HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ակցիաներ, սանկցիաներ, ընդմիջումներ` Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությանը

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով 7 ամբաստանյալներից 5-ը հեռացված են դատական նիստերից: Պատճառը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն է: Նրանք շարունակում են ոտքի չկանգնել, երբ Շենգավիթի դատարանում արտագնա նիստով (որտեղ ապակեպատ դահլիճ կա) գտնվող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ներս է մտնում դահլիճ: Այսօր նիստերի դահլիճում ընդամենը երկու ամբաստանյալ էր ներկա, որոնք ևս ստացան նախազգուշացում:

Դահլիճում էր նաև հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, որը պնդում է, որ իրավունք չունի լքել նիստերի դահլիճը: Նիստի սկզբում և վերջում ակտիվիստ Վարդգես Գասպարին նախ կանգնեց, ապա պառկեց նրա մեքենայի առջև՝ որպես բողոքի նշան: Ոստիկանները հեռացրին նրան ու բացեցին մի խումբ քաղաքացիների կողմից փաստաբանի մեքենային խոչընդոտող ճանապարհը: Նրանք պահանջում են հանրային պաշտպանից հրաժարվել Սեֆիլյանի պաշտպանությունից` վկայակոչելով, որ Սեֆիլյանը չի ցանկանում օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից (մանրամասները՝ տեսանյութում):

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Շենգավիթի դատարանում դատական կարգադրիչները կրկին հավաքում էին նիստին մասնակցողների, նաև` լրագրողների անձնական տվյալները: Իսկ երբ ես ցանկացա լուսանկարել ու տեսագրել այդ պահը, կարգադրիչները հեռացրեցին թղթերը:

Այնուամենայնիվ, լուսանկարներում երևում է, թե ինչպես են կարգադրիչները լրացնում անձնական տվյալներ: Կարգադրիչները վկայակոչում են այն նորմը, որ իրավունք ունեն պարզելու նիստին մասնակցել ցանկացողի ինքնությունը, և որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն կարգադրիչները որևէ օրենքով չունեն քաղաքացու անձնական տվյալները հավաքագրելու լիազորություն:  

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ներկայացնում է դահլիճից հեռացված ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերը, նկատեց, որ քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու նպատակը մեկն է՝ պարզել ամբաստանյալների հետ ունեցած կապերը, անհրաժեշտության դեպքում դրանք տրամադրել դատավորին՝ սանկցիաներ կիրառելու համար: «Հենց նիստերի սկզբից ամբողջ դատական պրոցեսի ընթացքից հեռացվեցին, օրինակ, անձինք, որոնց մասին դատավորին հայտնել էին կարգադրիչները՝ բնականաբար պարզելով այդ անձանց ինքնությունը: Դատարանն էլ, անգամ չլսելով այդ անձանց, բավարարվելով միայն կարգադրիչների հաղորդած ինֆորմացիայով` նրանց հեռացրեց»,- նշեց Արայիկ Պապիկյանը:

Դատավորը ողջ քրեական գործի քննության ընթացքից հեռացրել է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի եղբորը՝ Վահե Պողոսյանին և քաղաքացի Վահագն Ղումաշյանին՝ թերևս կարգադրիչների տված ինֆորմացիայի հիման վրա, քանի որ ինքը՝ դատավորը, որևէ կերպ չի կարող լսել, թե ապակեպատ դահլիճում ինչ է խոսվում: Վահե Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ անձնագիրը ստուգելիս կարգադրիչները երկար «ֆիքսվել էին» իր լուսանկարի վրա, թե նման չէ իրեն, հետո անընդհատ հարցրել էին՝ արդյոք Ներսես Պողոսյանի եղբայրն է: Իսկ Վահագն Ղումաշյանը կարծիք էր հայտնել, որ իրեն հեռացրել են, քանի որ Ներսես Պողոսյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հեռացնելիս բղավել էր՝ «հո՛պ, արա»:

Քաղաքացիների անձնական տվյալները գրանցելու խնդրին մենք անդրադարձել ենք նաև մեր նախորդ հրապարակումներում: Ի դեպ, այլ գործերով նիստերի ժամանակ նման երևույթ չենք արձանագրել:

Նշենք, որ դահլիճում արդեն երկու շաբաթ է` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշման համաձայն չի թույլատրվում տեսանկարահանում կատարել: Լրագրողները բավարարվում են միայն լուսանկարելով և ձայնագրառում կատարելով:

Նիստը հետաձգվեց պաշտպաններից մեկի բացակայության պատճառով, այն կշարունակվի մյուս ուրբաթ:

Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Այս գործով անցնում են նաև Գևորգ Սաֆարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Ներսես Պողոսյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter