HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Դանիելյան

Քրդական հարցը և Արցախը

Իրաքի Քրդստանի ապագա կարգավիճակի խնդիրը վերածվում է Սիրիայում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների գլխավոր խնդիրներից մեկի: Իրաքի Քրդստանը ողջ Մերձավոր Արևելքում նոր աշխարհքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել:

Համարձակորեն կարող ենք կանխատեսել, որ մոտակա տասնամյակում, իսկ գուցե նաև ավելի ուշ, մեր տարածաշրջանի կենտրոնական հարցը լինելու է քրդական խնդիրը Իրաքում, Սիրիայում, Իրանում և Թուրքիայում: Քրդական խնդրում եղած դիրքորոշումերն են լինելու տարածաշրջանի բաժանարար գծերի հիմնական պատճառը:

Մյուս կողմից քրդական հարցի լուծման հետաձգումը կարող է ավելի բարդացնել իրավիճակը: 2016թ.-ի մայիսին Էրդողանը թուրք կանանց կոչ արեց մոռանալ հակաբեղմնավորիչ միջոցները և շատ երեխաներ ունենալ. «Մենք պետք է բազմացնենք մեր սերունդների քանակը»: Ըստ Էրդողանի` Թուրքիան ունի լուրջ դեմոգրաֆիական խնդիր: Ակնհայտ է, որ բնակչության աճ ապահովող երկիրը չունի դեմոգրաֆիական խնդիր: Էրդողանը ակնարկում էր քրդերին, որոնք ամենամեծ դեմոգրաֆիական աճ արձանագրող փոքրամասնությունն են` ի տարբերություն հիմնականում Թուրքիայի արևմուտքում կենտրոնացած քաղաքակրթվող և բարգավաճող թուրքերի: Ըստ դեմոգրաֆիական կանխատեսումների 2040 թվականներին երիտասարդների մեծամասնությունը սերելու է քրդախոս ընտանիքներից: Սակայն հիմնական խնդիրը այն է, որ քրդերը ոչ միայն բարձր ծնելիություն ունեն, այլ նրանց կոմպակտ բնակեցման տարածքներն են ընդլայնվում: Նրանց տեսակարար կշիռը մեծանում է այն տարածքներում, որոնք դուրս են պայմանական Քրդստանի տարածքներից` դրանով մեծացնելով ապագա Քրդստանի տարածքները:

Այսպիսով, քրդերի ինքնուրույն պետականություն ունենալը ժամանակի խնդիր է, որին ցանկացած ձևով կխոչընդոտեն Թուրքիան և Իրանը: Ինչ վերաբերվում է Իրաքին ու Սիրիային, ապա այստեղ խնդիրներն ավելի բարդ են և հիմնականում պայմանավորված են քրդերի սուվերենության աստիճանի, այդ տարածքների սահմանների, սունիների ու շիաների առճակատման, նավթի ու գազի պաշարների վերահսկման ու հնարավոր տարանցիկ ուղիների վերահսկման խնդիրներով: Այստեղ խաղն ավելի բարդ է:

Փորձենք հասկանալ, թե քրդական խնդիրն ինչ հնարավոր աշխարհքաղաքական փոփոխությունների կարող է հանգեցնել և այն ինչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի խնդրի վրա:

 Քրդական խնդրով աշխարհում գուցե ամենահեղինակավոր փորձագետը` ամերիկացի պրոֆեսոր Ռ. Օլսոնը, դեռևս տարիներ առաջ, երբ դեռ չկար Սիրիայի ճգնաժամը, իսկ «արաբական գարնան» մասին անգամ ենթադրությունները ֆանտաստիկայի ժանրից կարող էր թվալ, ասել էր, որ թուրքական Քրդստանի ստեղծմամբ տարածաշրջանում հիմնարար փոփոխություններ կարող են լինել: Դա կարող է  խափանել Թուրքիայի, Ադրբեջանի, Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի ուղղությամբ ստրատեգիական ծրագրերը: Ըստ Օլսոնի. «Ուժեղ Հայաստանը, դաշնակցած անկախ Քրդական պետությունների, կամ քրդական շարժումների հետ, կարող է ետ շպրտել Թուրքիային Կովկասից և Միջին Ասիայից»:

19-րդ դարի կովկասյան արյունալի պատերազմները ընթանում էին Կովկասում ռուս-թուրքական գերիշխանության համար, իսկ 1917 թվականի հեղափոխությունից հետո թուրքերը փորձում էին նորից մուտք գործել Կովկաս և Միջին Ասիա: Խորհրդային Միության փլուզումից հետո թյուրքական աշխարհի տեսլականը նորից վերածնվեց:

Հիշենք Նախիջևանում պարբերաբար կազմակերպվող թյուրքական երկրների ղեկավարների հանդիպումները  ցուցադրական ակնարկ են, թե ով է խոչընդոտում թյուրքական աշխարհի ստեղծմանը: Ավելին, հենց այդ հանդիպումների ժամանակ Ալիևը ցուցադրաբար հայտարարում էր Սյունիքի հանդեպ իր ունեցած հավակնությունների մասին: Պետք է նաև հիշել, թե Կարսի պայմանագրի շուրջ ընթացող բուն քննարկումների ժամանակ ինչ համառությամբ էր Թուրքիան պահանջում, որ Նախիջևանն անցնի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրի նկատմամբ պահանջները չիրականացան: Ավելին, հետագայում Իրանի հետ տարածքների փոխանակման միջոցով Թուրքիան Նախիջևանի հետ ունեցավ ընդհանուր սահման: Ակնհայտ է, որ դա Թուրքիայի առնվազն 100 տարվա ստրատեգիան է թյուրքական աշխարհը ձևավորելու համար:

Էրդողանի օրերս արած հայտարարությունը, որ Թուրքիան առյուծ է, որի ճանկերը հանել են, վերաբերվում է քրդերի հարցում Միացյալ Նահանգների  դիրքորոշմանը: Ըստ նրա խոսքերի, Թուրքիային ցանկանում են ոչնչացնել «ներսից և դրսից», և դա անում է Միացյալ Նահանգները:

Մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացումը նրա և Պուտինի վերջերս տեղի ունեցած հանդիպումից հետո, նույնպես, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր Ռուսաստանի դիրքորոշմամբ Սիրիայի քրդական անկլավի Աֆրինի ճակատագրի կապակցությամբ: Թուրքիայի նպատակն ակնհայտ է, ոչ միայն  թույլ չտալ, որ միանան քրդական անկլավները, այլ ուղղակի տեղահանել տեղի քրդերին, ինչպես դա արեցին Խորվաթիայի սերբական Կրաինայի անկլավի հետ:

Ինչ կապ կա քրդական խնդրի և Արցախի հարցի միջև: Ակնհայտ է, որ Արցախը լայնացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած սեպը: Արցախը և Սյունիքը Ադրբեջանի և Թուրքիայի համար նույն խնդրի երկու բաղկացուցիչ մասերն են և պատահական չէ, որ Արցախի խնդրի սառեցման գործում Մինսկի խմբի համանախագահների տեսակետները համընկնում են: Իսկ եթե ավելի խորը դիտարկենք, ապա Արցախի խնդիրը փոխկապակցված է Քրդստանի հարցով:

Պատահական չի, որ ռուս վերլուծաբանները հաճախ են ակնարկում ադրբեջանցիներին հրաժարվել «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսից և դառնալ ինքնուրույն և ինքնաբավ «ադրբեջանցի» ազգ: Այդ դեպքում իրենք էլ կփոխեն իրենց քաղաքականությունը Ադրբեջանի և գուցե նաև Արցախի խնդրի հարցում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter