հավաքականում նորեկ է:

Դանիացիների հետ մերոնք մինչ այս հանդիպել են բացառապես պաշտոնական խաղերում: «Եվրո-1996»-ի ընտրական փուլում 1995-ի օգոստոսին 16-ին Սամվել Դարբինյանի թիմը Երեւանում 0-2 հաշվով պարտություն կրեց, հյուրերից աչքի ընկան Մ. Լաուդրուպն ու Նիլսենը, իսկ նույն տարվա նոյեմբերի 15-ին Կոպենհագենում խաղն ավարտվեց 3-1՝ հօգուտ դաշտի տերերի: Դանիացիներից գոլ հեղինակ դարձան Շյոնբերգը, Բեքն ու կրկին Լաուդրուպը, իսկ մեր թիմից՝ այսօրվա ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Դա Պետրոսյանի առաջին գոլն էր ազգայինի կազմում, հետագայում կիսապաշտպանն աչքի ընկավ եւս 10 անգամ՝ դառնալով հավաքականի լավագույն ռմբարկուն: Միայն տարիներ անց նրա ռեկորդը կարողացավ գերազանցել Հենրիխ Մխիթարյանը, որն այս պահի դրությամբ իր հաշվին ունի 22 գոլ:      

Երրորդ անգամ Հայաստանի ու Դանիայի ճանապարհները խաչվեցին ԱԱ-2014-ի ընտրական փուլում: Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականը ցույց տվեց իր պատմության, թերեւս, ամենալավ խաղը: Կոպենհագենում 2013-ի հունիսի 11-ին հայերն իսկական ֆուրոր արեցին. Յուրա Մովսիսյանի դուբլի, Արասի ու Մխիթարյանի գոլերի շնորհիվ մերոնք հաղթեցին 4-0 հաշվով: Նույն տարվա սեպտեմբերի 10-ին Երեւանում դանիացիները 11-մետրանոցի շնորհիվ կարողացան նվազագույն հաշվով հաղթանակ տանել: Աչքի ընկավ Ագերը:

Հաջորդ իսկ շրջափուլում՝ «Եվրո-2016»-ի շրջանակներում, թիմերը նորից հանդիպեցին: Հայաստանի հավաքականը գլխավորում էր շվեյցարացի Բեռնար Շալանդը: 2014-ի սեպտեմբերի 7-ին արտագնա խաղում Մխիթարյանը բացեց հաշիվը, սակայն Հոյբյերգի ու Կալենբերգի գոլերի շնորհիվ տանտերերը հաղթանակ տարան: Ուղիղ մեկ տարի անց Երեւանում գրանցվեց 0-0: Այդ ժամանակ մեր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները վստահվել էին Սարգիս Հովսեփյանին:

ԱԱ-2018-ի առաջին խաղում՝ անցյալ տարվա սեպտեմբերի 4-ին (մեկ տարի առաջ այս օրը), Էրիկսենի գոլը դաշտի տերերին ցանկալի հաղթանակ բերեց: Այդ խաղում կիսապաշտպանը կարող էր աչքի ընկնել նաեւ 11-մետրանոցից, սակայն Արսեն Բեգլարյանը հետ մղեց հարվածը: Հայաստանի հավաքականն այդ խաղում գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը: 

Այսպիսով՝ թիմերը մինչ այս պահն անցկացրել են 7 հանդիպում, որոնցից 1-ում հաղթել է մեր ընտրանին, 1-ն ավարտվել է ոչ-ոքի, 5-ում հաղթել են դանիացիները: Գնդակների տարբերությունը՝ 6-9: Երեւանում դանիացիները վերջին երկու խաղում դժվարությունների առաջ են կանգնել. մեկ անգամ նրանց օգնել է 11-մ հարվածը, մյուս դեպքում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել: Այնինչ այսօր նրանց շատ եւ շատ անհրաժեշտ է 3 միավորը՝ հնարավորության դեպքում Մոնտենեգրոյից առաջ պոկվելու համար: Կարելի է սպասել, որ հյուրերը, հաշվի առնելով ունեցած փորձը եւ ներկա իրավիճակը, առաջին իսկ րոպեներից ձգտելու են առավելություն ստանալ հայերի նկատմամբ եւ հնարավորինս շուտ ապահովագրել հաղթանակը: Արթուր Պետրոսյանն էլ նախախաղային ասուլիսում նշել է, որ դուրս են գալու հաղթանակի համար, չնայած այլ պատասխան դժվար էր ակնկալել:

Այսօր կկայանան նաեւ Լեհաստան-Ղազախստան եւ Մոնտենեգրո-Ռումինիա հանդիպումները:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter