
«Ռոսկոմնադզորը» դիմել է «Հետք»-ին Ռուբեն Թաթուլյանին վերաբերող հրապարակումը հեռացնելու խնդրանքով
«Հետք»-ը նամակ է ստացել Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունից (Роскомнадзор), որով ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռուբեն Թաթուլյանը դիմել է իրենց՝ խնդրելով աջակցել իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին «Հետք»-ն անդրադարձել էր Չեխիայում Ռուբեն Թաթուլյանի (մականունը՝ Ռոբսոն) ձերբակալմանը՝ հղում կատարելով ռուսաստանյան լրատվամիջոցներին և այնտեղ հեռարձակված տեսանյութերին, որոնք այսօր էլ հասանելի են համացանցում։ Համաձայն հաղորդագրությունների՝ նրա մոտ հայտնաբերվել էր ՀՀ դիվանագիտական անձնագիր:
«Ռոսկոմնադզոր»-ը հայտնել է, որ ՌԴ-ն մեծ ուշադրություն է դարձնում քաղաքացու անձնական տվյալների մշակման ժամանակ նրա իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերին, այդ թվում՝ անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության պաշտպանությանը: Ծառայությունը հղում է կատարել «Անձնական տվյալների մասին» ՌԴ 2006թ. հուլիսի 27-ին ընդունած օրենքին, որի վերահսկողությունը վերապահված է Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությանը:
Համաձայն օրենքի 17-րդ հոդվածի՝ եթե անձնական տվյալների սուբյեկտ հանդիսացող անձը համարում է, որ օպերատորն իր անձնական տվյալների մշակումն իրականացնում է ՌԴ «Անձնական տվյալների մասին» օրենքի խախտումներով կամ այլ կերպ իր իրավունքներն ու ազատություններն է խախտում, նա իրավունք ունի բողոքարկել օպերատորի գործողությունները կամ անգործությունը համապատասխան իրավասու մարմնին՝ իր անձնական տվյալները պաշտպանելու նպատակով:
Այս իրավունքի իրացման նպատակով էլ Ռուբեն Թաթուլյանը դիմել է «Ռոսկոմնադզոր»-ին՝ աջակցելու իր անձնական տվյալները «Հետք» ինտերնետային կայքից հեռացնելու հարցում՝ առանց համապատասխան համաձայնության:
Ռուբեն Թաթուլյանի դիմումը քննելուց հետո «Ռոսկոմնադզորն» արձանագրել է անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը:
Եվ այդ իրավունքների պաշտպանության նկատառումներով «Ռոսկոմնադզոր»-ը խնդրել է աջակցել Թաթուլյանի անձնական տվյալները «Հետք»-ից ջնջելու հարցում:
Այլ կերպ ասած՝ Ռուբեն Թաթուլյանն ուզում է օգտվել մոռացվելու իրավունքից: Սակայն ռուսաստանյան բազմաթիվ կայքերում և նույնիսկ YouTube-ում պահպանվում են նրա չեխական արկածների մասին թե´ հրապարակումները, թե´ տեսանյութերը:
Անհասկանալի է մնում, թե Ռուսաստանի Դաշնության պետական մարմինը ինչ հիմքով է հայաստանյան լրատվամիջոցից պահանջում նյութը հեռացնել։ Անհասկանալի է նաև, թե Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող դիվանագետն ինչու է դիմել այլ երկրի պետական մարմնին։ Նա նման պահանջով կարող էր դիմել Հայաստանի արդարադատության նախարարությանը։
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել