HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բնապահպանության նախարարը՝ սպիտակագլուխ անգղերի որսի մասին

Կենդանական աշխարհի նկատմամբ վայրագություն ցուցաբերող անձինք խստագույնս պատասխանատվության պետք է ենթարկվեն։

Այս մասին ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով «Հետք»-ի դիտարկմանը, թե Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերի որսի լուսանկարներ են հայտնվել սոցցանցում և մամուլում։ Հիշեցնենք, որ լուսանկարներում պատկերված անձանցից մեկը Շենավանի ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մկրտչյանն է, որը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, թե պարզապես ճանապարհին ընկած կենդանիներ է տեսել և որոշել է լուսանկարվել։

«Ոստիկանությունը հրապարակել է գործողությունների վերաբերալ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությունը։ Լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են գործողություններ, ոստիկանությունը շատ արագ պարզել է, որ պետհամարանիշը խոտանված է դեռևս 2013 թվականից, իսկ դա նշանակում է, որ դեպքն առնվազն դրանից հետո չի եղել։ Ինչևէ, սա հանցագործություն է բոլոր հատկանիշներով, և նյութերի հավաքագրումից հետո վստահ եմ՝ արժանի պատիժ կլինի»,- ասաց նախարարը։

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նախարարությունը մտադիր է ավելի խստացնել նման դեպքերով քրեական պատասխանատվության համակարգը. «Որովհետև այսօրվա գործող օրենսդրությունն, իմ գնահատմամբ, բավականին մեղմ է նման հանցատեսակների համար, և առհասարակ որսի կանոնների փոփոխություններ ենք մտադիր իրականացնել որսորդական տնտեսությունների համար։ Այնպիսի կանոններ, որ ինչպես քաղաքակիրթ երկրներում է՝ ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,- նկատեց նախարարը։

Մեր դիտարկմանը, որ ըստ Շենավանի համայնքապետի կենսագրության՝ վերջինս նախկինում ևս սկանդալային պատմությունների մեջ է եղել, անգամ քրեական գործ է հարուցվել իր նկատմամբ, իսկ ըստ իր լուսանկարների՝ որսի սիրահար է, տարօրինակ չէ՞, որ պարզապես ճանապարհին ընկած կենդանիներ է տեսել և որոշել լուսանկարվել, նախարարն ասաց․ «Չեմ կարող այս պահին նման հարցի պատասխանել, որովհետև կա անմեղության կանխավարկած, նաև իմ իրավասություններից դուրս է։ Պետք է հասնենք նրան, որ օրենքի ամբողջ խստությամբ ենթարկվեն պատասխանատվության»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter