HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նահանջել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հոկտեմբերի 16-ին Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակվել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը, որում իր հետընթացն է շարունակում Հայաստանի հավաքականը: Նախորդ ամսվա համեմատ Արթուր Պետրոսյանի թիմը նահանջել է 7 հորիզոնականով և 83-ից իջել 90-րդ հորիզոնական: Ազգային ընտրանին, ինչպես և նախորդ ամիս, իր հաշվին ունի 414 վարկանիշային միավոր:

Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը անցկացրել է 2 հանդիպում: Հոկտեմբերի 5-ին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրում մեր ընտրանին սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Լեհաստանի հավաքականից, իսկ ընտական փուլի վերջին խաղում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին, հյուրընկալվելիս 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ:

Առաջատար տասնյակում էական փոփոխություններ չեն եղել: 1-ին հորիզոնականում աշխարհի գործող չեմպոն Գերմանիայի հավաքականն է: 2-րդ տեղում Բրազիլիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան: Նրանց հաջորդում են Արգենտինան, Բելգիան և Լեհաստանը: Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է 1 հորիզոնականով և այժմ 7-րդն է: Լավագույն տասնյակ է վերադարձել Իսպանիան՝ 11-րդից բարձրանալով 8-րդ հորիզոնական: 9-րդ տեղում է Չիլին է, իսկ նրան հաջորդում է հարավամերիկյան մեկ այլ հավաքական՝ Պերուն, որն իր պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել է առաջին տասնյակում:

Մեր հարևան երկրների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունի Թուրքիան, որը գտնվում է 33-րդ հորիզոնականում: Իրանը 34-րդն է: Նշված երկու հավաքականներն էլ նախորդ ամսվա համեմատ հետընթաց են գրանցել՝ նահանջելով համապատասխանաբար 6 և 9 հորիզոնականով: Վրաստանը 104-րդն է, իսկ Ադրբեջանի ընտրանին հայտնվել է 115-րդ տեղում՝ նահանջելով 23 հորիզոնականով:

Ազգային հավաքականներից ամենամեծ ցատկը կատարել է Թուրքմենստանը, որը 136-րդ հորիզոնականից բարձրացել է 114-րդ հորիզոնական, իսկ հակառակ դեպքում՝ ամենամեծ անկումն արձանագրվել է Էկվադորի և Լիտվայի հավաքականանների մոտ: Առաջինը 35-րդից իջել է 60-րդ տեղ, իսկ երկրորդը 120-րդ հորիզոնականից հայտնվել է 145-րդում:

ՖԻՖԱ-ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի նոյեմբերի 23-ին: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը Երևանում  երկու ընկերական հանդիպում կանցկացնի. նոյեմբերի 9-ին Բելառուսի, իսկ նոյեմբերի 13-ին Կիպրոսի ընտրանու հետ: