HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը մոտենում է  ավարտին: Այսօր հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ փուլում ուժերն էր չափում ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Սեպտեմբերի 19-ին և 20-ին կայացած դասական շախմատի երկու պարտիաներում կողմերը չէին կարողացել որոշել հաղթողին, քանի որ երկու դեպքում էլ գրանցվել էր ոչ-ոքի արդյունքը: Այսօր կայացած թայ-բրեյքի պարտիաներում Արոնյանն ու Վաշիե-Լագրավը երկար ժամանակ չէին կարողանում առավելության հասնել միմյանց նկատմամբ: Արագ շախմատի կանոններով անցկացված առաջին պարտիայում հաղթեց ֆրանսիացին, իսկ պատասխան պարտիայում ավելի ուժեղ գտնվեց Արոնյանը: Կայծակնային շախմատում կրկին հավասարություն գրանցվեց: Կողմերը երկու ոչ-ոքի խաղացին: Դիմակայության հաղթողի անունը հայտնի չդարձավ նաև 5+3 համակարգով անցկացված պարտիաներում:

Եզրափակչի մասնակցի անունը վճռվեց միայն «արմագեդոն» համակարգով կայացած պարտիայում: Այս դեպքում եթե 61-րդ քայլից հետո ոչ-ոքի է գրանցվում, ապա առավելությունը տրվում է սևերով խաղացող կողմին, սակայն սպիտակներով գործող Արոնյանը մատային գրոհ սկսեց և 78-րդ քայլին ստիպեց հանձնվել Վաշիե-Լագրավին:

Այսպիսով, 34-ամյա Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի չինացի 24-ամյա գրոսմայստեր Դին Լիրենի հետ, ով կիսաեզրափակչում կրկին թայ-բրեյքում առավելության էր հասել աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի՝ ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյի նկատմամբ:

Անկախ եզրափակչի արդյունքից՝ Արոնյանն ու Լիրենը 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին, որի հաղթողը իրավունք կստանա աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկել մոլորակի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնում էին ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մրցաշարի մեկնարկային՝ 1/64 եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:

Աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի էր ունենում «նոքաութ» համակարգով, այսինքն՝ դիմակայության պարտվողը լքում էր մրցաշարը: Դասական շախմատի երկու պարտիաների հավասար արդյունքի դեպքում անցկացվում էին արագ, կայծակնային, 5+3 և «արմագեդոն» համակարգով պարտիաներ: Միայն եզրափակչում է անցկացվելու դասական շախմատի չորս պարտիա:

Լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի

Մեկնաբանություններ (1)

ռոբերտն Թովմասյան
Բարև Ձեզ ,ցանկանում եմ Ձեր կայքի միջոցով մի թեմայի մասին խոսել: Իմ կարծիքով, երևի շատերը ևս կհամաձայնեն ինձ հետ, ՝՝սպորտային երկրպագուներ՝՝ արտահայտության փոխարեն կարելի է ասել աջակիցներ, ,թե չէ, կարծում եմ, քրմերն էին ժամանակին երկրպագում բազմաստվածներին : Շնորհակալություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter