
Կաթնամթերքի արտադրությունը կրճատվել է
2017 թվականը կաթնամթերի հայաստանյան շուկայի համար առավելապես անկումային տարի է։ Տարվա առաջին ութ ամիսների տվյալներով՝ կրճատվել են գործարանային արտադրության պանրի, մածնի, թթվասերի ու կաթնաշոռի ծավալները։ Ավելացել են միայն կաթի ու պաղպաղակի ծավալները։
Մասնավորապես, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 13.1 հազ. տոննա պանիր, որը 21,1%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակաշրջանում արտարված պանրի ծավալների համեմատ։
Մածնի արտադրության ծավալները կազմել են 4.1 հազ. տոննա, որը նվազել է 1,1%-ով։
Այս հունվար-օգոստոսին հանրապետությունում արտադրվել է 3.2 հազ. տոննա թթվասեր, նվազումը՝ 20.4%:
Իսկ կաթնաշոռի արտադրությունը կրճատվել է 9,6%-ով՝ կազմելով շուրջ 578 տոննա։
Աճել է պաղպաղակի արտադրությունը։ Այս տարվա առաջին ութ ամսում արտադրվել է 9 մլն լիտր պաղպաղակ՝ 5,5%-ով ավելին, քան 2016-ի նույն ժամանակահատվածում։
Իսկ կաթի արտադրության ծավալները կազմել են շուրջ 361 մլն լիտր՝ աճելով 0,6%-ով։ Վիճծառայության պարզաբանմամբ կաթի արտադրության ծավալներում ներառված է գյուղացիական տնտեսությունի կողմից արտադրվածը՝ բացառությամբ ներքին սպառումը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել