HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում բարձրացել է երկրորդ հորիզոնական

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների անհատական վարկանիշային թարմացված աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նախորդ ամսվա համեմատ 2 կետով բարելավել է իր ցուցանիշը՝ 4-րդ հորիզոնականից բարձրանալով 2-րդ հորիզոնական:

Չնայած վարկանիշային աղյուսակում գրանցած առաջընթացին՝ Արոնյանի ԷԼՈ-ի գործակիցը 1 միավորով նվազել է՝ 2802-ից դառնալով 2801: Դասակարգման աղյուսակը նախկինի նման գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով իր հաշվին ունի 2826 վարկանիշային միավոր:

Առաջատար տասնյակում տեղ են գտել նաև ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2794), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2794), ռուս Վլադիմիր Կրամնիկը (2794), ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը (2791), ամերիկացի Ուեսլի Սոն (2788), ռուս Ալեքսանդր Գրիշչյուկը (2785), հնդիկ Վիշվանաթան Անանդը (2783) և ամերիկացի Հիկարու Նակամուրան (2774):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Լևոն Արոնյանը հաղթող էր ճանաչվել Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նվաճելով հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Մրցումային տարում դա 34-ամյա գրոսմայստերի 4-րդ տիտղոսն էր: Մինչև այդ նա հաղթել էր նաև 3 այլ մրցաշարերում. ապրիլին` Բադեն-Բադենում կայացած «GRENKE Chess Classic»-ում, հունիսին՝ Ստավանգերի «Norway Chess» մրցաշարում, ինչպես նաև օգոստոսին Սենտ-Լյուիսում կայացած Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլում:

ՖԻԴԵ դասակարգման աղյուսակի լավագույն հարյուրյակում, բացի Արոնյանից, կա Հայաստանը ներկայացնող ևս երեք գրոսմայստեր: Սերգեյ Մովսիսյանը 2671 վարկանիշային միավորով 76-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 2667 միավորով 77-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը 2657 միավորով 92-րդն է: ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը 2657 միավորով հանգրվանել է 94-րդ հորիզոնականում:

Լուսանկարը՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքի