HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նուբարաշենի խճուղում սպանված Եղիշե Խաչատրյանի մոր առողջական վիճակը դատարանի ճանապարհին վատացել է

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շուրջ մեկուկես ամիս ընդմիջումից հետո այսօր նշանակված էր Նուբարաշենի խճուղում Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց:

Այսօր դատարանում պետք է շարունակվեր սպանված Եղիշե Խաչատրյանի մոր` Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը, սակայն նրա ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը դատարանում հայտնեց, որ դատարան գալու ճանապարհին Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացել է:

Այդ պատճառով դատարան ներկայանալ չի կարողացել նաև տուժող Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը: Նման պայմաններում դատարանը հետաձգեց գործի քննությունը:

Մինչ այդ դատարանը գործում որպես Յուրի Հակոբյանի պաշտպան՝ ներգրավեց փաստաբան Միհրան Մինասյանին: Նշենք, որ Յուրի Հակոբյանի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբան Արմեն Նադիրյանը, սակայն վերջինս դադարեցրել է փաստաբանի գործունեությունը:

Նշենք, որ այս գործով վերջին անգամ դատական նիստ է տեղի ունեցել օգոստոսի 29-ին: Այդ, ինչպես նաև դրան նախորդած դատական նիստի ընթացքում հարցաքննվել է 78-ամյա Էմմա Աբրահամյանը, ում ներկայությամբ են ծեծելով սպանել Եղիշե Խաչատրյանին: Երկու դատական նիստերին էլ Էմմա Աբրահամյանի առողջական վիճակը վատացել է, և դատավորը ստիպված է եղել հետաձգել նիստը:

Օգոստոսի 29-ից հետո նշանակված մեկ դատական նիստ էլ հետաձգվել է դատավոր Աննա Դանիբեկյանի` ժամանակավոր անաշխատունակության պատճառով:

Հիշեցնենք, Եղիշե Խաչատրյանը սպանվել է 2016 թվականի հունիսի 4-ին` Նուբարաշենի խճուղում երթևեկության կանոնները խախտելու շուրջ մի խումբ անձանց հետ առաջացած վիճաբանության հետևանքով:

Գործով կալանավորված ամբաստանյալներն են Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը և Արթուր Զաքարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter