HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Անտառահատները փորձում են խափանել հսկողության ուժեղացումը

«Հետք»-ին հայտնի դարձավ, որ Դիլիջանի հարակից գյուղերի՝ անտառափայտի բիզնեսով զբաղվող խմբերը փորձում են ազդել ազգային պարկում հսկողության ուժեղացման գործընթացների վրա: 

Մասնավորապես, կառավարության կողմից «Պանտեռա» պահնորդական ընկերությանն ազգային պարկի հսկողությունը վստահելուց հետո բազմաթիվ երիտասարդներ հրաժարվել են ներգրավվել պահնորդական աշխատանքներին զուտ այն բանի համար, որ նրանց հարազատները, հարեւանները, ծանոթները եկամուտ են ստանում անտառի հաշվին, եւ որ իրենք մարդկայնորեն կաշկանդված են հենց այդ փաստով: 

Այս եւ տեխնիկական մի քանի հարցեր պատճառ են հանդիսացել, որպեսզի «Պանտեռայի» կողմից պահնորդական աշխատանքներ իրականացնելն ազգային պարկում ավելի քան մեկ ամիս հետաձգվի: 

Հիշեցնենք, որ անտառային ռեսուրսների պահպանությունը մասնավորին վստահելու որոշումը նախարարությունը կայացրել է այն բանից հետո, երբ «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ստուգումների արդյունքում հայտնաբերվեց ավելի քան 6000 ծառի ապօրինի հատում: «Պանտեռայի» աշխատակիցները կվերահսկեն ազգային պարկի առավել ռիսկային համարվող Հաղարծին, Դիլիջան եւ Շամախյան հատվածները: 

Պահնորդական ընկերությունը պետք է պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարմանն անցներ սեպտեմբերի 1-ից, այնինչ ավելի քան մեկ ամսով գործընթացն ուշացել է: 

«Պանտեռա» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանը, պատասխանելով «Հետքի»՝  «պահնորդները գլուխ կհանե՞ն անտառների պահպանության բարդ գործից» հարցին, պատասխանեց. «Լուրջ ոլորտ է: Եկեք անկեղծ լինենք, մենք էդ մարդկանց հացը կտրում ենք: Էդ տարածքի բնակչությունը 30 տարի սովորել է, որ անտառը պետք է կտրեն, վաճառեն ու դրանով ապրեն: Իրենք դրան սովոր են, էդ պատճառով նման վայրագ միջոցառումներ են կազմակերպում, բողոքում, որպեսզի խանգարեն մեզ: Բայց մենք էլ ենք խիստ տրամադրված, որպեսզի հասկացնենք՝ գողանալով չէ, եղբայր, գնա ուրիշ աշխատանքի: 

Մի կողմից ասում ենք՝ պետք չէ գողանալ, մյուս կողմից հասկանում ենք, որ իրենք էլ զբաղված լինելու մեծ հնարավորություններ չունեն: Հույսներս նա է, որ, ըստ խոսակցությունների, «Կովկասի բնության հիմնադրամը» նախատեսում է տարածքի բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրեր իրականացնել: Եթե դա լինի, ապա անտառից եկամուտ ստացող գյուղացիներն էլի գումար կվաստակեն՝ առանց անտառին վնաս պատճառելով»: 

Պահնորդների եւ անտառահատների միջեւ հնարավոր խնդիրներից խուսափելու համար, «Պանտեռայի» ղեկավարությունը փորձում է պահնորդների կազմը համալրել համեմատաբար հեռավոր գյուղերի բնակիչներով, մասնավորապես՝ Իջեւանի տարածաշրջանի: 

Ընկերությունը նաեւ խորհրդակցություն է ունեցել համայնքային իշխանությունների եւ իրավապահ մարմինների հետ: Մոտ 3-4 ամիս է` իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Որոշակի երկար է տեւել անտառների հանձնել-ընդունելու՝ այսպես ասած գույքագրման գործընթացը: 

«Ազգային պարկի աշխատակազմի հետ շատ երկար ենք քննարկել, իրար չէինք հասկանում, թե ինչպես ենք անտառն ընդունելու եւ հանձնելու, ով ինչի համար է պատասխանատու: Չէ՞ որ անտառապահներն էլ իրենց խումբն ունեն, պետք է հստակեցվի՝ իրե՞նք ինչի համար են պատասխանատու լինելու: Այս օրերին էլ մեր աշխատակիցները գտնվում են ազգային պարկում եւ ընթանում է հարաբերությունների ձեւավորման վերջնական փուլը»,-ասաց Վահե Դարբինյանը: 

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն աշխատանքից հեռացվել են ազգային պարկի մի քանի աշխատակիցներ, որը պայմանավորված չէ «Պանտեռայի» գործոնով:

«Քանի որ ազգային պարկի հսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելը փորձնական է եւ ռիսկային, մենք ձեռնպահ մնացինք մեծ ծավալի ազատումներից: Բայց արդեն կրճատումներ արվել են, եւ խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք այսպես թե այնպես, անկախ իրավիճակից, պետք է ազատվեին՝  պայմանավորված իրենց աշխատանքի որակով»,-ասաց Հովհաննիսյանը: 

Ազատվածների թիվը մոտ 15 է: Նրանց փոխարեն առայժմ նոր ախատակիցներ չեն ընդունի: 

Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես խոսեց հասարակական ճնշումներից` ասելով, որ նախարարությունում ակնկալում էին հանրային համակրանքի արժանանալ, այնինչ լավագույն դեպքում քար լռություն էր, իսկ որոշ դեպքերում հանրությունը պաշտպանում էր անտառը հատողներին: 

«Մենք դժվար փուլ ենք անցնում: Փոփոխություններ անելը հեշտ չի լինելու: Երբ մարդիկ տեսնում են, որ որոշ տարրերի կողմից կազմակերպված բողոքի ակցիաներով փորձում են անտառը հսկող մարդկանց վրա ճնշում գործադրել, խուսափում են պատասխանատվություն վերցնել: Խոսքը պահնորդների եւ մեր անտառապահների մասին է: Մարդիկ հասկանում են, որ էդ բողոքողները վաղը կամ մյուս օրը կարող են ուժեղացնել ճնշումները, փորձելու են կտրել, գողանալ եւ այլն: Բայց անտառները պահպանելու համար մենք պետք է կասեցնենք բիզնեսի մուտքն ազգային պարկ»,-նշեց նախարարության աշխատակազմի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter