HY RU EN

Ստեփան Դանիելյան

Քրդական դասեր հայերի համար

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն ծանր հետևանքների հանգեցրեց: Իրանի վերահսկողության տակ գտնվող շիա միավորումները մեկ օրում գրավեցին նավթով հարուստ Քիրքուկի տարածաշրջանը, փորձում են ցամաքային կապից զրկել Իրաքի և Սիրիայի քրդերին, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ նրանց համար: Քրդերի տարբեր կուսակցությունների և ցեղամիավորումների միջև հակասություններն արդեն խորքային բնույթ են կրում, և ևս մեկ անգամ հաստատվում է այն տեսակետը, որ քրդերին որպես մեկ ազգ, անգամ ավելին, որպես մեկ միասնական էթնոս դիտարկելը վիճելի է:

Սիրիայում և Իրաքում  կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվությունը կարելի է գտնել միջազգային լրահոսում: Ավելին, Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները միջազգային քաղաքական կյանքի ամենակարևոր գործոններից են դարձել:

Իրականում լրահոսը մեզ ոչ թե օգնում է հասկանալու բուն գործընթացի տրամաբանությունը, այլ գուցե շեղում է: Եթե այս ամենը փորձենք դիտարկել պատմական կտրվածքում, ապա պատկերն ավելի հասկանալի կլինի: Քրդերը փորձում են պարբերաբար նույն քաղաքական մեթոդոլոգիան կիրառել, արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը, ինչը ողբերգական հետևանքներ է ունենում: Արդյունքում՝ քրդերն իրենք են օգտագործվում և մնում մեն-մենակ ախոյանների դեմ:

Քրդերի սեփական պետականությունը հիմնելու ձգտումը հասկանալի է, սակայն չորս հարևանների տարածքներում գտնվող «Քրդստանը» կամ «Քրդստանները» ստիպված են իրենց պետականության կայացումը պայմանավորել աշխարհաքաղաքական զարգացումներով և որոնել հովանավորներ` տարածաշրջանից դուրս: Այս պահին այդ երկրներն են Միացյալ Նահանգները և Իսրայելը:

Կասկած չկա, որ այդ երկրները հիմնավոր պատճառներով, անկեղծորեն շահագրգռված են Քրդստանի ստեղծմամբ, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր  նման փորձերը ձախողվել են, և դրանց հետևանքով տեղի են ունեցել քրդական ջարդեր։

20-րդ դարի սկզբին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, քրդերը հույսները դրել էին Բրիտանիայի և Ռուսաստանի վրա։ 1946 թվականին Իրանում 11 ամիս գոյատևեց քրդական Մեխաբադյան հանրապետություն` Մաքսուդ Բարզանիի գլխավորությամբ, հույսը դնելով Սովետական Միության վրա, իսկ մինչ այդ, 1943-ից-1945թթ նույն Մաքսուդ Բարզանին անկախություն էր հայտարարել Իրաքում (մինչև Իրան տեղափոխվելը)` հույսը դնելով բրիտանացիների օգնության վրա:

Բոլոր դեպքերում, քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, արտաքին օգնության վրա հույս դնելն ավարտվում էր ողբերգություններով: Յուրաքանչյուր արտաքին ուժ ունի իր շահերը և խնդիրները, որոնք քրդերի միջոցով լուծելուց հետո, նրանց թողնում էին միայնակ և տեղի տալիս Իրանի, Սիրիայի, Իրաքի կամ Թուրքիայի պատժիչ գործողություններին:

Սակայն ամենադաժան փորձությունը քրդերի համար Իրանա-Իրաքյան պատերազմն էր: 1974-ին Մասուդ Բարզանին` այսօրվա իրաքյան Քրդստանի ղեկավարի հայրը,  չի ընդունում Սովետական Միության հետ համագործակցող Իրաքի ղեկավար Սադամ Հոսեյնի առաջարկած Քրդստանի ինքնավարությունը (քանի որ Քիրքուկը, Սինջարը և էլի այլ տարածքներ չէին ներառվել Քրդստանի կազմում) ու ստանալով Իրանի շահի ու ԱՄՆ պետքարտուղար Քիսինջերի աջակցության երաշխիքները`  ապստամբություն է բարձրացնում, սակայն պարտությունից հետո ստիպված է լինում փախչել Իրան: Դրա հետևանքով Իրաքում քրդերի դաժանագույն ջարդեր տեղի ունեցան, իսկ Իրանի շահը, համաձայնության գալով Իրաքի հետ` վիճելի տարածքների հարցով, (դրան հասնելու համար օգտագործելով քրդերի ապստամբությունը), բնականաբար, մոռացավ իր խոստումների մասին:

Արտաքին ուժերի վրա հենվելու, աշխարհաքաղաքական ուժերի հակամարտություններից օգտվելու քրդերի քաղաքականության ամենափայլուն գնահատականը տվել է Հենրի Քիսինջերը: 

1974թ.-ին Հենրի Քիսինջերը միաժամանակ եղել է և ԱՄՆ պետքարտուղար, և նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական (ԱՄՆ պատմության մեջ միակ դեպքն է, որ մեկ մարդն այդ երկու գերկարևոր պաշտոնները համատեղի): Նա Real Politic-ի ամենակարկառուն դեմքերից մեկն է և, շատերի կարծիքով, 20-րդ դարի ամենատաղանդավոր և գիտակ դիվանագետն ու միջազգայնագետը:

Իրաքի Քրդստանի` վերջերս տեղի ունեցած անկախության հանրաքվեից 9 օր առաջ Էրբիլում ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Ֆրեդերիկ Տիսսոն քրդերին հորդորում էր հանրաքվեի անցկացման փոխարեն համաձայնվել ԱՄՆ առաջարկած այլընտրանքային տարբերակին` հիշեցնելով 1975 թվականի ԱՄՆ-ի և Քիսինջերի պահվածքի մասին. «Իմ քուրդ ընկեր, մի մոռացիր, որ ձեր «ընկեր» Քիսինջերը 1975թ.-ին ձեզ մեջքից հարվածեց` կազմակերպելով Ալժիրյան համաձայնագիրը»: Այդ համաձայնագրով  Իրանը և Իրաքը վիճելի տարածքների հարցում եկան համաձայնության, և քրդերը մնացին մեն-մենակ` իրաքյան պատժիչ ուժերին դեմ հանդիման:

Արդյունքում տասնյակ հազարավոր քրդեր ոչնչացվեցին, մոտ 200 հազարը փախան Իրան, և երբ Քիսինջերին հարցրել էին այդ գործում Ամերիկայի պատասխանատվության և փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին, նա ասել էր, որ պետք չէ հատուկ գործողությունը շփոթել միսիոներական աշխատանքի հետ:

Բնութագրական է նրա մեկ այլ արտահայտությունը. «Մեծ երկրները իրենց չեն զոհաբերում դաշնակիցների համար»:

Հայաստանում ընթացող բուռն բանավեճերի կիզակետում է «ճիշտ» և «սխալ» արտաքին կողմնորոշումների դիլեման:

Քրդերի օրինակը պետք է հուշի, որ ցանկացած արտաքին կողմնորոշում կարող է ունենալ ողբերգական հետևանքներ, հատկապես մեր տարածաշրջանում: Պետք չէ փորձել օգտվել հզոր երկրների հակասություններից, նրանք ի վերջո համաձայնության են գալիս, իսկ մնացածներն ուղղակի խաղաքարտեր են: