
Մոսկվայում սպանված հայ տղամարդը Հայաստանի քաղաքացի չէր
Հոկտեմբերի 16-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովոսլոբոդսկայա փողոցում բնակելի տների հարևանությամբ սպանություն էր տեղի ունեցել։ Զինված անձը հրազենից կրակոցներ էր արձակել զոհի ուղղությամբ։
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ սպանվածը 1977 թվականին ծնված հայ գործարար Գեորգի Ակոպջանովն է, ով ստացած մահացու վիրավորումներից տեղում մահացել է։ Ավելի ուշ Известия-ն հրապարակել էր նաև միջադեպի տեսանյութը։
Դեպքի առթիվ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության և զենքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։ Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Գեորգի Ակոպջանովը Հայաստանի քաղաքացի չէր: Նա ծնվել էր Բաքվում և ուներ Ռուսաստանի քաղաքացիություն: Արտաքին քաղաքական գերատեսչությունից այլ մանրամասներ չփոխանցեցին:
Այս պահի դրությամբ դեպքի առնչությամբ ձերբակալվածներ չկան:
Մեկնաբանել