HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդիկ

Նաիրա Հայրապետյան

Արագածոտնի մարզ, գյուղ՝ Իրինդ:  Այստեղ ապրողների նախնիները մեծ մասամբ գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Սասուն և Մուշ գյուղերից: Քոթանյանների ընտանիքը ևս այստեղ է հաստատվել՝ փրկվելով Մեծ Եղեռնից: Նրանց կյանքի երգը հատվում է Էրգրի, սովետական հայրենիքի ու անկախ Հայաստանի ճանապարհներին:

Ընտանիքի ավագն այսօր Խնկանոս Քոթանյանն է՝ ինը տասնամյակի հետևում կուտակած հսկա կենսագրությամբ՝ գյուղատնտեսի, այս ոլորտում երկարամյա ղեկավարի, բազմանդամ ու ամուր ընտանիքի հոր, պապի…: Խնկանոս պապի ու Թագուշ տատի (Թագուշ Մարտիրոսյան) համատեղ կյանքում շատ դժվարություններ են եղել, տխուր առիթներ ևս: Կյանքը շարունակում է իր անկանխատեսելի հայտնություններով ներկայանալ ամեն բացվող օրվա ու մայր մտնող արևի հետ:

Քոթանյանների ընտանիքին անակնկալ հյուրընկալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նրանք զրուցում են արմատների, ընտանիքի, նրանց սիրո պատմության, երկրի այսօրվա մասին:

Պապն ասում է, որ հինգ տարի սիրել են իրար` «սիրած ենք եղել», հետո ամուսնացել են: Թագուշ տատը կես կատակ, կես նեղացած համառում է. «Ի՜նչ սիրած, ի՜նչ բան, էն վախտ ո՞վ էր նման բանի նայում, ո՞վ էր մեզ հարցնում…»: Ու հնչում է անկեղծ ու հումորով համեմված մի պատմություն, որը թեև լի է ժամանակին հատուկ դժվարություններով, սակայն նաև սիրով ու նվիրումով՝ դեպի իրենց ընտանիքը, զավակները, տան մեծն ու փոքրը:

Իրինդ գյուղն այս շրջանում հայտնի է իր սառնորակ աղբյուրներով ու ջրի համեմատաբար հարուստ պաշարով: «Եկանք ու տուն ստեղծեցինք ջրի ակունքին»,- պատմում են նրանք: Կրտսեր եղբոր՝ Վարդգես Քոթանյանի հետ Խնկանոս պապը թերթում է Քոթանյանների տոհմածառը պատկերող տետրի էջերն ու փորձում մեկ առ մեկ ներկայացնել այստեղ նշված անունների պատմությունը: «Գուրգե՛ն, Պետրո՛ս, Քոթա՛ն….» ,- կարդում է Վարդգես հորեղբայրն ու ընթացքում ավագ եղբոր հետ բարձրաձայն քննարկում, երբեմն էլ վիճում են՝ հակադրվելով տոհմի պատմության՝ թղթին պատկերված ճյուղավորման ճիշտ ու սխալի համար:

 Ե՛վ սասունցիները, և՛ մշեցիները, սովորաբար հայտնի են ավանդական երգ ու պարի պահպանմամբ: Հավանաբար չկա մի տուն, ուր ազգագրական պարեր չիմանան: Նրանց բոլոր ուրախ արարողությունների ժամանակ անպայման հնչում է ազգային երգը, թեկուզ, երբեմն, «ժամանակակից» երևալու ձգտող, բայց ամենևին այդ սահմանը չպատկերացնող նորի համադրումներով: Նրանք ազգային ավանդույթները, մեծերից լսած համով-հոտով պատմությունները,  բառն ու խոսքը փոխանցում են սերնդեսերունդ, կարևոր ու անխախտ առանձնահատկության նման:

Քոթանյանների ընտանիքը, սակայն, ի զարմանս մեզ, դժվար է երգում:

« Ես լէ չըմ երգի, ոչ լէ օրորոցայիններ, ի՜նչ օրորոցային…- ասում է Թագուշ տատը,- է՜հ, գինաս երգելու ժամանա՞կ իմ ունեցե, այ բալա»: Ասում է, որ հոգսն ու աշխատանքը շատ է եղել, ապրուստն էլ այն տարիներին սարսափելի դժվար: Իսկ երգելը, այն էլ՝ ազգագրական-հայրենասիրական երգեր, մեղմ ասած, արգելված էր, առավելապես՝ աքսորի ու հետապնդումների սարսափով:

 «Ըմ կեսրար գերգեր, սասունցիական, Անդրանիկի մասին երգեր:- հիշում է տատը,- Մէ հորեղբոր տղա մը ունեինք՝ գասեր՝ «Հորեղբայր երգի՛, երգի՛, վաղ կբռնին, կտանին զքեզի տադարան (դատարան)»: Էն լէ գասեր՝ «Ես գերգիմ, ինչ գուզին թող էնին, ես բրձեր իմ իմ էրգրից»… »:

Գերդաստանի միակ երգողը հայրը և Վարդգես հորեղբայրն են եղել, ով, ինչպես ինքն է պատմում, բոլոր ուրախ արարողությունների հյուրն է եղել նաև իր երգի շնորհիվ: «Բայց հիմա բառերը մոռացել եմ, չեմ հիշում»,- կտրուկ եզրափակում է նա՝ հաստատելով երգն անցյալում փակելու իր՝ թվում է թե անսասան որոշումը: Քիչ անց, սակայն, կամաց-կամաց, նաև Արսինե Խանջյանի համառ ջանքերով, մտափոխվում է:

Վարդգես հորեղբոր զավակները վաղուց ընտանիք են կազմել ու ամեն մեկը գնացել իր ճանապարհով: Որդիներից մեկն արտերկրում է: Արտերկրում է նաև նրանց ազգականուհու՝ Նոյեմի հորաքրոջ (Նոյեմզար Վարդանյան) որդին: Նա ևս միանում է զրույցին, որն արդեն երգից թեքվում է դեպի իրականություն՝ մոգական գավազանով աշխարհին իր ճիշտ ու սխալ տեղը դնելու քննարկմամբ: Արսինե Խանջյանի հարցին, թե ի՞նչ կփոխեին երկրում, եթե նախագահը իրենք լինեին, Թագուշ տատը ծիծաղում է. «Հաա՜, մեգ էղներ՝ ի՛մ կյանք փոխեր»: Հորաքույրը, սակայն, վստահ է, որ փոխելն անհրաժեշտություն է: Սիրտը նեղված է, լի է դառնությամբ: Որդին դրսում է, «մեր երեխեքն էլ սահմանին են կանգնած»: Ասում է, եթե ինքը երկրի ղեկավարը լիներ, շատ բան պիտի փոխեր առաջին հերթին կանանց կյանքում. որպեսզի ընտանիքի հոգսը ուսերին վերցրած ու սահմանին զինվոր ուղարկող մայրն այսօր հացի խնդիր չունենար: Մոգական գավազանի երկրորդ հարվածով նա պիտի մարդկանց համար աշխատատեղեր վերականգներ, որպեսզի բոլորն իր որդու նման ստիպված չլինեին Ռուսաստան մեկնել, և որպեսզի նրանց աշխատանքը նպաստեր ոչ թե ուրիշի, այլ սեփական երկրի շենացմանը:

Հետո լռություն է տիրում: Ամեն մեկն իր մտքի հետ է: Ու քիչ անց լռությունը խախտում է Վարդգես հորեղբայրը:

«Էս երգը գիտե՞ս»,- հարցնում է նա Արսինե Խանջյանին:

«Եթե բառերը հիշեցնեք, միասին կփորձենք երգել»,- ասում է Արսինեն: Ու երգում է գյուղի գրեթե բոլոր հարսանիքներին երգող, բայց հիմա բառերը մոռացած հորեղբայրը: Երգից երգ, մեղեդուց մեղեդի՝ զուգահեռաբար հյուսվում է նաև նրա կյանքի պատմությունը՝ դժվար, բայց երջանիկ օրերի կարոտով, դրանց հետզհետե մարող հիշողություններով, և, ամենակարևորը,  կոլխոզի ժողովին պատուհանից դուրս նայող աքրոստիկոսով՝ նվիրված  գյուղի ամենագեղեցիկ աղջկան՝ իր սիրած Ազգուշին:

Գյուղը շարունակում է ապրել իր առօրյա հոգսերով՝ մեջքը դրանցից կորացած, բայց նաև այն հույսով, որ մի օր կախարդական գավազանի ցանկությունն այլևս մնալու է հին ու իմաստուն հեքիաթների էջերի փոշում: Փոխարենը՝ մեծանալու և կյանք է առնելու մեր մեջ գիտակցությունը, որ երկիրը ոտքի կանգնեցնելու,  կառուցելու ու շենացնելու գործը յուրաքանչյուրիս ուսերին է, ամեն մեկիս պատասխանատվությունն ու ազնիվ պահանջն է՝ մեծից փոքր ու փոքրից մեծ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter