HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Սեյսմավտանգ դպրոցների ծրագիրը նախորդ տարի իրականացվել է նախատեսվածի 20%-ով

Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. կնքվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի համաձայնագիրը, որի բյուջեն կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի իրականացման երկրորդ տարին է․ նախատեսված գործողությունների պլանն ու իրականացվածը միմյանց չեն համապատասխանում։ Այս մասին են վկայում Ասիական զարգացման բանկի և ծրագիրն իրականացնող հիմնադրամի հաշվետվությունները։

80% շեղում՝ միայն ըստ աուդիտի

Վարկային ծրագրի բյուջեից 88,5 միլիոն ԱՄՆ դոլարը Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկն է, իսկ 18,5 միլիոն դոլարը՝ կառավարության ներդրումը։ Ծրագիրն իրականացնող մարմինը (implementing agency) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է։

Ծրագրի հիմնական շահառուները «բարձրացված սեյսմակայունությամբ և վերակառուցված դպրոցների մոտ 58,700 աշակերտներն են, ուսուցիչները և հարակից տարածքների թվով մոտ 87,500 բնակիչները, քանի որ երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցները կծառայեն որպես ժամանակավոր կացարաններ և ապաստարաններ»:

Վարկային միջոցներով նախատեսվել է ուժեղացնել (strengthen) կամ վերակառուցել (reconstruct) Հայաստանում սեյսմավտանգ համարվող առնվազն 46 դպրոց: Ավելի վաղ գրել ենք, որ կառավարության որոշմամբ հաստատված սեյսմավտանգ դպրոցներն այժմ 425-ն են: Հետևաբար, շուրջ 107 միլիոն դոլար բյուջե ունեցող այս վարկային ծրագիրը կարող է անվտանգ դարձնել սեյսմավտանգ դպրոցների միայն շուրջ 11%-ը:

Վարկային ծրագիրը, ըստ համաձայնագրի, ունի հինգ բաղադրիչ և տոկոսներ՝  ֆինանսական միջոցների հետևյալ բաշխմամբ։

Համաձայնագիրը կնքվել է Հատուկ փոխարկման իրավունք (SDR) գումարով, 1SDR=1,34433 USD փոխարժեքով

Վարկի համաձայնագիրը ստորագրվել է 2015թ․ հոկտեմբերին։ Նույն տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ծրագրով դեռևս ծախս չի կատարվել։ Բանկն այդ տարի ՀՏԶՀ-ին հատկացրել է շուրջ 21,9 միլիոն դոլար կանխավճար։

Ֆինանսական վերջին հաշվետվությունը ներկայացվել է 2015-2016թթ․-ի համար (դեկտեմբերը ներառյալ)։ Ըստ այդմ՝ 2016թ․ վերջի դրությամբ հիմնադրամի ստացած ֆոնդերն արդեն կազմել են շուրջ 25,7 միլիոն դոլար։

Այս գումարից շուրջ 4,4 միլիոն դոլարը նախատեսված է եղել ծախսել ծրագրի 2016թ․ անելիքների վրա։ Սակայն կատարված աուդիտից պարզվում է, որ տարվա ընթացքում ծախսվել է նախատեսվածի ընդամենը շուրջ 20%-ը (մոտ 879 հազար դոլար)։

Ընկերությունը ներկայացրել է կատարված ծախսերը՝ ըստ ծրագրի բաղադրիչների։ Դրանից էլ տեղեկանում ենք, թե որ բաղադրիչներում է եղել 80% շեղումը, որը կազմել է շուրջ 3,5 մլն դոլար:

Առանց շեղման վճարվել է միայն վարկի՝ տվյալ տարվա համար նախատեսված տոկոսը՝ շուրջ 388 հազար դոլարը։ Համեմատաբար քիչ շեղմամբ կատարվել է «Ծրագրի կառավարման և իրականացման կարողության բարձրացում» բաղադրիչով նախատեսված ծախսը։ Ավելի պարզ՝ սա ծրագիրն իրականացնող հիմնադրամի՝ ՀՏԶՀ-ի գործառնական ծախսերն է, այդ թվում՝ աշխատավարձերը։ Այս նպատակով նախատեսված շուրջ 200 հազար դոլարից ծախսվել է 138 հազար դոլարը կամ շուրջ 70%-ը։

Էական շեղում է գրանցվել հիմնական՝ «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում բաղադրիչում»։ Նշենք, որ հենց այս բաղադրիչով է նախատեսվում 46 դպրոցների բարելավումն ու վերակառուցումը։ Տարվա համար այս նպատակով նախատեսված է եղել մոտ 3,8 միլիոն դոլար, սակայն ծախսվել է շուրջ 352 հազար դոլարը, կամ արվել է նախատեսվածի ընդամենը մոտ 10%-ը։ 

Եթե ամփոփելու լինենք արված աուդիտը, ապա պետք է նշենք, որ Հիմնադրամը պարտաճանաչ վճարել է վարկի տոկոսները, իսկ գործառնական նպատակներով հատկացված ֆոնդի շուրջ 70 տոկոսն օգտագործելով՝ կատարել է ծրագրի հիմնական բաղադրիչով նախատեսվածի միայն 10 տոկոսը։ 

Սեյսմավտանգ դպրոցներից որևէ մեկը դեռ վերակառուցված կամ վերանորոգված չէ

Վարկային ծրագրի համաձայնագիրն ունի հավելված՝ «Վճարման հիմք հանդիսացող ցուցանիշներ» (ՎՀՑ)։ Վարկային միջոցները, ըստ համաձայնագրի, հասանելի են միայն ՎՀՑ-ի համապատասխան ցուցանիշների բավարարման դեպքում։ Սա, ավելի պարզ՝ ծրագրի գործողությունների պլանն է։

Ամենամեծ արժողությունն ունեցող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» բաղադրիչով 2015թ․ պետք է ավարտվեին և հաստատվեին 8 առաջնահերթ դպրոցների ուժեղացման և վերակառուցման մանրամասն նախագծերը։ 

Հիմնադրամը, սակայն, 2015թ․ համար ծախս չի ներկայացրել և միայն 2016թ․ հունիսից է պաշտոնական կայքում սկսել հրապարակել նշված դպրոցների նախագծերը: 2017թ․ առաջին կիսամյակի (հունվար-հունիս) հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ «սկսել է 8 դպրոցների հետ կապված աշխատանքները»։ Իսկ 2017թ․ հուլիսին, երբ կառավարությունը հաստատեց Հայաստանում սեյսմավտանգ դպրոցների վերջնական ցանկը, նախագծային փաստաթղթերում նաև հայտնեց, որ 7 դպրոցներ «նախագծվում են» Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով․ սա նշանակաում էր, որ 2015թ․ նախատեսված գործողությունը դեռ արվում էր 2017-ին։ 

Քարտեզում կարող եք տեսնել, թե որ 8 դպրոցներն են ընտրվել ծրագրով, յուրաքանչյուրում աշխատանքներն ինչ փուլում են։ Դրանցից մեկի՝ Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախագիծը 2017թ․ հունիսի դրությամբ դեռևս վավերացված չի եղել։ 

Ծրագրի գործողությունների պլանով՝ 2016թ․-ին MSK (Medvedev–Sponheuer–Karnik) սանդղակով 9 բալանոց ցնցումներին դիմակայող դպրոցների թիվը Հայաստանում պետք է ավելանար 9-ով, 2017թ․՝ 27-ով, իսկ 2020թ․, որը ծրագրի իրականացման վերջին տարին է, 46-ով։ Այսինքն՝ այս պահին առնվազն պետք է ունենայինք բանկի վարկային ծրագրով ուժեղացված կամ վերակառուցված 9 դպրոց (տես համաձայնագրի 15 և 16-րդ էջերը)։ Սակայն 2017թ․ հունիսի դրությամբ որևէ դպրոց ուժեղացված կամ վերակառուցված չի եղել։ Ըստ ՀՏԶՀ-ի՝ մեկնարկել է 8 դպրոցներից Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի շինարարությունը, մի քանի դպրոցների շինարարական պայմանագրերը կնքվել են (մանրամասն՝ քարտեզում)։

Նշենք, որ այս վարկի տոկոսները, որ կազմում են մոտ 4,7 միլիոն ԱՄՆ դոլար, վճարվելու են ծրագրի իրականացման ընթացքում հենց վարկային միջոցներից, իսկ մայր գումարը փակվելու է 2020թ․-ից մինչև 2040-ը՝ բյուջեից տարեկան տանելով ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter