HY RU EN

Արաքս Մամուլյան

Ռումբ տեղադրելու մտադրություն ունենալու կասկածանքով բերման ենթարկվածներին 4 ժամ անց են խուզարկել. պաշտպան

Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիները` «Հիմնադիր խորհրդարան»- ի աջակից Կարո Եղնուկյանի երեխաները` Հակոբ, Հռիփսիմե, Էլմոն Եղնուկյանները, կինը` Ռուզաննա Եղնուկյանը և «Հայ կանանց ճակատ»-ի անդամներ Աղավնի Սահակյանն ու Գեղեցիկ Տոնոյանն ազատ եմ արձակվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան` հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշենք, որ քաղաքացիները բերման էին ենթարկվել, երբ «Հայաստան-սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցների ներկայությամբ  փորձել էին քաղբանտարկյալների նկարներով և նրանց մասին պաստառներ ու թռուցիկներ բաժանել:

Բերման ենթարկվածները, ըստ  «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանի, հետաքրքրվել են, թե ինչն է իրենց բերման ենթարկելու պատճառը և ի պատասխան` ոստիկաները նշել են, թե տեղեկություններ ունեն, որ Ռուզաննա Եղնուկյանն իր երեխաների հետ մտադիր է ռումբ տեղադրել Հանրապետության հրապարակում: Ինչ վերաբերում է բերման ենթարկված մյուս երկու անձանց, ապա, Սիմոնյանի փոխանցմամբ, ոստիկանները նրանց ասել են, թե քաղբանտարկյալների նկարներով շապիկներ են կրում:

Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ վերը նշված անձինք բերման են ենթարկվել կոնկրետ ահազանգով, սակայն չէին մանրամասնել` ինչ ահազանգի մասին է խոսք: Բերման ենթարկվածները, փաստորեն, արդեն ազատ են արձակվել, բայց Ոստիկանությունը դարձյալ հրաժարվեց բերման ենթարկելու պատճառների մասին մեզ հայտնել ավելին, քան արդեն հայտնել էր:

Մեզ հետ զրույցում Եղնուկյանների փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Ոստիկանության բաժնում իսկապես որպես բերման ենթարկելու պատճառ նշվել է ռումբ տեղադրելու մտադրություն ունենալու հանգամանքը, որն, ըստ Հայրապետյանի, աբսուրդ է: Փաստաբանը միայն մեկ հանգամանք նշեց` հիմնավորելու համար, որ ոստիկանների ներկայացրած բերման ենթարկելու պատճառը շինծու է. ըստ փաստաբանի` ռումբ տեղադրելու մտադրություն ունենալու կասկածանքով բերման ենթարկվածներին չէին կարող խուզարկել բերման ենթարկելուց 4 ժամ անց, ինչն արվել է բերման ենթարկված այն քաղաքացիների դեպքում, որոնք վերը նշված են:

Նշենք նաև, որ այս պահին Ոստիկանությունում ակցիային մասնակցող այլ քաղաքացիներ ևս կան. Հայրապետյանի փոխանցմամբ` վերջիններս բողոքի ակցիայից ուշացել և ավելի ուշ են բերման ենթարկվել:

Լուսանկարում` Տիգրան Հայրապետյանը և Կարո Եղնուկյանը