HY RU EN

Արաքս Մամուլյան

Վահան Շիրխանյանի առողջական խնդրի պատճառով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստը: Պատճառը Շիրխանյանի առողջական խնդիրներն էին: Ամբաստանյալի համար դատարան հրավիրված Շտապօգնության բժիշկը արձանագրել էր, որ Շիրխանյանը գանգատվում է մեջքի շրջանում ունեցած ցավերից, որոնք առաջացել են սայլակի վայր ընկնելու հետևանքով: 

Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Շիրխանյանը հայտնել էր, թե դատապարտյալների հիվանդանոցից իրեն տեղափոխելիս աստիճանների վրա երկու անգամ գցել են սայլակը, որից հետո սկսվել էին գոտկատեղի հատվածի սաստիկ ցավերը: 

Թեև դատարանն այսօր նիստը հետաձգեց Շիրխանյանի` դրան մասնակցել ի վիճակի չլինելու պատճառով, ամբաստանյալի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Շտապ օգնության բժիշկը չի արձանագրել, որ Շիրխանյանն ի վիճակի չէ մասնակցել նիստին: 

Դատարանում ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը հայտարարեց, որ շարունակում է հոկտեմբերի 5-ին սկսած հացադուլը: Վերջինս նշեց, որ իր առողջական վիճակը լավ չէ, և որ ինքը շարունակելու է հացադուլն այնքան, մինչև կատարեն իր պահանջը: Իսկ Սարիբեկյանի պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանավորումը, համաձայն չէ նաև այս գործով իր նկատմամբ քրեական վետապնդում իրականացնելու հանգամանքի հետ: 

Նշենք, որ այսօր ամբաստանյալ.Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը բարձրաձայնեց այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը գնահատելու համար նշանակված համալիր փորձաքննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել նեղ մասնագիտական հետազոտություն անելու համար Ներսիսյանին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցից Դատապարտյալների հիվանդանոցին հայտնել են, թե հիվանդանոցն այս պահին հիվանդ ընդունելու տեղ չունի:

Նման պայմաններում պաշտպանը չի պատրաստվում սպասել, մինչև կստացվեն Էդվարդ Ներսիսյանի առողջության վերաբերյալ համալիր փորձաքննության պատասխանները կստացվեն. Պողոսյանի խոսքով` հաջորդ դատական նիստին ինքը Էդվարդ Ներսիսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության կներկայացնի: