
Ինչո՞ւ են ընտանեկան արժեքները վերածվել աշխարհաքաղաքական խնդրի
Հոկտեմբերի 12-ին Սոչիում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունվել են «ավանդական ընտանեկան արժեքների» աջակցության մասին փաստաթուղթ: Ավելին, փաստաթութը «բաց է» բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան հետագայում միանալ: Հիշենք, որ 2017 թվականը ԱՊՀ տարածքում հայտարարված է Ընտանիքի տարի:
ԱՊՀ տարածքի իսլամական, ուղղափառ եւ ի դեմս Հայաստանի՝ Արևելյան քրիստոնեական երկրները ընտանիքի հարցում ի՞նչ ընդհանուր արժեքային միասնություն կարող են ունենալ, հասկանալի չէ:
Ընտանեկան բռնությունների դեմ օրենքի նախագիծը Հայաստանի քաղաքականապես ակտիվ զանգվածը հակամարտող կողմերի է բաժանել : Տարօրինակ կերպով նախագծի կողմ և դեմ հատվածները, որպես կանոն, ունեն տարբեր արտաքին քաղաքական նախասիրություններ:
Ինչո՞ւ է այդ խնդիրն այդքան կարևոր ԱՊՀ երկրների ղեկավարների համար, ինչո՞ւ է ընտանիքի հարցը Հայաստանի քաղաքականացված զանգվածը բաժանել հակամարտող կողմերի և ինչո՞ւ է այն վերածվել աշխարքաղաքական խնդրի:
Կայսրության և գաղափարախոսության կապը
Կայսրություն կամ գերտերություն ստեղծելու համար անհրաժեշտ է որևէ գաղափարախոսության կամ աշխարհայացքի առկայություն, որի հիման վրա ձևավորվում են քաղաքակրթությունները: Ժամանակին քաղաքակրթությունների առանցքային երկրների համար, որպես ունիվերսալիստական առանցք, ծառայում էին կրոնները, իսկ 19-րդ դարից սկսած՝ աշխարհայացքային տեսությունները, որոնք կարգավորում են իշխանության լեգիտիմության, իրավական դաշտի, էթիկայի, ընտանիքի, անհատի իրավունքների խնդիրները:
Հին Հռոմի անկումը հիմնականում պայմանավորված էր կայսրերի իշխանության լեգիտիմության համար անհրաժեշտ ունիվերսալ կրոնական ուսմունքի բացակայությամբ, որը լրացվեց քրիստոնեության միջոցով և հիմք հանդիսացավ Նոր Հռոմի` Կոստանդնապոլսի կայացման համար, որտեղ «Միացյալ ազգերի կազմակերպության» դերը կատարում էին քրիստոնեական տիեզերաժողովները և ով դուրս էր այդ «կոնվենցիաներից», դուրս էր մնում քրիստոնեական քաղաքակրթությունից:
Քրիստոնեության կենտրոնական դոկտրինի` Երրորդության անձերի հարաբերակցության մասին աստվածաբանական բանավեճերը մասնատեցին քրիստոնյաներին, և Բյուզանդիայի աշխարհաքաղաքական մրցակիցներ` Պարսկաստանը, արաբները, մոնղոլները, Օսմանյան Թուրքիան իրենց աջակցությունն էին ցուցաբերում Բյուզանդիայի պաշտոնական դիրքորոշումը վիճարկող քրիստոնեական ուղղություններին, որոնք այդ հովանավորչությունից իրենց օգուտներն էին ստանում, սակայն որպես կրոնական համայնքներ: Ճանաչել այս կամ այն բանավիճող կողմի իրավացիությունը, նշանակում էր հպատակվել այս կամ այն գերտերությանը:
Պարսկաստանի կայացումը` շուրջ 700 տարվա կազմալուծությունից հետո չէր լինի, եթե այն որպես իր առանցք չընտրեր իսլամի շիաական ուղղութունը և դրանով չհակադրվեր Օսմանյան խալիֆաթին: Այսօր նույնպես Իրանի դերը պայմանավորված է՝ որպես շիա մուսուլմանների առաջատար երկիր լինելով, իսկ սունի մուսուլմանները չեն կարողանում իրենց առանցքային երկիրը ունենալ և ձևավորվել որպես առանձին քաղաքակրթություն: Սունիների մոտ նման հավակնություն ունեցող երկրների թիվը մեծ է: Դրան են նպաստում նաև տարբեր սունիական ծայրահեղական խմբավորումները, որի պատճառով շատերը նրանց մեղադրում են աշխարհաքաղաքական հակառակորդներից աջակցություն ստանալու մեջ: Նշենք, որ իսլամը, ի տարբերություն քրիստոնեական աշխարհի, չի կարողացել մոդեռնացվել և աշհարհիկ տեսությունների վրա կառուցել իր իշխանական առանցքները: Իսլամում իրավունքն ու կրոնը չեն տարանջատվել: Սիրիայի ու Իրաքի աշխարհիկ ազգայնականությունները տապալվեցին արդեն մեր ժամանակներում:
Համաշխարհային առաջատար լինելու հավակնությունների գաղափարական պլատֆորմի խնդիրը
Քրիստոնեական քաղաքակրթյուններում իշխանության և գաղափարախոսության կապը մնացել է նույնը, փոխվել են ուղղակի գաղափարախոսությունների արտահայտման ձևերը` կրոնական «պլատֆորմից» տեղափոխվել է մարդու իրավունքների և իշխանության լեգիտիմության` ընտրությունների միջոցով օրինականացման դաշտը:
Կոմունիզմը արևմտյան սոցիալական տեսություն էր, և Խորհրդային Միությունը այդ մոդեռնիստական տեսության հիման վրա կարողացավ կառուցել գերտեություն, որն ուներ աջակիցներ ողջ աշխարհում: Խորհրդային Միությունը մարդկության «ապագայի» այդ տեսլականի առանցքային երկրի էր վերածվել: Համաշխարհային նշանակության գերտերություն լինելու համար պետք է ունենալ համաշխարհային նշանակության արժեքային առանցքներ:
Խորհրդային Միությանը որպես հակակշիռ՝ Արևմուտքը ձևավորեց «ապագայի» իր տեսլականը, հիմնված մարդու իրավունքների ու ազատ տնտեսական հարաբերությունների վրա, որի առանցքային երկիրը Միացյալ Նահանգներն էր:
Խորհրդային Միության փլուզումը նշանավորեց կոմունիստական սոցիալական պրոյեկտի ավարտը: Խորհրդային Միության փլուզումից հետո շատերը կանխատեսում էին արդեն Ռուսաստանի փլուզումը, իսկ 1992-ին ամերիկացի փիլիսոփա և քաղաքագետ Ֆուկույաման ազդարարեց պատմության ավարտի մասին, որովհետև արևմտյան լիբերալ-դեմոկրատիայից հետո, ըստ նրա, ավարտվում է մարդկության սոցիալ-մշակութային էվոլյուցիան և պետությունների կառավարման վերջնական մոդելը արդեն ձևավորվել է: Այսինքն վերջանում է մարդկության գաղափարական պայքարը և պետությունների արդյունավետ կառավարման մոդելը ստացել է ավարտական տեսք:
Կյանքը ցույց տվեց, որ քանի կա գերտերությունների պայքարը, ապա չի վերջանա նաև արժեքների շուրջ ընթացող պայքարը: Միշտ կգտնվի մի որևէ խդիր, որի շուրջ կկառուցվեն բաժանարար գծերը: Հիլարի Քլինթոնը ժամանակին ասում էր, որ թույլ չեն տա, որ Ռուսաստանը վերականգնի «Խորհրդային Միությունը» (դա ԵԱՏՄ-ին էր վերաբերվում) և Ռուսաստանը ռեգիոնալ տերությունից գերտերության չի վերածվի:
Այսօր Ռուսաստանը «ավանդական ընտանեկան արժեքներից» է կառչել, որին աջակցում են շատերը, այդ թվում նաև Միացյալ Նահանգներում: Ռուսաստանը լիբերալ նախագծին փորձում է հակադրել իր պահպանողական նախագիծը և դրանով ռեգիոնալ տերությունից նորից դառնալ գերտերություն:
Պարզ է, որ իրականում ավանդական արժեքները պետական գործիչներին շատ քիչ է հետաքրքրում: Նույն ինքը՝ Պուտինը, ամուսնալուծված է, իսկ Ռուսաստանի ղեկավարության մեջ կան բազմաթիվ առանցքային դեմքեր, ովքեր բազմիցս են ամուսնալուծվել և ապրում են քաղաքացիական ամուսնությամբ` լավագույն դեպքում: Ռուսաստանը չի կարող պարծենալ այն ավանդական ընտանեկան արժեքներով, որոնք կան Միացյալ Նահանգների «կարմիր»` պահպանողական նահանգներում: Դա բացարձակապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը և իշխանության խնդրին:
Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա դարերով հայերը բաժանված էին քաղքեդոնականների ու հակաքաղքեդոնականների, որի արդյունքում հայերի, գուցե մեծ մասը, տարրալուծվեցին այլ ազգերի մեջ: Արժեքային համակարգի շուրջը ծավալված ներազգային բախումը կոմպրոմիսների տեղ չէր թողնում:
Ընտանեկան բռնությունների դեմ խնդիրը մեզ համար պետք է լինի լոկ ընտանեկան բռնություն դեմ պայքարի խնդիր, այլ ոչ թե աշխարհաքաղաքական պայքարը՝ ներհայկական տարանջատման պատճառ:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել