
Ստեփանավանի քաղաքապետը 10 հազար դոլար նվիրատվություն է ստացել
Միքայել Ղարաքեշիշյանն արդեն 5 տարի է զբաղեցնում է Ստեփանավանի համայնքապետի պաշտոնը: Նա այս տարի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիր: Այն ներառում է հուլիսի 1-ի դրությամբ համայնքապետի առկա ունեցվածքը:
Միքայել Ղարաքեշիշյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք, որից 1-ը՝ առանձնատուն, 2-ը՝ բնակարան, մեկական՝ արտադրական և հասարակական նշանակության շինություններ եւ 4 միավոր հողամաս:
Ստեփանավանի համայնքապետն ունի նաև երկու ավտոմեքենա. մեկը` MOSKVICH 21412, մյուսը՝ LEXUS LX 570 մակնիշի:
Որպես եկամուտ Միքայել Ղարաքեշիշյանը հայտարարագրել է միայն աշխատավարձը, որը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1 մլն 347 հազար դրամ, ինչպես նաև` ստացած նվիրատվությունը՝ 10 հազար ԱՄՆ դոլար: Օրենքով հրապարակման ենթակա չէ նվիրատուի անունը, ուստի հնարավոր չէ ասել, թե ով է քաղաքապետի նկատմամբ այդքան շռայլ գտնվել:
Ինչ վերաբերում է ունեցած դրամական միջոցներին, ապա համայնքապետը հուլիսի 1-ի դրությամբ հայտարարագրել է 9 մլն դրամ և 55 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ մինչ համայնքապետ ընտրվելը Մ. Ղարաքեշիշյանը եղել է Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենը, իսկ դրանից առաջ՝ «Հայ մարմար գրանիտ»-ի Ստեփանավանի տեղամասի պետը:
Միքայել Ղարաքեշիշյանը քաղաքապետի պաշտոնում փոխարինեց եղբորը՝ Սարգիս Ղարաքեշիշյանին, իսկ իրեն սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենի պաշտոնում փոխարինեց որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել