
Alluria օրգանական գինի. «Լավ գինու խաղողը հողի հետ կռիվ տված խաղողն է»
Կարմրահյութ և հաղթանակ տեսակի խաղողներից Էջմիածնում պատրաստում են Alluria («Ալլուրիա») կարմիր գինին: Արտադրողներն ասում են, որ այն դեռևս միակ հայկական գինին է, որը պատրաստվում է առանց կոմերցիոն խմորիչների և սուլֆիտների:
«Շշալցված, պիտակավորված, խցանված գինիների մեջ մեր գինին, այո, միակն է: Բայց տնային գինեգործության մեջ, հավանաբար, մարդիկ ևս մեզ պես են պատրաստում»,- ասում է արտադրողներից մեկը՝ Սամվել Մաչանյանը
Իհարկե, նա նշում է, որ կոմերցիոն խմորիչներ չօգտագործելը կարող է վնասել և փչացնել ամբողջ գինին, և այն կարող է քացախանալ, սակայն մինչ օրս նման բան դեռևս չի եղել:
«Մեզ մոտ բացարձակ վայրի խմորում է։ Այսինքն՝ մեզ մոտ խաղողն այգուց գալիս է գործարան, մենք իրականացնում ենք խաղողի մանրակրկիտ զննում, հատ-հատ ընտրում ենք։ Մենք թողնում ենք, որ վայրի խմորիչներն իրենց գործն անեն։ Դա շատ մեծ ռիսկ է, իհարկե, քանի որ տարբեր խմորիչներ կարող են աշխատել: Բայց մենք էդ ռիսկին գնում ենք, որովհետև մեր ամբողջ նպատակը տրադիցիոն գինեգործությունն է, այն գինեգործությունը, որը որ մեր պապիկն է մեզ սովորեցրել»,- ասում է նա։
Գինու արտադրությամբ Մաչանյանների ընտանիքը զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ: Դեռևս Վանում Սամվելի պապի պապերը խաղողի մեծ այգիներ են ունեցել: Նա ասում է, որ գինու արտադրությունն իրենց ընտանիքի անբաժան մասն է կազմում:
«Ես ինձ ինչ հիշում եմ՝ գինի ենք սարքել: Ես 33 տարեկան կլինեմ: Ես ծնվել եմ, իմացել եմ, որ գինին էդ նորմալ բան ա: Առավոտվա ձվածեղի նման, բոլոր մարդիկ գինի են սարքում»,- ժպիտով հիշում է Սամվելը:
Սկզբում գինեգործությունն իրենց համար եղել է ուղղակի հոբբի: 2007-2008թթ․-ից սկսած` եղբայրների հետ գինի էին պատրաստում, բայց միայն ընտանիքի, ընկերների համար:
Վաճառելու միտքն առաջացել է 2013թ., երբ գինու մի քանի շիշ վերցրած` Սամվելը գնացել է ծանոթ սոմելյեի (գինեգետ) մոտ՝ խնդրելով, որ փորձի և իր կարծիքը հայտնի: Վերջինս դրական արձագանք է տվել ու ասել, որ գինին մեծ պոտենցիալ ունի:
Այնուհետև իրականացվել են բրենդավորման, շիշ ընտրելու, պատվիրելու, սարքեր գնելու և այլ գործընթացներ, որոնցից հետո միայն՝ 2016թ.-ի դեկտեմբերի 15-ին վաճառքի են հանվել «Ալլուրիա» անունով կարմիր չոր գինիները:
Անվանումն ընտրվել է ի պատիվ Վանի շրջանում գտնվող իրենց պապական գյուղի՝ Ալյուրի կողքով հոսող Ալլուրիա գետի: Հիմա այդ գետը կոչվում է Կարասու (թուրքերենից թարգմանաբար՝ սև ջուր):
Գինու արտադրման ամբողջ գործընթացը` բացառությամբ բերքահավաքի, իրենք` եղբայրներով են անում։
Սամվելն ասում է, որ կողքից իրենց գինեգործ ընկերները շատ են ասում, որ այնուամենայնիվ սուլֆիտներ և ծծումբ ավելացնեն, ինչը գինու արտադրության մեջ որոշակի չափով թույլատրելի է, սակայն իրենք չեն ավելացնում: Ասում են, որ այդպես իրենց ավանդական ընտանեկան գինին չի լինի։
Կոմերցիոն գործունեության 9 ամիսների ընթացքում վաճառքի համար արտադրել են մոտ 4500-5000 շիշ գինի, սակայն մյուս տարի նախատեսում են ընդլայնել խաղողի այգիներն ու արտադրել մոտ 10 000 շիշ:
Գինին սովորական խանութներում չի վաճառվում։ Այն կարելի է գտնել միայն մասնագիտացված խանութներում, ինչպես նաև՝ գինու բարերում և ռեստորաններում:
Պատճառներից մեկն, իհարկե, արտադրության փոքր ծավալն է։ Իսկ երկրորդ, ամենակարևոր պատճառն այն է, որ ուզում են իրենց «գինին յուրահատուկ մնա»:
«Մենք էս գինին ուզում ենք, որ խմեն գինին հարգող, սիրող մարդիկ: Չեմ ուզում, որ ինքը դառնա սովորական»,- ասում է Սամվելը։- Իմ սրտից արյուն ա գնում, երբ որ մեր գինին լցնում են ու թողնում բաժակի մեջ: Որովհետև որ դու գիտես էն աշխատանքը, որ դու տանում ես, որ էդ մի գրամը ստանաս, ու ինչ-որ մեկը չի հարգում այդ աշխատանքը, էդ սպանիչ է»,- ժպիտով ասում է Սամվելը։
Կռիվ տված խաղողն ու «կոտոշավոր» գինին
Լոգո՝M(achanyan) W(ine)
Սամվելը վստահ է, որ լավ գինու խաղողը պետք է հողի հետ կռիվ տված խաղող լինի, պետք է լինի «պայքարող»:
«Եթե սևահողի մեջ խաղող եք տնկում, իրանից լավ գինի չի ստացվելու: Կլինի շատ լավ, ուղղակի խմելու գինի,- ասում է նա։- Արմատը պետք է պայքարի, քարը ջարդի, գնա հասնի ամենախորքի ջուրը խմի: Դա ինքնապաշտպանական բնազդն է, որով խաղողը հասկանում է, որը ինքը կարող է վերանալ և սկսում է կռիվ տալ, պայքարել»:
Հենց այդ սկզբունքով էլ ընտրել են պիտակի վրայի պատկերը՝ խոյին, որը ևս ապրում է սարերում, ժայռերում, «քարից խոտ գտնող», պայքարող կենդանի է, ինչպես իրենց խաղողը: «Ես շատ եմ լսել, որ մեր գինու անունը չեն հիշում, ասում են՝ էն կոտոշավոր գինին»,-կատակում է Սամվելը։
Օրեր առաջ եղբայրներով գնացել են Վանի իրենց գյուղն ու գտել իրենց պապական այգին, որը քանի տարի է` նորմալ չի ոռոգվել: Սակայն խաղողները դեռևս աճում են: Այդտեղից մի վազ են բերել իրենց հետ և փորձելու են աճեցնել այստեղ:
Թե խաղողի որ տեսակն է, չգիտեն: Սամվելը նմանեցնում է արենիին, սակայն վստահ չէ:
Էմոցիոնալ գինին. ինչպե՞ս հասկանալ, որ այն լավն է
«Եթե մարդ խմեց, դուրն եկավ, ուրեմն գինին լավն է»,- սա է Սամվելի կարծիքը: Սակայն նա այնուամենայնիվ առանձնացնում է մի քանի հատկանիշ, որոնցով կարելի է գնահատել գինին:
Առաջինը Տեսքն է
- Գինին առաջինը խմում են աչքերով: Լցնում եք բաժակը, եթե տեսքը ձեզ հաճելի է, դա արդեն պլյուս է՝ տեսքը վառ է, փայլում է բաժակի մեջ: Աչքերով եք իրեն խմում:
Երկրորդը ՝ Հոտը
- Հոտով կարողանում եք իր մրգային նրբությունները բացահայտել: Ասում են՝ զգում եմ բալի չրի հոտ կամ սեխի հոտ: Ամեն խաղող, տարածաշրջանի հետ կապված համային և բույրային կարողություններ է վերցնում: Օրինակ՝ Հաղթանակ խաղողը շատ հայտնի ա խտացրած բալի հոտերով: Կարմիր գինին ավելի շատ կարմիր մրգերի հոտ է բերում, սպիտակը՝ սպիտակ:
Երրորդը` Համը
- Վերջինը նոր համայինն է: Եթե սա էլ դուր եկավ, ուրեմն գինին լավն է: Չկա վատ գինի, ամեն դեպքում, աշխատանք է տարվում գինի ստանալու համար: Այդ դեպքում ուղղակի ասում են՝ իմ համար չի:
«Ես գինեգործությունը համեմատում եմ արվեստի հետ: Բոլոր մարդիկ էլ վրձինը կարան բռնեն ու նկարեն: Բայց բոլորինն էլ արժեք չունի: Արժեք ունեն էն էմոցիաները, էն ամեն ինչը, որը ինքն էդ նկարի մեջ դնում ա, ու կարողանում է փոխանցի: Գինին էլ, ես համոզված եմ, էդ էմոցիաները կուտակող մի հատ հատկություն ունի: Էդ ամբողջ պրոցեսի ընթացքում դրա մեջ դրված քո էմոցիաները՝ սկսած բերքահավաքից, վերջացրած շշալցմամբ, գինին կուտակում և փոխանցում է»:
Այդ պատճառով, երբ մտնում ենք մառան՝ հնեցվող գինիները նայելու, Սամվելն ասում է.«Այստեղ մտնում ենք միայն դրական մտքերով, որ գինին դրական լիցքեր կուտակի և հանկարծ չնեղանա, քանի որ ինքն այստեղ հասունանում, կրթվում ու դառնում ա մեծ գինի, իրան սթրեսներ պետք չեն: Ինքը պետք է լինի հանգիստ վիճակում»։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել