HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի առաջին պրոբլեմը՝ 27 տարի առանց ներդրումների

Գիտական ինստիտուտի դարպասները բաց են, բակը մաքուր է, ծառերը՝ խնամված: Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտն (ՀՊԻ) է. այս տարի լրանում է գիտական հիմնարկի 70 տարին: Որպես ինստիտուտ՝ հիմնադրվել է 1966-ին, իսկ մինչ այդ՝ 1947-ից, եղել է ագրոքիմիայի լաբորատորիա: Մինչեւ 1995 թ. հաստատությունը կոչվում էր Ագրոքիմիայի պրոբլեմների եւ հիդրոպոնիկայի ինստիտուտ, իսկ հետո անվանափոխվել է ներկայիս անունով:

Հայաստանի անկախացումից հետո ինստիտուտում ամեն բան գրեթե նույնն է մնացել՝ հին պատուհաններ, հին, բայց պիտանի կահույք, նոր ժամանակների մասին քիչ բան է հիշեցնում: Չնայած այս ամենին՝ աշխատակիցներն ասում են, որ ձեռքբերումները շատ են, ինստիտուտը միայն վերջին 7 տարվա ընթացքում երկու կարեւոր գյուտ է արել:

Ինչո՞ւ է Հայաստանում հիդրոպոնիկայի ինստիտուտ հիմնադրվել 

Հիդրոպոնիկան բույսերի աճեցումն է առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերական մատակարարմամբ: Ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, կենսաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ստեփան Մայրապետյանն ասում է, որ, ի տարբերություն մի շարք երկրների, Հայաստանում կիրառվում է բացօթյա հիդրոպոնիկայի տարբերակը (կա նաեւ ջերմատնային ձեւը): Այս դեպքում բույսերը գտնվում են բաց գրունտում, ենթակա են բնակլիմայական բոլոր երեւույթներին, միայն փոխվում է արմատային համակարգն ու սննդառությունը: Ինստիտուտում փորձերն սկսվել են 1956-ին ակադեմիկոս Գագիկ Դավթյանի նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ:

Ս. Մայրապետյանն ասում է, որ բացօթյա հիդրոպոնիկայի տարբերակը պատահական չի ընտրվել: Պատճառը Արարատյան դաշտավայրի 30-33 հազար հեկտարի հասնող աղուտ-ալկալիական հողատարածքներն էին, որոնց վրա հնարավոր չէր բույս աճեցնել: Խնդիրն այդ տարածքները երկրագործության ոլորտ վերադարձնելն էր, ինչը հնարավոր էր անել բացօթյա հիդրոպոնիկայով:

1956-1965 թթ. փորձարկվել է մի շարք բանջարանոցային եւ համեմունքային բույսերի (գազար, լոլիկ, պղպեղ, ռեհան, համեմ, սամիթ եւ այլն) անհող աճեցման արդյունավետությունը, իսկ 1965-ից մշակվել են ավելի թանկարժեք, փոքրածավալ, հազվագյուտ եւ անհետացող բույսերի աճեցման տեխնոլոգիաները։ Առ այսօր մշակվել են մի շարք դեղատու, եթերայուղատու, ներկատու, ծառաթփային եւ այլ մշակաբույսերի՝ բացօթյա հիդրոպոնիկայում աճեցման կենսատեխնոլոգիաները։

Ստեփան Մայրապետյանը ինստիտուտի տնօրեն է եղել 1980-1986, ապա՝ 2000-2006 թթ.: Նա ներկա տնօրեն Խաչատուր Մայրապետյանի հայրն է:

ՀՊԻ-ն ունի 3 լաբորատորիա՝ բույսերի սննդառության եւ արդյունավետության, հյուսվածքային մշակույթի, ռադիացիոն ագրոքիմիայի: Հաստատության կազմում են նաեւ հիդրոպոնիկական փորձարարական կայանն ու Էջմիածնի գիտաարդյունաբերական հիդրոպոնիկական բազան:

Ինստիտուտի խնդիրները

Գիտխորհրդի նախագահը դասակարգված է ներկայացնում ինստիտուտի խնդիրները: Սկսում է ներդրումների բացակայությունից: Ասում է՝ 1990-ից մինչ օրս որեւէ ներդրում չի կատարվել, փախարենը թվարկում է մինչեւ 1990 թ. արված ներդրումները, օրինակ՝ քանի հա հիդրոպոնիկումներ են կառուցվել Հայաստանի տարբեր շրջաններում: Շեշտում է, սակայն, որ բազմաթիվ առաջարկներ են ուղարկել կառավարություն՝ գյուղնախարարություն, բնապահպանության նախարարություն, պաշտպանության նախարարություն: Մասնավոապես, ՊՆ-ին առաջարկել էին բանակի կարիքների համար համեմունքային բույսեր արտադրել՝ ռեհան, ուրց, համեմ եւ այլն, որպեսզի օգտագործեն ճաշերի համար: Արձագանք այդպես էլ չի եղել:

Հայաստանում գործող մոտ 20 դեղագործական ձեռնարկությունների առաջարկել են, որ կարող են դեղաբույսեր արտադրել, կրկին պատասխան չեն ստացել: Ըստ Ս. Մայրապետյանի՝ միայն Երեւանի քաղաքապետարանն է գնում կատարել իրենցից: Գիտնականն ասում է, որ տարեկան 100-120 հազար հատ սոսի (չինար) կարող են արտադրել: Էջմիածնում 23 հազար քմ մակերեսով հիդրոպոնիկում ունեն, պատվերի դեպքում կարող են շահագործել:

«1990 թվից հետո, չնայած մեր բազմաթիվ առաջարկներին, որեւէ ներդրում չենք կարողացել ունենալ, որովհետեւ այսօր տնտեսությունն ունակ չէ կամ դեռ ցանկություն չունի վերցնել գիտության վերջին նվաճումներն ու ներդնել արտադրության մեջ»,- նկատում է Ստեփան Մայրապետյանը: Միայն վերջերս մի գործարար է դիմել, ինստիտուտում հույս ունեն, որ ի վերջո համագործակցությունը կհաջողվի:

«Մենք ունենք նոր մեթոդներ, դրանցից մեկը կոչվում է ջրաշիթային հիդրոպոնիկա, 5-6 անգամ ավելի էժան է, քան դասական հիդրոպոնիկումները: Բայց ոչ մի կերպ մեր գործարարներին, տնտեսվարղներին չենք կարողանում մոտեցնել մեր գիտության նվաճումներին»,- ասում է գիտնականը:

Երկրորդ խնդիրը, ըստ նրա, կադրերի խիստ պակասն է, թեեւ հարցը փորձում են կարգավորել: Ասում է, որ երիտասարդներն ուղղակի փախչում են գիտությունից, քանզի երբ ամուսնանան, ինստիտուտի տված 55, 65 կամ 75 հազար դրամով ընտանիք պահելը դժվար է:

Ստեփան Մայրապետյանն ասում է, որ ինստիտուտի բազային ֆինանսավորումն ավելացել է այս տարի (ինֆոգրաֆիկայում «ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում» տողն է), դրա համար պայքարել են եւ՛ իրենք, եւ՛ ՀՀ գիտության պետական կոմիտեն (ԳՊԿ), եւ՛ ԳԱԱ նախագահությունը:

ՀՊԻ
Infogram

Արտաբյուջետային ֆինանսավորման մասին Ս. Մայրապետյանը նշում է, որ 2013-2014 թթ.-ին Միջազգային գիտատեխնիկական կենտրոնից ստացել են 250 հազար դոլար դրամաշնորհ, որից 60 հազարը տրվել է 2015-ին: 2015 թ. ԳՊԿ-ն հատկացրել է երկու դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը 16 միլիոն դրամ: 2016-2017 թթ. դրամաշնորհ չեն ստացել:

Գիտխորհրդի նախագահի տվյալներով՝ ինստիտուտում վերջին 3 տարիներին աշխատակիցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով: 2015-2016 թթ. ունեցել են 40 աշխատակից, 2017-ին՝ 41:

Երրորդը խնդիրը նորագույն սարքավորումների պակասն է: ՀՊԻ-ն բյուջետային ֆինանսավորմամբ չի կարող ձեռք բերել սարքավորումներ, քանի որ դրանք բավականին թանկ են: Օգնության են հասնում հիմնականում դրամաշնորհային ծրագրերը, բայց դրանք, Մայրապետյանի խոսքով, այսօր կան, վաղը չկան:

Մյուս խնդիրը Էջմիածնում գտնվող բազայի վերանորոգումն ու վերազինումն է, ինչը բյուջետային սուղ միջոցներով իրականացնել նույնպես հնարավոր չէ:

«Գիտնականը բիզնեսմեն չէ»

Վերջին տարիներին կառավարությունը հաճախ է հայտարարում, որ գիտնականներից կիրառական արդյունք է պահանջվում: Մայրապետյանն ասում է, որ այդ արդյունքը գրում-ներկայացնում են, սակայն երբ ներդրում պիտի լինի, չեն իրականացնում: Ապա ավելացնում է, թե «հո չենք կարող գնալ կառավարության դիմաց պիկետ անել, լաց լինել, թե մեր առաջարկները խնդրում ենք ներդնել»: Առաջարկները թղթապանակներով պահել են, գործող վարչապետին էլ են ուղարկել, սպասում են արձագանքի:

«Կարծում են, թե գիտնականն ինքը պիտի անի ներդրումը, բայց դա գիտնականի գործը չէ: Գիտնականն իր գործն արեց, լավագույն դեպքում արտադրական փորձարկում անցկացրեց, որը շատերին չի հաջողվում (չունեն այդ միջոցները, իսկ մենք, քանի որ էջմիածնում ունենք նման հզոր բազա, նաեւ արտադրական փորձարկում ենք արել), դրանից հետո մշակված տեխնոլոգիան հանձնում է, ով ուզում է՝ թող ներդնի: Գիտնականը բիզնեսմեն չէ, պետք է տարբերել, մինչեւ հիմա չեն տարբերում, կարծում են՝ գիտնականը պիտի արտադրի էլ: Լավ բանաստեղծին չես կարող ասել, չէ՞, թե մի լավ երաժշտություն էլ գրի»,- ասում է դոկտոր Մայրապետյանը:

Նա համոզված է, որ երկրում առանց գիտության հնարավոր չէ տնտեսություն զարգացնել, ինչքան էլ լավ գործարարներ լինեն. «Ամենաաղքատ երկիրը, որ ուզում է հարստանալ, պետք է դեմքով շուռ գա դեպի գիտությունը, գիտությունն է տնտեսության քարշիչ ուժը»:

«Գիտության ոլորտում սեր ու նվիրում է պետք»

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՊԻ գիտքարտուղար Աստղիկ Կարապետյանի հետ շրջում ենք ինստիտուտում, ապա այցելում հիդրոպոնիկում: Աստղիկն արդեն 7 տարի աշխատում է այստեղ: Ասում է՝ ճիշտ է, գիտնականների աշխատավարձերը ցածր են, խնդիրները շատ են, բայց սիրում է իր աշխատանքը: Նոր բացահայտումները գիտության մեջ ոգեւորում են նրան:

Դժվարությունները, որոնց հետ առնչվում են, նախ ֆինանսական են, մի շարք գիտական փորձերի համար նորագույն սարքավորումներ են անհրաժեշտ: Այլ կազմակերպությունների դիմելու, նրանց սարքերից օգտվելու համար եւս մեծ ֆինանսական միջոցներ են պետք: Միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրելու համար պահանջվում է բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից սարքավորումներով արված որակյալ աշխատանք:

Աստղիկը պարզաբանում է, որ հիդրոպոնիկան ոչ թե ժխտում է ավանդական գյուղատնտեսությունը, այլ գալիս է օժանդակելու: Հիդրոպոնիկական փորձարարական կայանում նույն բույսերը նաեւ հողային միջավայրում են աճեցնում՝ տարբերությունները տեսնելու համար: Մոտ 130 բույս են աճեցնում, այդ թվում՝ ծառատեսակներ:

Հիդրոպոնիկ անոթների մեջ մանր քարերի տարբեր տեսակներ են, ներքեւում սննդարար լուծույթներով մեծ պահամաններն են: Լուծույթը պոմպի միջոցով մղվում է անոթները: Հիդրոպոնիկայում հայտնի են բույսերի սննդառության համար կիրառվող մի քանի հարյուրի հասնող լուծույթներ:

Չնայած ֆինանսական դժվարություններին, ըստ Աստղիկի, ինստիտուտի ձեռքբերումները շատ են՝ բազմաթիվ մշակաբույսեր են արտադրել հիդրոպոնիկ եղանակով, երկու կարեւոր գյուտ ունեն վերջին 7 տարիներին՝ օրգանական եւ ջրաշիթային հիդրոպոնիկան, մեծ թվով գիտական հոդվածներ են հրապարակել, շարունակում են միջազգային համագործակցությունը:

Ինստիտուտի հիմնադրման 70-ամյակի առթիվ պատրաստվում են միջազգային գիտաժողովի, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին: Ունենալու են հյուրեր եւ՛ Հայաստանից, եւ՛ արտերկրից: 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter