HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնկարկում և աղոթք «Կարմիր տեռորի» բոլոր նահատակներին

«Արի՛, արի՛, իմ ծուռ գրիչ և կեղտոտ քառակուսի թանաքաման: Իմ կյանքի ընկերներ՝ իմ կյանքն ու իմ հոգին: Դուք իմ հոգու մրմունջներին արձագանքողներ ու հավերժացնողներ: Դուք իմ բանտի ու աքսորի ընկերներ, որ տաժանակրությունս այնքան թեթևացրիք, որ չիմացա, թե ինչպես անցավ հալածանքիս քսան տարին: Դուք ինձ օգնեցիք անջնջելի սև բիծ դնելու իմ անարգ հալածիչների անամոթ ճակատներին, որ պատմությունը իր անվերջանալի ընթացքում կարդա ու թքի նրանց երեսին:

Ես մեղավո՞ր եմ այն բանի համար, որ անհատ եմ ծնվել և անհատ պիտի մեռնեմ: Ես ասում եմ միայն ճշմարտությունը: Եթե մայրս ինձ «մասսա» ծներ, և ես մեռնեի որպես «մասսա», պիտի թաքցնեի կամ խաբեի՞ ձեզ: Հիմա՛ր բոլշևիկներ: Դո՛ւք, որ ուտելու ժամանակ անհատ եք, կշտանալուց հետո՝ մասսա:

Դուք ո՛չ միայն անհատ եք, այլ անհատի կատաղած տեսակը»։

 Լեռ Կամսար 

Հայ գրականագիտությունը Լեռ Կամսարի համար շուրջ 20 տարվա լռություն էր հաշվարկել՝ 1935-1955թթ., այսինքն՝ բռնադատումից մինչև ընդհանուր համաներումը: Հաճախ նույնիսկ գուժել են, որ 30-ական թվականներից երգիծաբանը հեռացել է քաղաքական իրադարձություններից, ուշադրությունը կենտրոնացրել է միայն կենցաղային անկարգությունների, սիրային ինտրիգների վրա և, ի վերջո, բոլորովին լռել:

Հրանտ Թամրազյանն, օրինակ, իր գրախոսականներից մեկում սրտնեղել է՝ «Ինչպե՜ս կարելի էր այսպիսի գրողին քսան տարի լռեցնել»:

Քսա՜ն տարի: Անհավատալի է: Մի՞թե նա կարող էր այդքան երկար լռել, երբ ամենափոքր անարդարությունից և անիրավությունից պոռթկում էր: Լռեցնելն ու չլսելը դեռ չի նշանակում, որ մարդը չի խոսել, չի ընդդիմացել (երգիծանքը բողոք է և ընդվզում): Գրողին չտպելը դեռ չի ենթադրում, որ նա չի գրել: Գրող, ում լռեցնելն այնքան էլ հեշտ չէր՝ լսելի լինելու հնարը նա միշտ էլ գտնում էր:

Ահա, թե ինչ է պատմում նրա ժամանակակիցը. «1922-23-26-ին ան իր յօդվածները կը բազմագրեր ու երբ «Խորհրդային Հայաստան» օրաթերթի խմբագիրները կը մերժեին իր գրութիւնները, ան կը դիմեր Չեկայի նախագահ՝ Մելիք Յովսեփեանին, և երբ Մելիք Յովսեփեանը կը մերժեր ու ձեռքեն կառներ յօդուածը՝ յոդուածին յաջորդ պատճենով կը վազեր կուսակցութեան քարտուղար Աշոտ Յովհաննիսյանին կամ թե Գոմիսարներու խորհուրդի նախագահ Ալեքսանդր Միասնիկյանին: Երեքն ալ խիստ զբաղուած մարդիկ, որոնք հնարավորութիւն չունեին կարդալու գրութիւնները, ու միշտ ալ տեղի տալով Լեռ Կամսարի պնդումներուն, թե «անվնաս» մի բան է՝ ստորագրեցեք, և անոնց մեկն ու մեկուն մակագրութիւնը առնելե վերջ գրութիւնը փոխանակ խմբագրապետին ներկայացնելու, ուղղակի գրաշարներուն կը տաներ: Գրաշարները որոնք մեծ հաճոյք կըզգային Լեռ Կամսարի գրութիւններեն, իսկոյն կը վերցնեին Արամեն[1] և արամեան տառերով թերթին ամենեն աչքի ընկնող մեկ էջին վրայ կը տպեին, մատնելով թերթի խմբագիրը անել մի կացութեան, որ իր հերթին կը պատասխաներ զայրացած պաշտօնեաներուն, թե.

- Ես ի՞նչ կրնամ ընել՝ ահա մակագրութիւնը կուսակցութեան քարտուղարին կամ գոմիսարներու խորհուրդի և կամ չեկայի նախագահին:

Պատկերը կը լրացնեին դերասանները, որոնք ներկայացումներեն առաջ ժողովուրդին կը կարդային Լեռ Կամսարի գրութիւնները՝ զուարճացնելով ներկաները:

Քննադատւողները զուր տեղ կը փնտրեին Լեռ Կամսարը, և երբ անոնք իրենց զայրոյթին հետ սրահը կը ձգեին, չը գիտես ուրկե ուր՝ Լեռ Կամսարը իր դեմքը ցոյց կուտար հասարակութեանը՝ ընդունելու համար իր յաղթանակին ծափերը»[2]:

Եթե Կամսարը 1935-ի նոյեմբերի 25-ին ձերբակալվելուց հետո, նույնիսկ Չեկայի մութ նկուղների պաղ, ցեմենտե հատակի վրա, ոջիլների ընկերակցությամբ մի օր անգամ չի ընդհատել խորհրդային իրականությունը նկարագրող իր հայտնի օրագրությունը (տես «Բանտիս օրագիրը», «Ամարաս», 2010), ինչպե՞ս կարող էր գրիչը 20 տարով վայր դնել:

Չեկայի յոթանասուներեքօրյա դատաքննությունից և երեք տարվա ազատազրկման դատապարտելուց հետո երգիծաբանին ուղարկում են Երևանի Կենտրոնական բանտ: Բանտում մնում է վեց ամիս:

Որպես արդեն հմուտ բանտարկյալ, Կամսարը բանտախուց նետված նորեկներին լուսաբանում էր.

« - Դատապարտվելուց հետո կալանավորների մի մասին կվերցնեն գնդակահարելու, իսկ մնացածին կուղարկեն Կենտրոնական բանտ:

- Իսկ ո՞ր տեսակի հանցավորներին են վերցնում գնդակահարելու:

- Գնդակահարելը հանցանքի հետ կապ չունի, պրոստո[3] վերցնում են իրենց կարիքների համար: Ինչո՞ւ ես զարմանում, մեղր ծախողը իր մատը չի՞ լիզում...

- Իսկ բանտում ի՞նչ կանեն:

- Բանտում կտեսակավորեն կալանավորներին այնպես, ինչպես խոհարարն է անում, այսինքն՝ կոտլետացուն՝ առանձին, բիֆշտեքսինը՝ առանձին, բորշչինը՝ առանձին և այլն՝ այն տարբերությամբ միայն, որ խոհարարը ոսկորները որպես խոտան գցում է շներին, իսկ բանտապետը բոլորն օգտագործում է՝ գցելով ռուսներին, որոնք խմբերի բաժանած՝ մեկը հեռավոր հյուսիս են ուղարկում, մյուսը՝ հեռավոր հարավ, երրորդին՝ արևելք, չորրորդին՝ արևմուտք, միշտ հեռավոր, ու այսպես շաղ են տալիս ողջ հայությունն աշխարհով մեկ»:

Մինչ Կամսարին «հեռավորի» համար կտեսակավորեին, բանտային իր անկողնում, «կոշիկի շրջած ներբանի վրա» նա բանտային օրապատումը շարունակում է մինչև 1936-ի հունիսի 6-ը, երբ «նոր կարգադրությամբ մը բանտարկյալներեն վերցվեցավ թուղթն ու թանաքամանը»: Մինչ այդ բանտարկյալներին գրելու պարագաներ էին հատկացնում, որ խնդրագրեր հղեն բարձրաստիճան մարմիններին, ընդհուպ մինչև Ստալինին:

Հունիսի 6-ի օրագրում նա գրում է. «Վերջացնելով հուշատետրս՝ այսուհետև կբանտարկվեմ անգիր...»:

Այժմ փորձենք հաշվարկել որքան է նա դիմացել «անգիր»: 

Դեպի Հյուսիսային բևեռ

1936 թվականի սեպտեմբերի 7-ին Կամսարին հանում են Կենտրոնական բանտի դատապարտվածների մասնաշենքի թիվ 1 բանտախցից՝ Սիբիր տաժանակրության ուղարկելու: Ընտանիքին թույլատրված էր հրաժեշտ տալ միայն հեռավորության վրա՝ առանց մոտենալու և ողջագուրվելու: Կինը բակի մի անկյունում կծկված լաց էր լինում՝ երեք մանկահասակ երեխաներին գրկած: Բանտային աշխատողի միջոցով նա խնայված վերջին 50 ռուբլին փոխանցում է ամուսնուն: Կամսարն իր վերարկուն փոխանցում է կնոջը, որ վաճառի և հացի փող անի: Մտածելով, որ երբեք այլևս չի տեսնելու իր ընտանիքին, գրողը հանկարծ վազում է դեպի իր փոքրիկներն ու կինը և սկսում է անհագ համբուրել՝ խախտելով բանտային բոլոր օրենքները: Վերջ, այլևս նա պատրաստ էր տաժանակրության...

Սեպտեմբերի 9-ին Թիֆլիսի կենտրոնական բանտից գրողը գրում է կնոջը. «Հասել ենք Թիֆլիս: Հավանաբար մի շաբաթ կսպասենք: Ուղիղ գծով մինչև Կոտլաս 11 օրվա ճանապարհ է, բայց հավանաբար, ճանապարհին սպասումներ կլինեն: Ես շատ լավ եմ ու տրամադրությունս բարձր: Իմ մասին բնավ չմտածեք: Համբուրում եմ Աշոտի, Նաթանի և Նորայի մախմուր երեսները և ցանկանում եմ քեզ, Իսկուհի ջան, ապրելու մի փոքրիկ ճանապարհ և առողջություն՝ ուրիշ ոչինչ: Հույս ունեմ 15 օրից գրել Մոսկվայից»:

Սեպտեմբերի 29-ին Խարկովից նույն լավատեսական, սրտապնդիչ նամակն է հղում կնոջը՝ ասելով, որ Կոտլասը, ուր իրեն տանում են, վատ տեղ չէ: Հոկտեմբերի 14-ին արդեն Կոտլասից հաղորդում է, որ դա ճամբար չէ, այլ հավաքակայան, որտեղից պետք է տեղափոխեն Չիբյու: Նոյեմբերի 12-ին Հյուսիսային երկրամասի Չիբյու-Կռուտայա մայրուղու շինարարության 4-րդ տեղամասից իր մասին հաղորդում է. «Մեր վիճակը շատ լավ է, ոչ մի բանի կարիք չունեմ, միայն մի երկար տեր ողորմյայի պետք ունեմ, որ հանգիստ օրերին քաշեմ: Աշխատում ենք ճանապարհի վրա, թեև անսովոր եմ, բայց պիտի աշխատեմ նորմաս լրացնել և լրիվ հաց ստանալ: Աքսորի մասին վատ էին պատմում, բայց ճիշտ դրա հակառակը դուրս եկավ՝ շա՜տ լավ է, ազատ օդի մէջ ենք»: Խնամքով թաքցնում է, որ կնոջ տված հիսուն ռուբլով մի զույգ ոտնաման է գնել Սիբիրի համար, իսկ մնացած գումարը ձեռքից խլել են Ռոստովի բանտի քրեականները, կոշիկներն էլ հագից հանել: Ընդհանրապես, տնից ուղարկված գումարները Կամսարը ոչ մի անգամ չի կարողացել իր համար ծախսել՝ միշտ գողացել կամ ձեռքից պարտադրաբար վերցրել են:

Լեռ Կամսարն ինքնակենսագրություն, որպես այդպիսին, չի գրել, չի գրել նաև իր «Սիբիրականը». տնեցիներին իր կյանքը պատմելու սովորություն էլ չուներ: Անդրբևեռից կնոջն ուղարկած նամակներից տպավորություն է ստեղծվում, որ մարդուն ոչ թե որպես պատիժ աքսորել են, այլ ուղարկել են առողջարան՝ հանգստանալու, և բնականաբար հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ չի գրել ճամբարում: Չնայած «Օրագրության» մեջ մի տեղ նշում է, որ աքսորում գրում էր իր «բարի ընկեր Դավիթ Ղարագյոզյանի կռնակի վրա: Խե՜ղճ մարդ. ժամերով կռանում էր առաջս և անմռունչ գրասեղանում»: Ամեն դեպքում, նույնիսկ եթե գրել է՝ ոչինչ չի պահպանվել այդ գրառումներից:

Փաստորեն, ճշմարտությունը իմանալու համար պետք է ոչ թե հավատալ կնոջը հասցեագրած նամակներին, այլ փորփրել նրա «Օրագիրը», և հատիկ-հատիկ հավաքելով նրա կենսագրությանը վերաբերող գրառումները՝ փորձել ի մի հավաքել երգիծաբանի տառապալից կյանքը:

Ահա մի հատված «Օրագրի» ճամփորդական նոթերից. «Բանտի կամերադ լեցված է գողերով ու պրոֆեսիոնալ գրպանահատներով: Կկողոպտվես ամբողջովին: Ու եթէ սխալմամբ բան մըն ալ վրադ մնա՝ չուրախանաս. շուտով քեզի տաժանակրության կհանեն դէպի հյուսիսային բևեռը. հոն, ուր վեց ամիս արև չկա: Ճանապարհին կայցելես Ռուսաստանի բոլոր բանտերը: Թիֆլիսի բանտում վերջին կոպէկդ կգողանան, Բաքվում՝ վերջին շապիկդ, Ռոստովում՝ վերջին վարտիքդ, Խարկովում՝ վերջին թաշկինակդ: Իսկ Ռյազանի, Նովգորոդի, Կոտլասի, Չիբյուի, Կռուտայայի, Ուստ-Վիմի, Վորկուտայի բանտի գողերը քեզի կընդունեն այն սառնությամբ, ինչ որ անօժիտ հարսին կընդունեն կեսրանց տանը: Վորկուտայում ինն ամիս ձմեռ է, գետերը՝ սառած, կսպասես, որ բանտային խոհարարդ ինն ամիս ջուր չպիտի ճարէ կերակուրիդ մէջ հորդեցնելու համար: Բայց ավա՜ղ, չհուսաս իզուր: Այնտեղ կա քարածուխի հանք, ու քարածուխն այնքան առատ է, որ սառած գետերն կրնա հալել ու կերակուրիդ մէջ հոսեցնել: Եթէ ուրիշ բան չունենք՝ ջուր ունենք: Դոն և Վոլգա գետերը մեր երկրին մէջ կհոսեն, փառք Աստուծո:

Այնուհետև քեզի բրիգադներէն միույն մէջ կգրեն, և մտրակի տակ նավի հսկայական գերանները պիտի բեռնաթափես օրորալով ու շորորալով: Բայց զգո՜ւյշ, ջուրը չընկնես. զերո աստիճանի մէջ թրջվելեդ հետո մտրակի հարվածներ կընդունես ու մեկուսարան կնստես»:

Գետային նավով Վորկուտա մեկնելու ճանապարհին մի խումբ տրոցկիստների տեղավորում են նավի նկուղում: Նրանք, անմիջապես իրենց զգալով տեր ու տիրական, Կամսարին և բախտակից մի բժշկի վերևի նառերից իջեցնում են ներքև՝ տախտակամած: Իրար վրա խցկված կալանավորներին կերակրում էին սոսկալի աղի ձկով:

«Տարապայման աղը հրդեհ էր առաջացնում մեր ստամոքսում և այն մարելու համար, բերանը գետին արած, տակներիցս ջուրը հանում, ստամոքսներս էինք ածում և հինգ րոպեն մեկ միզելու կարիք զգում:

Իսկ ազատ միզելն արգելված էր, պետք է հերթի կանգնեիր, մեկ-մեկ դուրս գայիր, նորմայով միզեիր ու նորից քո տեղը վերադառնայիր, կանգնեիր հերթի՝ նորից միզելու համար»:

Տրոցկիստներն իրենց նեղություն չէին տալիս և ամբողջ գիշեր վերևի նառերից միզում էին գրողի և բժշկի վրա: Առավոտյան, երբ վերջիններս ուզում են վեր կենալ, տեսնում են, որ շինելները սառույց են կապել և կպել տախտակամածին:

Տեղ հասնելուն պես կալանավոր Կամսարին հագցնում են «ավտոդողերից կարված կես փթանոց կոշիկներ, մեջի մեխերը մի վերշոկ դուրս ցցված», և քշում Սիբիրի անտառները:

Նրա կոշիկը շատ էր լայն, սկզբում խանգարում էր քայլել, բայց հետզհետե, երբ մեխերը տեղավորվում են ոտների մեջ, ոտնամանը լցվում է արյունով, սառում, դատարկ մասը լցվում է, և նա սկսում է ավելի հանգիստ քայլել:

«Երբ վերջապես աչքդ բացիր՝ հեռավոր հյուսիսում ես արդեն: Վեց ամիս ցերեկ, վեց ամիս գիշեր: Ցուրտ ու բուք այն աստիճան, որ խոսելիս չես կարող այնպիսի բառ արտասանել, որի մէջ «ա» տառը լինի՝ անմիջապես բուքը բերանդ լեցվելով՝ քեզ կխեղդի:

Հազարավոր ընկերների հետ թափված եք մինչև պորտը ձյուն, ամայի անտառում: Պիտի ինքներդ ծառերը կտրեք, բնակարան կառուցեք ու ապրեք մեջը: Դու ամիսներով ձյունախառն ճահիճների մէջ քայլելով ուժասպառ ես ու մի օրվա հանգիստ ես խնդրում:

- Հանգի՞ստ,- բղավում է ուզբեկ նարյադչիկը՝ ճիպոտը ձեռքին, - չաշխատես՝ օրապահիկդ հացը չես ստանա:

- Կաշխատե՛մ, կաշխատե՛մ, տո՛ւր կացինը, - կասես դու՝ վախենալով ոչ թե սովամահությունից, այլ նրանից, որ մեռնելիս քեզ կծածկեն սառցակոշտերով, որի հետևանքով ամառները դիակդ պիտի լողա ճահճացած ջրերում, իսկ ձմեռները դառնա սառույցի բաղկացուցիչ մի մասը:

Ա՜խ, օրեր...

Առաջին գիշերը պառկում ես ձյունի վրա: Որովհետև վերմակդ բարեխառն գոտում է պատրաստված, բևեռային գոտու համար կարճ է գալիս, ու երբ առավոտն արթնանում ես՝ տեսնում ես ոտներդ չկան, նրանք վերմակից դուրս մնալով՝ սառել են, ու սկսում ես ձյունով շփել կենդանացնելու համար:

Ահա ճիշտ այդ միջոցին հրաման է գալիս Մոսկվայից՝ նոսրացնել կալանավորներին:

Իսկ աքսորի վարչությունը ժամանակ չունի մեկիկ-մեկիկ հանցանքներ ճարել կալանավորների համար, որպեսզի գնդակահարի: Այդքան բազմահազար կալանավորներն էլ մի հանցանքով գնդակահարելը անհարմար է. դա ցույց կտա սովետական օրենսգրքի աղքատությունը: Մեղադրանքը պիտի բազմազան լինի: Այդ պատճառով էլ ամեն առավոտ բոբիկ ոտներով շարք եք կանգնում ձյուների վրա. առաջին օրը՝ հաշվում, տասից մեկը գնդակահարում, երկրորդ օրը՝ իննից մեկը. երրորդ օրը՝ ութից մեկը, մինչև հասնում են երկուսից՝ մեկ...

Դու երջանիկ մեկերի շարքում ես, ողջ ես մնում, որ գաս պատմես մարդկությանը, թե ինչպես Սովետական Միությունում հանցանք է առաջինից զատ մյուս բոլոր թվերը լինել: Որպեսզի ապագա մարդկությունը ընկածների վրա մի օր արձան կանգնեցնելիս գրի՝ մեռան, շարքի մէջ ութերորդ, իններորդ լինելու համար»:

Այդ սպանդը կազմակերպելու համար (հինգ հազար կալանավոր պետք է սպանվեր) լագերի վարչությունը Մոսկվայից մասնագետ դահիճներ է պահանջում, որոնք ինքնաթիռով ժամանում են Վորկուտա, կոտորում ու վերադառնում:

Օրագրության սիբիրյան պատկերները սահմռկեցուցիչ են: Կարդալով դրանք՝ արյունը պաղում է մարդու երակների մեջ: Ինչի՞ համար էր այդքան դաժանությունը, ի՞նչ էին ուզում կոմունիստները. մի՞թե կոմունիզմին հասնելու համար պետք էր մարդկությունը ոչնչացնել: Ո՞ւր մնաց «ազատություն, հավասարություն, եղբայրություն» լոզունգը: Աշխարհի մեկվեցերորդական մասում տեռոր էր սեփական ժողովրդի դեմ, վախի, համատարած սարսափի ու մատնության գաղջ մթնոլորտ:

 Շարունակենք կարդալ տաժանակրի օրագրի պատառիկները. «Սեփական աչքովս եմ տեսել Վորկուտայում, թե ինչպես ութ հարյուր աքսորական, ամենաընտիրը բոլոր մարդկանցից, տկլորացնելով աղյուսի գործարանի բաղնիքը լեցրին և գնդացիրներով հնձելով, մարմինները ձյան տակ թաղեցին, իսկ անկողինները ու նրանց պատկանող մանր իրերը այրեցին՝ ոճրագործության հետքերը ծածկելու կամար:

Ումի՞ց, հետաքրքիր է իմանալ, և ո՞վ էր այն հանդուգն մարդն, որ կհամարձակեր տեսնել կատարվածը: Ոչ ոք: Միայն հաջորդ գարնան, երբ դիակների վրայի ձյունը հալվեց, ցիները «համարձակվեցին» տեսնել կատարվածը, ու ձայն տալով բևեռային բոլոր գազաններին՝ խրախճանք սարքեցին»:

Կամ այս մեկը.

«Նույն Վորկուտայում ականատես եղա, թե ինչպես 70-ամյա ծեր ուսուցիչ Միհրան Մանուկյանին, որ սովածությունից ծյուրված[4] ապաստանել էր հիվանդանոց, երկու չեկիստ թևերը մտած վերցրին՝ տարան մոտակա ձորում գնդակահարեցին...»:

Քաղաքական «հանցավորներին» ոչ միայն պետությունն էր պատժում, այլ նաև քրեական հանցագործներն էին անտանելի դարձնում նրանց կյանքը՝ ստորացնելով, ծեծելով, կողոպտելով և՛ հագուստ, և՛ դրամ, և՛ ուտելիք:

Կնոջ՝ դժվարությամբ հայթայթած ծանրոցները և գումարը Կամսարի ձեռքից խլում էին քրեականները, այնքան ժամանակ, մինչև ջլապինդ և ամրակազմ մի վրացի մտավորական կազմա­կերպում է քաղաքականների ինքնապաշտպանությու­նը և մի լավ ջարդ է տալիս քրեականներին:

Աքսորավայրում Կամսարը սկզբում նավեր էր բեռնաթափում, հետո ուժերն սպառվում են, ուժահատ է լինում, և նրան՝ իբրև թուլակազմի, փոխադրում են «ինվալիդների լագեր», որտեղ ծառի կեղևից տրեխ էր գործում: Պետք է օրական մեկուկես զույգ գործեր, հակառակ դեպքում կզրկվեր հացի իր չափաբաժնից: Սկզբում չէր հասցնում և քաղցած էր մնում, բայց իր բախտից նույն տեղում հայտնվում է իր հայրենակից, մանկության և ճեմարանական ընկեր Հակոբ Քամալյանը և օգնում է նրան նորման կատարել:

«Ի՜նչ պատկառելի կոշկակարի տպավորություն եմ թողնում, երբ գոգնոցը կապած նստած եմ դազգահի առաջ: Իսկ երբ դուրս եմ գալիս արհեստանոցի պատի տակ ջուր թափելու, հիշում եմ փինաչի Պատուրին, նա էլ էր գոգնոցը այդպես կապում: Չէ, ուղղակի թամաշի բան է: Մարդ դարձա, այո, բայց ափսոս 50 տարուց հետո միայն», գրում է աքսորական Կամսարը՝ կնոջը:

Երգիծաբանը, ֆիզիկապես թույլ լինելով՝ հաճախակի հիվանդանում էր: Նա համարվում էր 30 տոկոսանոց աշխատուժ: Ընկերները միշտ հոգ էին տանում նրա մասին: Երբ գնում էին կարտոֆիլ կամ շաղգամ հավաքելու, մի քանի հատ գրպանն էին գցում և բերում գրողի համար: Նա հում, ցեխոտ արմտիքը խնձորի պես ուտում էր հենց կեղևով: Աքսորակից ընկերները նրան շատ էին սիրում, որովհետև բոլորին հուսադրում էր՝ ասելով, որ շուտով բոլշևիկյան ռեժիմը կտապալվի: Երբ հիվանդանոց է ընկնում, այնտեղի հայ բժիշկը կարողանում է տարբեր պատրվակներով երկարաձգել բուժումը և կազդուրել նրան:

1937-ի հունիսի 22-ին Կամսարին տեղափոխում են Հյուսիսային երկրամաս, Վորկուտա-Ուսա, որտեղ քարածուխ էր բարձում նավերը: Հուլիսի 15-ին կնոջը գրում է. «1800 կմ երկաթուղուց հեռու ենք: Երկաթուղին մինչև Կոտլաս է: Մեր տեղը քարտեզի վրա չես գտնի, կգտնես Ուսա գետ: Արխանգելսկ քաղաքից 600 կմ հեռու: Սառուցյալ օվկիանոսից 200 կմ հեռու: Ճոխ բուսականություն ունի և տաք ամառ է հիմա: Երեքնուկի ծաղիկ, վարդ, մանուշակ, մանդակ, ելակ և մեր մարգագետինների համարյա բոլոր ծաղիկները կան: Ձմեռը հաղորդակցվում են եղջերուի սահնակներով: Լծում են նաև շներ, որք մերի նման փոքր բաներ են: Մոծակներ կան շատ. կարծես մեղուն ձագ է տվել: Ծանոթ հայրենակիցներ շատ կան: Այստեղ քրեական տիպեր ու գողեր չկան և շատ հանգիստ ենք այդ կողմից: 24 ժամ ամբողջ ցերեկ է, և արևը միշտ երկնակամարի վրա է: Մեր դեմն է Ուրալյան լեռնաշղթան, որն Բարդողյան լեռներն է հիշեցնում»:

Օգոստոսի մեկից արդեն ցորենի ամբարի պահակ էր. «Հիշում եմ, երբ հեռավոր աքսորում ինձ նշանակեցին ցորենի պահեստին պահակ, աչքովս տեսնում էի, որ ամբարը դատարկում էին ոչ թե սովորական մկները, այլ սոսկալի առնետները, որոնց բռնելու համար ոչ մի կատու սիրտ չէր անում մոտենալ: Լագերի վարչությունը շներ կանչեց, նրանք էլ հեռու էին փախչում այդ հուժկու կրծողներից:

Այդ «առնետները», որոնց սիրտ չեն անում մոտենալ՝ մեր դատավորները, մեր մինիստրներն են ու ցեկայի անդամները, որոնք օրը ցերեկով դատարկում են պետական ամբարներն :

Պետությունը «շուն» չի կանչում, իմանալով, որ դրանից էլ բան դուրս չի գա», - հետագայում իր օրագրում կգրի Կամսարը: Այո՛, հետագայում, որովհետև տաժանակրության ճամբարում գրել իրոք հնարավոր չէր, և նրա գրիչը երեք տարի անգործության էր մատնվել... Նույնիսկ նամակով կնոջն ապսպրել էր շատ թուղթ չուղարկել, քանի որ որևէ բան գրելը բացառվում էր:

Կամսարին ոչ միայն տաժանակրության մի վայրից մյուսն էին փոխադրում, այլ հաճախ՝ մի աշխատանքից մյուսը: Օգոստոսի կեսից արդեն 20 հոգու օրապահ-խոհարար էր: Նաև հետևում էր բարաքի մաքրությանը և ապահովում վառելիքով: 

Ազատումը

1938-ի նոյեմբերի 1-ին Լեռ Կամսարը ստանում է ազատման թերթիկը: Բաղձալի ազատությունը անակնկալ էր նրա համար, որովհետև մեղադրական դատավճիռը Սիբիրում բազմապատկվել էր (դա բոլորի հետ էլ պատահում էր). եղած մեղադրանքներին գումարվել էր նաև տրոցկիզմը, և նա հույս չէր փայփայում, թե դատավճռով սահմանված պատժաչափը կրելուց հետո կազատվի: Փաստորեն, օրացույցային դատավճռից 24 օր էլ շուտ նա ազատվում է, բայց Հայաստան վերադառնալը նրան արգելված էր: Փորձում է Նախիջևանի համար անցաթուղթ վերցնել, որովհետև այնտեղ ծանոթ ուներ, բայց մերժվում է: Ստիպված ընտրում է Ռուսաստանի Արմավիր քաղաքը՝ որպես հայաշատ քաղաք: Սակայն, նա չէր կարող մինչև ամառ ճանապարհ ընկնել, քանի որ գետերը սառցակալել էին: Նավերը աշխատանքը սկսելու էին հունիսի 15-ից, իսկ տայգայի միջով ոտքով ճանապարհ ընկնելը անխուսափելի մահ էր նրա պես թուլակազմ մարդու համար:

Ազատ արձակվելուց հետո Կամսարը երեք անգամ գաղտնի, գիշերով վերադառնում է իր ճամբարը, որովհետև գնալու տեղ չուներ, բայց պահակախումբը ամեն անգամ բռնում էր և դուրս անում ճամբարի տարածքից: Նոյեմբերի 14-ին, ոտքով կտրելով 60 կմ տարածություն, Ուսայից գնում է Վորկուտա՝ ազատման թերթիկը վավերացնելու: Փորձում է այնտեղ աշխատանք գտնել և ապրել մինչև ամառ, բայց միայն ածխահանքում կարող էր գործ գտնել, որը տաժանակրությունից ուժասպառ մարդը չէր կարող հաղթահարել: Վորկուտայում նրան առաջարկում են ոտքով գնալ մինչև Կոտլասի երկաթուղի (մոտ 2000 կմ), այնտեղից էլ Արմավիր: Կամսարի համար դա ուժերից վեր բան էր. ոտքով նա ձյուների միջով հազիվ երեք ամսում տեղ կհասներ, իհարկե, եթե գայլերի բաժին չդառնար: Ուստի վերադառնում է Ուսա և նավային ընկերությունից սևագործ բանվորի աշխատանք խնդրում: Սկզբում նավի վրայի ձյունն էր մաքրում՝ ապրելով մի նավավարի ընտանիքի հետ: Մեկ սենյականոց բարաքում ապրում էին նաև ընտանիքի գունատ, կարտոֆիլի գույն ունեցող երեք երեխաները, և շները՝ իրենց լակոտների հետ: Տեսնելով, որ ձյուն մաքրելը դժվար է գրողի համար, երկու ամիս հետո նրան հանձնարարում են պահակություն անել նավի վրա: 1939թ. ձմեռը խիստ ցրտաշունչ էր, ջերմաստիճանը հասնում էր մինուս 50-ի, քամին մշտապես փչում էր Հյուսիսային բևեռից, ու ցուրտը ծակող էր: Ահավոր սառնամանիքը հաղթահարելու համար Կամսարը տախտակամածի վրա կրակ է վառում, նավի վրա հրդեհ է բռնկվում ու գրողը կորցնում է աշխատանքը, սակայն այլևս աշխատանք չի փնտրում, որովհետև մարտի վերջերին ծանր տեսակի լնդախտով է հիվանդանում: Տասներկու օր բարաքում անխնամ պառկելուց հետո տեղափոխում են հիվանդանոց: Արյունը այնքան էր պակասել, որ կանգնած ժամանակ չէր շրջանառվում և շնչելու համար նա պառկում էր: Սկզբում որոշում են արյուն ներարկել, բայց տեսնելով, որ բավարար սնունդը կազդուրում է, լավորակ սննդով վերականգնում են արյունը: Երկուսուկես ամիս պառկելուց հետո կազդուրված դուրս է գրվում հիավանդանոցից՝ զարմանք պատճառելով բոլորին:

Ապաքինումը համընկնում է ամռան հետ, երբ ճանապարհներն այլևս բաց էին նավարկելու համար: Ուսայից վերցնում է անձնագիրը, ապա Նարյան Մարից շոգենավով Սպիտակ ծովով հասնում Արխանգելսկ, այնտեղից էլ երկաթուղով՝ Արմավիր: 

Հաջորդ աքսորը՝ Արմավիր

1939 թվականի հուլիսի տասնվեցին երգիծաբանը շոգեկառքից իջնում է Ռուսաստանի Արմավիր քաղաքի կայարանում: Կառամատույցում տեսնում է հայ բեռնակիրների և վարձով բնակարանների հասցեներ վերցնում: Այնուհետև գտնում է իր մտերիմ աքսորական ընկեր Եղիշին, ով ավելի վաղ էր հասել Արմավիր, և միասին 30 ռուբլի վարձավճարով հանգրվանում են քաղաքի կենտրոնից երեք կիլոմետր հեռու գտնվող նախիջևանցի մի ընտանիքի հարկի տակ: Տանտերերը բարի ծերունիներ էին և կենցաղում էլ սատարում էին աքսորական ընկերներին: Պառավը կարկատում էր նրանց հագուստը, իսկ ամուսինը բաժին էր հանում իր բոստանի բարիքներից:

Լավատես Կամսարը նամակով պատվիրում է կնոջը, որ ուղարկի իր կոստյումը, փողկապները և վերարկուն, եթե միայն չի վաճառել, որպեսզի ներկայանալի տեսքի գա և հայկական սիրողական թատրոններում դրամատուրգի և դերասանի աշխատանք գտնի:

Եռամյա դադարից հետո վերջապես գրիչ է վերցնում, նորից գրում է իր «Կասկածին պտուղը» դրամայի ևս մի տարբերակ, և կնոջից ստանալով «Կասկածոտ ամուսին» ծաղրախաղի ձեռագրերը և էլի մեկ պիես՝ ներկայանում է թատրոնի տնօրինությանը:

 Թեև նրա գրվածքներին թատրոնում ծանոթ էին, բայց դերասանի և թատերագրի աշխատանք նրան չեն տրամադրում: Ուսուցչության համար դիմում է լուսբաժին՝ դարձյալ մերժում. ոչ ոք չէր ցանկանում քաղաքական դատապարտյալի հետ գործ ունենալ: Գոյատևելու համար մնում էր գործարանային բանվորի աշխատանքը՝ 150 ռուբլով, որը գրողն ի վիճակի չէր կատարել:

Մտածում է հայրենիք վերադարձի համար խնդրագիր հղել Հայաստանի գիտխորհրդին, բայց իմանալով, որ Սիմակն[5] այնտեղ է, մտափոխվում է՝ հաստատ իմանալով, որ վերջինս կխոչընդոտի իր վերադարձը: Դիմում է հղում Հայգիրխորհրդին և ստանում մերժողական պատասխան:

Ճարահատ Լեռ Կամսարը նամակով խնդրում է կնոջը՝ վաճառել Երևանի տունը և երեխաների հետ բնակության գալ Արմավիր և զբաղվել գյուղատնտեսությամբ: Կինը հրաժարվում է՝ ասելով, որ երկրորդ անգամ իր տունը չի քանդի: 1915 թվին Վանի իրենց օջախը մնացել էր թուրքերին և հիմա նորից չէր ուզում տնավեր լինել:

Երգիծաբանը ընտանիքի կարոտից տոչորվում էր: Նյարդերը տեղի են տալիս, և անտեսելով պետական արգելքը՝ երկաթուղով ճանապարհ է բռնում դեպի Հայաստան: 

Վերադարձ

- Ինչ լինում է՝ թող լինի, - մտածում էր նա գնացքում: - Թող ընտանիքիս մեկ անգամ էլ տեսնեմ՝ դրանից հետո թեկուզ գնդակահարեն:

Երեխաները, կինը, հարազատները ցնծության մէջ էին: Բռնադատված գրողը մահասարսուռ Գուլագից ողջ էր վերադարձել: Մինչև հաջորդ լուսաբաց մարդիկ գնում-գալիս էին՝ բարի վերադարձ ասելով սիրելի գրողին: Լուսաբացին հայտնվում է միլիցիան և պարտադրում լքել Երևանը՝ հայտարարելով, որ նա ընդամենը գաղութի փակ ռեժիմից է ազատվել, և որպես ազատ աքսորական պետք է Երևանից 150 և պետական սահմանից 200 կմ հեռու գտնվի:

Կամսարի պարտադիր գտնվելու վայրի մասին կառավարությունը արդեն որոշում կայացրել էր: Մնում էր պարզել՝ կարո՞ղ էր արդյոք գրել և տպագրվել:

«… 1939 թվականն էր: Ես իմ աքսորավայրս պիտի փոխեի: Վորկուտայից պիտի գայի և Բասարգեչար գնայի: Ճանապարհին հանդիպեցի Երևան և իներցիայով մտա «Սովետական Հայաստանի» խմբագրատուն: Այն թերթին, որին 15 տարի աշխատակցել էի և իմ ֆիլիետոններով ջարդ ու փշուր արել սովետական կարգերի բոլոր թշնամիներին:

Թերթի խմբագիրն էր Հովհաննես Մամիկոնյանը: Ինձ տեսնելով՝ սաստիկ ուրախացավ և ասաց.

- Ես չեմ պատկերացնում թերթ՝ առանց Լեռ Կամսարի: Ես վաղն ևեթ Գրիգոր Հարությունյանի մոտ կգնամ ու կխնդրեմ, որ դու քո ընդհատված աշխատակցությունը մեր թերթին շարունակես: Եվ խորհուրդ տվեց, որ ես էլ իմ կողմից երկրորդ քարտուղար Զավեն Գրիգորյանին դիմեմ:

Դիմեցի ու հետևյալ պատասխանը ստացա.

- Մենք առայժմս սուր ֆելիետոնի կարիք չունենք…

Պատասխանեցի.

