
WWF-Հայաստանը և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հուշագիր են ստորագրել
Հայաստանի բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ի դեմս ղեկավար Եղիշ Տերտերյանի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, ի դեմս տնօրեն Կարեն Մանվելյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակներում WWF-Հայաստանը պարտավորվել է աջակցել տեսչական մարմնին՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ, կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կավելացնեն Տեսչական մարմնի աշխատակիցների կարողությունները և հմտությունները, ինչպես նաև աջակցել կովկասյան ընձառյուծի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ վտանգված տեսակների պահպանությանն ուղղված Տեսչական մարմնի կողմից իրականացվող միջոցառումներին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իր հերթին պարտավորվել է վերոհիշյալ տեսակների ապրելավայրեր պարբերաբար շրջայցեր իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումների մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրել WWF-Հայաստանին։
Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը՝ հավելելով, որ բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, WWF-Հայաստանի կողմից տեսչական մարմնին է հանձնել սարքավորումներ՝ կվադրոկոպտերներ (դրոն), հեռադիտակներ, ֆոտոխցիկներ, ինչպես նաև համակարգիչներ և այլ պարագաներ։
Մեկնաբանել