
«Դա արհեստական տեղահանում է»,- ասում է Սիլվա Ադամյանը
Լարվածությունը գագաթնակետին է հասել Սյունիքի մարզի Քաջարան գյուղում: Տեղի բնակիչները, ինչպես նաև` բնապահպաններն ու հասարակական կազմակերպություններն իրենց անհամաձայնությունն են արտահայտում ՀՀ կառավարության` ս/թ. ապրիլի 28-ի 627-Ն որոշման վերաբերյալ, ըստ որի` Սյունիքի մարզի մի շարք վարչական տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել և տրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` հանքարդյունաբերական նպատակով: Գերակա շահ ճանաչված տարածքն ընդգրկում է վեց գյուղ, որոնցից մեկն էլ Քաջարանն է:
«Պետք է ճշտենք, թե որքանով է համապատասխանում կառավարության այս որոշումը մեր օրենսդրությանը: Պարզելու ենք, թե ինչ հիմնավորմամբ է այդ հողերի նկատմամբ գերակա շահ ճանաչվել,- ասում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:- Եթե արդյունաբերողը ցանկանում է ընդլայնել իր գործունեության տարածքները, նա պետք է նախագիծ ներկայացնի, հանրային լսումներ անցկացնի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում /ՇՄԱԳ/ անցնի, նոր միայն որոշում տրվի: Իսկ ՇՄԱԳ-ը ցույց կտար անմիջական բացասական ազդեցությունը էկոհամակարգի վրա»:
Նախիջևանի սահմանից 4 կմ-ի վրա գտնվող Քաջարանի բնակիչները պատրաստ են պայքարել իրենց հողի համար: Քաջարանցիներին են միացել բնապահպանները: Գործում է թեժ հեռախոսագիծ. խնդրով անհանգստացողները մշտապես կապ են պահպանում քաջարանցիների հետ, որպեսզի նրանք միայնակ չզգան:
Չնայած կառավարության որոշման մեջ Քաջարանը տարհանելու մասին խոսք չկա, սակայն գյուղի հարեւանությամբ հանքը շահագործելու դեպքում գյուղացիները ստիպված են լինելու լքել բնակավայրը:
«Դա արհեստական տեղահանում է. չեն ասում` էստեղից դուրս եկեք, բայց մարդիկ ստիպված պիտի լինեն հեռանալ իրենց բնակավայրերից: Մենք մեր բոլոր ուժերը ներդնելու ենք, որպեսզի մարդկանց չտեղահանեն,- վստահեցնում է Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:- Վերջին տարիներին տեղահանման հարց է արծարծվում Լեռնաձորում: ժողովրդի մեջ վախ է մտել, որ ամեն վայրկյան կարող են իրենց տեղահանել, և լեռնաձորցիները չեն կարողանում իրենց տնտեսությունն արդյունավետ վարել: Անասնապահությունն իսպառ վերացել է, շինարարությունը` դադարել, երիտասարդները հեռացել են գյուղից: Պիտի չթողնենք, որ նույնը կրկնվի նաև Քաջարանում»,- ասում է Ս. Ադամյանը:
Շարունակական պայթեցումների հետևանքով այսօր սահմանամերձ այդ տարածքը դեգրադացվում է և վերանում` որպես բնակավայր և բնաշխարհ: Մինչդեռ Քաջարանը բուսակենդանական կազմով աշխարհի ամենահետաքրքիր անկյուններից է: Ընդհանրապես, Զանգեզուրը հայտնի է իր եզակի թռչնաշխարհով և կենդանիներով: Հենց մոլիբդենի հանքի կողքի ձորում հանդիպում են մացառախոզ, շնագայլ, ընձառյուծ, արջ, վայրի այծ, որոնցից չորսը գրանցված է Հայաաստանի Կարմիր գրքում, երեքը, ինչպես նաև` կովկասյան մայրահավը, միջազգային Կարմիր գրքում:
«Բնապահպանական կազմակերպություններով պետք է դիմենք տարբեր ատյանների` մարդու իրավունքների պաշտպանին, Սահմանադրական դատարան, Գերմանիայի մեր գործընկերներին («Քրոնիմետ Մայնինգ» գերմանական ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 %-ի բաժնետերն է), որպեսզի պաշտպանենք մեր սահմանադրական իրավունքները», -ասում է Ի. Զարաֆյանը:
Մեկնաբանել