- Ես բութ ֆելիետոն էլ կարող եմ գրել, եթե այդ Ձեզ հարկավոր է:

Վերջը, չերկարացնելու համար ասեմ, որ մերժեց իմ աշխատակցությունը, և ես ճամփաս շարունակեցի դեպի իմ երկրորդ աքսորավայրը»:

Կամսարի հայաստանյան աքսորը պետք է անցներ Բասարգեչարում՝ այժմյան Վարդենիսում: 

Բասարգեչար, Տորֆ, Մազրա

Լեռ Կամսարի տանը պահպանված ձեռագրերը վկայում են, որ 1936 թվականին հարկադրաբար ընդհատված օրագիրը ինը տարվա ընդմիջումից հետո վերսկսվում է 1945 թվականից: Համարե՞նք արդյոք, որ այդ տարիներին գրողը չի գրել: Եթե Սիբիրում չի գրել, ապա արդեն հայաստանյան աքսորում ինչպե՞ս կարող էր լռել: Պատմությունը թաքցնում է (քանի որ վավերագրեր չկան) 1940-1945թթ. նրա կյանքի մանրամասները: Գիտենք միայն, որ Բասարգեչարում նույնպես չեն թույլատրել թղթակցել կամ ուսուցչություն անել, և գրողը, ոտքով շրջելով Գեղարքունիքի գյուղերում՝ Տորֆ, Մազրա, Ղանլի, մեղվապահությամբ վաստակում էր իր օրվա հացը: Գիտենք նաև, որ ապրում էր Տորֆի անպատուհան բարաքներից մեկում, որը նախկին բաղնիք էր, և որ երբեմն-երբեմն փախչում, գաղտնի վերադառնում էր Երևան՝ ընտանիքի մոտ:

Այսպիսի գաղտնի փախուստներից մեկի ժամանակ էլ, նախկին Սարաջով փողոցով անցնելիս, երգիծաբանը հեռվից նկատում է, որ մյուս մայթով, հակադիր ուղղությամբ, մարդկանցով շրջապատված՝ քայլում է Ավետիք Իսահակյանը:

Լեռ Կամսարն արդեն դառը փորձ ուներ, գիտեր, որ իր գրչակից ընկերները փողոցում խուսափում են իրենից, ձևացնում են՝ իբր չեն տեսել, որպեսզի իրենք էլ չընկնեն «սև ցուցակի» մէջ: Այդ նկատառումով, նա չի էլ փորձում մոտենալ Իսահակյանին: Սակայն, Իսահակյանը, տեսնելով երգիծաբանին, ցնծում է ուրախությունից և «Լե՛ռ, Լե՛ռ, սիրելի՛ս» բացականչելով, կտրուկ թողնում է իր ուղեկիցներին և անցնելով մայթը՝ սրտագին ու կարոտով ողջագուրվում է երգիծաբանի հետ:

- Եղբայր, գրչի ընկերներիդ էլ չե՞ս նկատում: Ի՞նչ ես գլխահակ քայլում աշխարհի դարդը շալակած, թե՞ սուր մտքերից է գլուխդ ծանրացել:

- Խորհրդային մտայնությունը ինձ գրող չի համարում, Ավո, էնպես որ, քեզ գրչի ընկեր լինել չեմ կարող, իսկ ինչ վերաբերվում է գլխիս՝ սև գա սա գլխին... կտրել են գլուխս ու մի «համայնական» գլուխ դրել տեղը, հրամայում են մտածել: Է՛, համայնական գլխով կմտածվի՞: Չգիտեմ, եթե մի հրաշքով ազատվենք սովետական այս գերությունից, ազատ կյանքում հնարավոր պիտի լինի՞ մի կերպ ջրի մէջ կակղեցնել ու մտածել այնպես, ինչպես տրեխները թրջում ու հագնում են...

- Համբերի՛ր, Լեռ, ու մի փոքր հարմարվիր, սա երկար չի տևի, անցողական է, կանցնի, կլմննա, կերթա, միայն թե հիմա մի քիչ ձևացրու, սրանք ժամանակավոր են...

- Մտածում եմ կեղծել, ստել, քծնել՝ չեմ կարող: Ես երգիծաբան եմ, ի պաշտոնե անկարող: Ու ես չգիտեմ, թե ինչո՞ւ վիպասանները, բանաստեղծներն ու դրամատուրգներն անկեղծ լինելու կամ ճշմարտությունն ասելու բեռը միայն երգիծաբանի ուսին են դրել: Ուրեմն, ճշմարտությունը կատա՞կ է, որ միայն ծաղրով պետք է ասել կամ այն հանձնել միայն հարբածներին, երեխաներին ու խելագարներին ասելու...

Տեսելով, որ Իսահակյանի ուղեկիցները մոտենում են, նրանք դադարեցնում են խոսակցությունը և պայմանավորվում հաճախ հանդիպել:

Չեկիստները երկար սպասեցնել չեն տալիս (հավանաբար Իսահակյանի ուղեկիցների մէջ լրտու կար): Հենց հաջորդ առավոտ ներկայանում են և երգիծաբանին տանում Չեկա:

- Դուք ինչո՞ւ եք Երևանում, չէ՞ որ Ձեզ արգելված է այստեղ գտնվելը, - սպառնում է քննիչը, և առանց պատասխանը լսելու՝ շարունակում.

- Մենք որոշել ենք Ձեզ ներում շնորհել, վերականգնել Ձեր բոլոր իրավունքները, աշխատանք տալ, վերահրատարակել բոլոր այրված գրքերը և այլն, և այլն... Միայն այդ բոլորի դիմաց Դուք պետք է հետևեք Իսահակյանին և տեղեկագրեր ներկայացնեք նրա բոլոր խոսակցությունների, տեսակցությունների և այցելությունների մասին...

- Ես այդ անելու պաշտոնը չունեմ, չեմ կարող:

- Լավ մտածեք, դրանով Դուք ձեռք եք բերում նորմալ քաղաքացու բոլոր իրավունքները և դեռ շատ ավելին:

- Այո, բայց կորցնում եմ նորմալ մարդ լինելու իրավունքը...

- Ձեզ տրվում է 24 ժամ մտածելու համար: Կամ կհամաձայնվեք, կամ կներկայանաք բանտային իրերով՝ ոչ թե աքսորավայր, այլ բանտ գնալու համար:

Հաջորդ առավոտ, վերցնելով բանտային ներքնակը և ալյումինե ջրամանը, Լեռ Կամսարը ներկայանում է Չեկա՝ պատիժը կրելու:

Ճիշտ է, նրան նորից չեն բանտարկում, բայց հրամայում են տեսակցել Ավետիք Իսահակյանին, Ստեփան Զորյանին և Գարեգին Լևոնյանին[i] և Չեկային տեղեկացնել՝ ընթացող Երկրորդ համաշխարհային պատերազմի հանդեպ նրանց վերաբերմունքի մասին: Հետո ստիպում են մի նամակ գրել արտերկրում գտնվող մի ազգային գործչի և հարցնել՝ ի՞նչ կլինի իրենց վիճակը եթե հանկարծ Սովետական Միությունը պարտվի պատերազմում (նամակի բովանդակությունն ու հասցեատերը հայտնի չեն, սակայն նամակի պատճենը և դրա պատասխանը պետք է որ պահպանված լինեն ԱԱԾ-ում, նախկին ՊԱԿ-ում):

Նամակը գրելուց հետո երգիծաբանը վերադառնում է տուն և երկտող է ուղարկում Իսահակյանին և խնդրում հանդիպել: Հանդիպում են Աբովյան փողոցում:

- Աչքդ լո՜ւյս, Ավո, Չեկայի հրամանով ես պիտի լրտեսեմ քեզ և տեղեկագիր տամ, - «ավետում է» Կամսարը:

Իսահակյանը ցնցվում է.

- Էդ ի՞նչ տեսակ անհամ կատակ ես անում, Լեռ...

- Բա՜, ես կատակ չեմ անում, արի երթանք բուլվարի մէջ առանձին տեղ և խորհենք, թե ինչ պետք է անենք: Պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ: Ես գիտեմ, որ ինքս էլ հսկողության տակ եմ և թերևս իմ ամենամոտիկ բարեկամի կողմից: Այսպե՜ս է այստեղի կարգը...

- Նոր եմ հասկանում, թե ինչո՞ւ է այդպես ջանասիրաբար ինձ սիրահետում դերասանուհի N-ը (տալիս է հանրահայտ դերասանուհիներից մեկի անունը), - մրմնջում է ապշահար բանաստեղծը[6]:

Նույն կերպ զգուշացնելով Զորյանին և Լևոնյանին, Լեռ Կամսարը վերադառնում է իր աքսորավայրը:

Վերը նշված փաստը իր օրագրությունում այսպես է ներկայացրել Ստեփան Զորյանը[7].

«Նոյեմբեր 30[8]. Մեռավ դժբախտ Լեռ Կամսարը: Ծանոթ էի 20 թվից: Ես նրան համարում էի ազնիվ, լոյալ մարդ. բայց 30-ական թվերին հանկարծ, չգիտես ինչու, բանտեցին նրան: Խոսում էին, թե Չարենցն ու Բակունցն են եղել պատճառ: Նա իբրև թե ծաղրել է սրանց, աննպաստ բաներ ասել, և ահա... վրեժխնդիր են եղել: Թե որքա՞ն ճշմարիտ էր դա՝ չպարզվեց մինչև այժմ:

Բայց մի քանի տարի հետո ազատեցին, և մի օր էլ նրան տեսա իմ բնակարանում: Պատերազմի առաջին ամիսն էր, կարծեմ: Ընդունեցի սիրով և, բազմոցին նստեցնելով, հետաքրքրվեցի նրա վիճակով, մտածելով, որ անշուշտ կարիքի մէջ է, պետք է օգնել:

Նա, սակայն, հարցերիս կցկտուր պատասխանելով, նայում էր սենյակիս պատերին, նրա անկյուններին, նայում էր լուրջ, զննաբար: Եվ երբ բավական նայեց-վերջացրեց, դարձավ ինձ.

- Էս ինչո՞ւ քո սենյակում Ստալին չկա:

- Այդ ինչո՞ւ համար եք հարցնում:

- Չգիտե՞ս միթե, որ սովետական յուրաքանչյուր քաղաքացի նրա պատկերը պետք է ունենա իր տանը:

- Այդ ես առաջին անգամ եմ լսում:

- Քո բացատրությունը արդարացում չէ: Ամեն քաղաքացի այդ պետք է հասկանա, և պատկերի բացակայությունից կարելի է լուրջ եզրակացություն անել, կապելով դա այն փաստի հետ, որ հայ գրականության տասնօրյակի վերջում «Правда»-ում տպված քո շնորհակալության մէջ Ստալինի անունը չէիր տվել: Ավ. Իսահակյանը տվել էր, իսկ դու՝ ոչ:

Ես ժպտացի, մտածելով, որ նա կատակ է անում:

- Մի՛ ծիծաղիր, սիրելիս: Քո ապահովությունը պահանջում է, որ պատիդ լինի նրա նկարը:

Ես այդ ամենը համարեցի փորձված մարդու դիտողություն և կամեցա հասկանալ նրա այցելության բուն նպատակը:

Եվ նա չթաքցրեց. պարզ ասաց, որ կարևոր հիմնարկը իրեն հանձնարարել է պարզել, թե ի՞նչ են մտածում պատերազմի մասին Ավ. Իսահակյանը, Գ. Լևոնյանը և Ստ. Զորյանը:

- Ու ահա եկել եմ պարզելու...

Քանի որ նա իր կատակները և սրախոսությունները միշտ անում էր լուրջ դեմքով, ես դարձյալ չէի հավատում, թե այդ ամենն ասում է լուրջ: Թվում էր՝ մի այդպիսի հանձնարարություն անկարելի էր ասել այդքան պարզ: Բայց նա ասաց: Եվ ես, մտնելով նրա դրության մեջ, հասկացա նրան. բանտից նոր դուրս եկած մարդ՝ նա չէր կարող մերժել այդ հանձնարարությունը, և մյուս կողմից, չէր կարող կատարել այդպիսի մի դեր... Ու ամենը ասաց բացահայտ, որ ես իմանամ և զգույշ լինեմ...

Ես նրան ասացի, որ զգուշանալու կարիք չկա: Եթե խնդիրը վերաբերում է պատերազմին, ես սրտանց ցանկանում եմ, որ հաղթի Սովետ Միությունը, այլապես հայ ժողովուրդը նորից կենթարկվի ծանր աղետի... Թուրքիան ատամները սրած այդպիսի բանի է սպասում...

Լեռ Կամսարն իրեն թեթևացած զգաց.

- Ես շատ ուրախ եմ, որ դու այդ կարծիքի ես...

Հետո իմացա, որ նա եղել է Իսահակյանի և Լևոնյանի մոտ՝ նույն նպատակով:

 1965թ.»:

 Մեզ անհայտ այդ հինգ տարիների ընթացքում, թե է՛լ ինչեր են անցել երգիծաբանի գլխով՝ դժվար է իմանալ, քանի որ Գետառի 1946թ. հեղեղի պատճառով օրագրության որոշ մասը ոչնչացացել էր, բայց գրավոր փաստեր կան, որ նա անշուշտ գրել է և նույնիսկ փորձել տպագրվել: Ահավասիկ, այդպիսի մի ապացույց.

 

 «Հայաստանի Կենտկոմի քարտուղար

 ընկ. Գ.Հարությունյանին

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ես երեսուն տարվա հայ գրող եմ: Պարոնյանից, Օտյանից հետո երրորդ երգիծաբանը հայ ազգի մեջ: Ամբողջ երեսուն տարի Հայաստանի և արտասահմանի հայ թերթերը սնվել են իմ գրած ֆելիետոններով՝ ուղղակի ստանալով այն, կամ արտատպելով իրարից: 1934 թվին իմ բարեկամ Ավետիք Իսահակյանը գրել է Փարիզից.

- Դու արտասահմանում միակ կարդացվող հեղինակն ես: Բոլոր թերթերը արտատպում են քո ֆելիետոնները ու ձեռքե-ձեռք անցնում:

Տասնհինգ տարի «Խորհրդային Հայաստանի» մնայուն աշխատակիցն եմ, և 35 թվից, երբ այլևս չեմ գրում՝ թերթը լույս է տեսնում առանց ֆելիետոնի: Ունեմ պետհրատի կողմից հրատարակված երեք ժողովածու՝ կրոնի, դաշնակցության և խորհրդային ապարատի բացերի մասին:

1935 թվին երեք տարով բանտարկվեցի այն ժամանակվա ղեկավարության կողմից՝ բոլորովին անհիմն, ոչնչով չապացուցված, մանր, հնարովի մեղադրանքներով: Եվ ողջ ժողովրդի զարմանքի ու ափսոսանքի մթնոլորտում հեռավոր ուղղիչ լագեր գնացի և որպես անասուն սահնակին լծված, անտառից գերան քաշեցի:

Այն հանգամանքը, որ ինձ դատապարտողները բոլորն էլ առանց բացառության դատապարտված են անվերադարձ, ցույց է տալիս, որ ես անմեղ եմ եղել:

Բայց հիմա հարցը դա չէ, եղածը եղավ ու այլևս անցյալը ետ չի դառնա, հարցն այն է, որ հինգ տարի ազատված եմ լագերից, ու խմբագրական մարմինները սիրտ չեն անում վերականգնել իմ գրական իրավունքները: Ասում են՝ «Առայժմս պետք է սպասել»:

Ու ես չիմացա, թե այդ «առայժմսը» քանի տարի է նշանակում օրացույցային ժամանակով արտահայտված. հինգ տարի արդեն սպասում եմ: Հանկարծ մահվանից հետո չստանա՞մ գրելու իրավունքս...

Այս տարի խմբագրությունը երկու անգամ փորձեց տպագրել հոդվածներս, ութ հակաֆաշիստական ֆելիետոններ այս րոպեին կան ընկ. Զավեն Գրիգորյանի մոտ, բայց ինձ անհայտ պատճառներով չեն տպվում, և «առայժմս» սպասում եմ:

Խմբագրությունը կամենալով տպել՝ ութ հակաֆաշիստական, օրվա մոմենտին հարմար ֆելիետոնները վերցրեց ընկ. Զավեն Գրիգորյանը, բայց ինչ-որ պատճառով ձգձգվում ու չեն տպվում հոդվածներս:

Մինչդեռ, ըստ իս, դրանք տպելու ամենահարմար ժամանակը հենց հիմա է, երբ «ամեն ինչ պատերազմի համար» լոզունգ է՝ շեփորված երկրի մեկ ծայրից մյուսը:

Ներկա մոմենտին կապել մի հայրենասեր երգիծաբանի բերանը, դա նույնն է, թե գեներալը հարձակման տանի իր զորքը՝ միաժամանակ արգելելով կրակել իր մեկ սնայպերին:

Նշանակում է, մի սոսկալի հրդեհի րոպեին, երբ ով ձեռք ունի՝ ջուր է կրում՝ բռնել մի օգնության հասնողի և նրա ջուրը գետին թափել՝ առարկելով, թե «ջուրը պղտոր է»:

Պիտի ասեմ, որ այս վերաբերմունքը խորհրդային չէ: Դուրս է գալիս, որ ես, մի խղճուկ անհատս, ֆիններից, ռումիններից ու բուլգարներից ավելի վնաս եմ հասցրել Միությանը, որոնց հետ այսօր ձեռք-ձեռքի պայքարում է Հիտլերի դեմ:

Դուրս է գալիս, որ ես հոգևորականությունից ավելի հետադեմ, ավելի խավարամիտ եմ, որին այսօր թույլ է տրվում գործակցել, օգնել պետությանը, իսկ ինձ՝ ոչ:

Այս բոլորի կապակցությամբ շատ վշտացած, հարգելի ընկ. Հարությունյան, ներկա գրությամբս դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի գերագույն ղեկավարի ու սպասում Ձեր վերջնական ու սպառիչ պատասխանին՝ կարո՞ղ եմ աշխատել Հայաստանում, թե՞ ոչ, վերականգնվո՞ւմ են իմ գրական իրավունքները:

Եվ Ձեր պատասխանը կլինի պատմական, որովհետև ներկայումս հարուցած հարցս անհատականից ավելի հասարակական է. ճիշտ է, ես մեռնում եմ որպես գրող, բայց հայ ժողովուրդն էլ զրկվում է իր սիրած երգիծաբանից, որն ամբողջ երեսուն տարի ապրելով իր հետ՝ ուղղել է հոռի բարքերն իր պարգևած առողջ ծիծաղով:

Ես վերջացրի: Սպասելով պատասխանի, մնամ ամենախորին հարգանքներով՝

Լեռ Կամսար

 

Հ.գ. Եթե թույլ տայիք անձամբ տեսակցել Ձեզ հետ, շատ շնորհակալ պիտի լինեի: Ձեզ մոտ ամեն ինչ կպարզվեր:»

01.12.1944թ.

Երևան

 

«Հայաստանի Կենտկոմի քարտուղար

ընկ. Գ.Հարությունյանին

 

Սույն ամսի 2-ին Ձեզ դիմում եմ ներկայացրել գրական իրավունքներս վերականգնելու մասին: Նաև խնդրել եմ տեսակցություն:

Սույն ամսի 2-ին բախել եմ Ձեր դուռը՝ շատ զգույշ, շատ հարգալիր:

Ձեր դռանը կանգնած՝ պատասխանի եմ սպասում: Եվ մոտ քսան օր սպասելուց հետո, երբ պատասխան չեմ ստանում, այսօր սիրտ եմ առնում էլի, երկրորդ անգամ, մի փոքրիկ թխկացնել Ձեր դուռը, շշուկով իմացնելու համար, թե Ձեր դռանը մի մարդ պատասխանի է սպասում մի շատ կարևոր հարցի մասին:

Եվ միշտ լիահույս, թե վերջապես Ձեր պատասխանին կարժանանամ:

Մնամ հարգանքներով՝ Լեռ Կամսար»

 

«Հայաստանի Կենտկոմի քարտուղար

ընկ. Գ. Հարությունյանին

Երրորդ դիմում Լեռ Կամսարից

 

Ի պատասխան իմ գրական իրավունքները վերականգնելու մասին Ձեզ գրած դիմումիս, առաջի օրը Կենտկոմի պատասխանների բաժինը հաղորդեց, որ գրությանս վրա մակագրված է՝ «Ֆելիետոնները արևմտահայ լեզվով գրած լինելու պատճառով չեն տպագրվի»:

Մինչդեռ լեզվի մասին ոչ մի խոսք չկար դիմումիս մեջ, լեզվի մասին անձամբ խոսել ու համաձայնության ենք եկել ընկ. Զավեն Գրիգորյանի հետ սրանից դեռ մի տարի առաջ, երբ նա որպես խմբագրի տեղակալ փոխարինում էր ընկ. Մամիկոնյանին: Ես համաձայնվեցի գրել արևելահայ բարբառով, երկու ֆելիետոն հանձնեցի այդ բարբառով, հետագային էլ ընկ. Մամիկոնյանի միջոցով ուղարկեցի էլի հինգ ֆելիետոն, որոնք սակայն, ինձ անհայտ պատճառներով չտպվեցին»:

Ուրեմն, տարակույս չկա, որ Լեռ Կամսարը չի լռել՝ գրել է, բայց ցավալիորեն արգելված է եղել նրա գործերի լույս աշխարհ գալը. պետք էր այս կերպ լռեցնել հավերժ ըմբոստին և խաթարել նրա կապը հանրության հետ, որ նա ընդմիշտ մոռացվի (առաջին անգամ 1926 թվականին էր, որ ՀԿԿ Կենտկոմը արգելեց տպագրել Լեռ Կամսարի երգիծանքը[9]):

Իսկ թե ինչու է ընդհատված օրագիրը սկվում միայն 1945 թվականից՝ բացատրությունը մեկն է. Կամսարն իր ձեռագրերը թաքցնում էր Երևանի տան մառանում հորված կճուների մեջ, որոնք վնասվել են 1946 թվականի Գետառի վարարման ժամանակ: Կամսարը փորձել է չորացնել և փրկել դրանք, բայց, ավա՜ղ, ապարդյուն, և մի գիշեր, որ մարդ չտեսնի, իր իսկ ձեռքով արտաքնոցում կրակի է տվել դրանք: Ասում են՝ մեկ շաբաթ ոչ ոքի հետ չէր խոսում և հրաժարվում էր ուտելիքից:

Հեղեղից լղոզված և անընթեռնելի որոշ ձեռագրեր հանձնված են Չարենցի անվան գրականության թանգարանին և սպասում են վերծանման ու վերականգնման, որից հետո հնարավոր կլինի առավել ճշգրիտ դատողություններ անել նրա Մեծ լռության մասին:

Փաստորեն, սովետական կառավարությունը Լեռ Կամսարին կարողացել է լռեցնել միայն չորս տարի (1936-1940թթ.)՝ այն էլ միայն «բարեկամական» ռուսական հողի վրա՝ անմարդկային, պժգալի, անիծյալ Գուլագում... 

Վանուհի Թովմասյան

Գրաֆիկան՝ Հերբերտ Գևորգյանի 



[1] Լեռ Կամսարի անուն-ազգանունը՝ Արամ Թովմաղյան:

[2] Ն. Յովհաննիսյան: Սիմեոն Կյուլոյին գրած հուշերից: Ապրիլ 15, 1959թ.: Ձեռագիրը գտնվում է Երևանի Ե. Չարենցի անվան գրականության թանգարանում:

[3] Պարզապես (ռուս. “просто”):

[4] Հյուծված:

[5] Տես՝ Ծանոթագրություն 49:

[6] «Վարագ» ԺԷ տարի, 1970, ապրիլ, թիւ 69:

[7] «Նորք» 2006թ. N 4:

[8] Կամսարը մահացել է 1965թ. նոյեմբերի 22-ին: Սխալմունքը Զորյանինն է:

[9] ՀԿԿ կենտկոմի 1926 թվականի փետրվարի 24-ի նիստում հարցը ներկայացրել է Առաջին քարտուղար Աշոտ Հովհաննիսյանը: (տես՝ Հ. Սուքիասյան, «Լեռ Կամսարի նորահայտ ֆելիետոնները», «Վէմ», Զ (ԺԲ), 2014, թ. 3(47), հուլիս-սեպտեմբեր):



[i] Գարեգին Լևոնյան (1892-1947) – գրականագետ, արվեստագետ: Գուսան Ջիվանու որդին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter