HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շամախյան տեղամասի վագոն-տնակը հրկիզելու փաստով Դիլիջանի բնակիչ է ձերբակալվել

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով մեկ անձ ձերբակալվել է։

Ինչպես «Հետք»-ի հետ զրուցում նշեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, ձերբակալվածը Դիլիջան քաղաքի բնակիչ է։ Խորհրդականը, սակայն, ձերբակալված մասին այլ տվյալներ չհաղորդեց՝ պարզաբանելով, որ նույնականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Մինչ այս քննչական մարմինը երեք անձի ընկերության աշխատակիցներին ներկայացրել է ճանաչման, սակայն աշխատակիցները որևէ մեկին որպես բռնի գործողություններ իրականացնողի՝ չեն ճանաչել: Աշխատակիցները փաստել են, որ նրանք եղել են դեպքի վայրում, սակայն որևէ գործողություն չեն կատարել:

Հիշեցնենք, որ Շամախյան տեղամասում հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, այրել էին վագոն-տնակ և հարձակվել աշխատակիցների վրա: Մինչ այդ «Դիլիջան ազգային պարկ» աշխատանքային այցով ներկա են գտնվել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու նախարարության աշխատակիցները: Նրանց հեռանալուց հետո տեղի է ունեցել միջադեպը, որի մասին տեղեկանալով՝ նախարարը Երևան հետ վերադառնալու ճանապարհից հետ է դարձել և կրկին եկել ազգային պարկ:

Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter