
«Հետք»-ը ճանաչվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց
Այսօր` «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ, «Հետք»-ը հայտարարվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրատվամիջոց: Մրցանակը շնորհել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիյուն։
Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը տեղի է ունենում արդեն 15-րդ անգամ:
Ինչպես հայտնում է ԻԱԿ-ը` մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ Ոսկե բանալին շնորհվել է հետևյալ անձանց և կազմակերպություններին.
Ամենաբաց գերատեսչություն, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ճանաչվել է Շիրակի մարզպետարանը: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին Ոսկե բանալի մրցանակը հանձնել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը։
Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք է ճանաչվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագրի պաշտոնական կայքը՝ www.geo-fund.am: Ոսկե բանալի մրցանակը տրվել է ծրագրի ղեկավար Լիլիա Շուշանյանին:
Տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն է ճանաչվել «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը: ՀԿ-ի նախագահ Զարուհի Բաթոյանին Ոսկե բանալի մրցանակը շնորհել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող հանրային գործիչ է ճանաչվել Անահիտ Բախշյանը: Ոսկե բանալին նրան շնորհել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերը:
Տեղեկատվութան ազատության խախտված իրավունքի համար ամենահետևողական պայքարող իրավապաշտպան է ճանաչվել «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության իրավաբան Դավիթ Ասատրյանը: Նրան մրցանակը հանձնել է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը։
Այս տարի առաջին անգամ ԻԱԿ-ի կողմից Հատուկ մրցանակ է շնորհվել բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանին՝ որպես տեղեկատվության տրամադրումն ամենաարագն ու արդյունավետն ապահովող պատասխանատու:
Մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը' Ժանգոտ կողպեքը, տրվել է Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես 2017թ.-ի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ-մարմին:
ՏԱ ամենամյա մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Տեղեկատվության մատչելիությունը բաց կառավարման և հանրային մասնակցության ապահովման համար» ծրագրի շրջանակներում:
լուսանկարը` ԻԱԿ-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել