
«Կայարանցի Թևոսիկ»-ի եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունն ավարտվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունը:
Հաջորդ դատական նիստին մեղադրող կողմը դարձյալ ճառ կհրապարակի:
Այս գործով դատավոր Արմեն Բեկթաշյանը դեռևս հունիս ամսին պետք է հրապարակեր դատավճիռ, սակայն, խորհրդակցական սենյակից դուրս գալով, որոշեց վերսկսել դատաքննությունը:
Այսպիսով՝ վերսկսված գործի շրջանակներում լրացուցիչ հարցաքննվեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը, գործով փորձագիտական եզրակացություններ տված փորձագետներ, հետազոտվեց դեպքի վայրում հայտնաբերված այն ձեռնոցը, որն ապացույց ճանաչելու համար Իսրայել Սարգսյանը կալանքի տակ գտնվելու պահից ի վեր պայքարում է:
Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերված այդ ձեռնոցի վրա կրակոցի արգասիքներ են հայտնաբերվել, սակայն փորձագիտական եզրակացության համաձայն՝ դրա վրա չի եղել ո՛չ Մովսես Ներսիսյանի, և ո՛չ էլ Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ն:
Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցանքը թաքցնելու նպատակով ինքը սպանել է Մովսեսին ու վերջինիս դիակը նետել Քանաքեռավանում գտնվող կոյուղու դիտահորը:
Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մովսեսը ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա Հայաստանից, քանի որ հասկացել է, որ փորձ է արվում Արթուր Սաֆարյանի սպանության սլաքներն ուղղել դեպի Ներսիսյանը:
Մեկնաբանել