
Տուրիզմի զարգացման հեռանկարներն ու շրջող արջերը Շատինում
Ամալյա Մարգարյան, Դավիթ Բանուչյան
«Շատինը բնության առումով գեղեցիկ է, մենք ունենք գեղատեսիլ վայրեր և պիտի զարկ տանք տուրիզմի զարգացմանը, իսկ դրա համար համապատասխան պայմաններ են պետք»,- ասում է Վայոց ձորի մարզի Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը:
Շատին գյուղը գտնվում է Արփա գետի վտակ Եղեգիսի ափին, բնակիչների մեծ մասը այստեղ է տեղափոխվել Պարսկաստանի Սալմաստ գավառից: Գյուղի տարածքում են գտնվում Եղեգիս քաղաքի ավերակները: Շատինն ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ, 2008թ.-ին այստեղ կառուցվել է «Կարմիր գրքում» գրանցված բեզոարյան այծեր դիտելու տեսադիտարան: Գյուղի մոտակայքում է գտնվում 10-րդ դարում կառուցված և 17-րդ-ում վերակառուցված Շատիվանքը:
Գյուղից արտագաղթողների թիվը մեծ չէ, համայնքի ղեկավարը նշում է, որ եթե կարողանան աշխատատեղեր բացել, արտագաղթ չի լինի: Տիգրան Խուդոյանը կարևորում է տնտեսական հարցերն առաջնահերթ լուծելը. «Փորձում եմ ֆինանսական միջոցները ներդնել ոչ թե սոցիալական, այլ տնտեսական խնդիրները լուծելու համար: Ինչքան էլ սոցիալական խնդիրները շատ լինեն, մենք պետք է տնտեսական հարցերը լուծենք»:
Շատինում, ինչպես նաև շրջակա 11 բնակավայրերում չկա գազիֆիկացում: Տիգրան Խուդոյանն ասում է, որ մյուս համայնքների ղեկավարները ևս հարցը բարձրացրել են. «Գազը պիտի սպառում ունենա, մեծ հաշվարկների հետ է կապված, երևի հաշվարկներ արել են, բայց լուծումը դեռ չկա: Լավ կլիներ, որ Շատինը գազիֆիկացվեր, քանի որ դառնալու է Եղեգիս համայնքի կենտրոնը»:
Նոյեմբերի 5-ին Շատին համայնքում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, 12 համայնք կմիավորվի մեկ՝ Եղեգիս անունով համայնքի մեջ: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը ասֆալտապատ չէ: Արտաբույնք, Հերմոն, Հորբատեղ, Գողթանիկ, Վարդահովիտ գյուղերի ճանապարհները տարվա մեջ մի քանի անգամ հարթեցվում են, բայց ցածր մեքենաները չեն կարողանում անցնել: Դեպի Շատիվանք տանող ճանապարհը ևս անանցանելի է ցածր մեքենաների համար:
Շատինցիներին մտահոգում են նաև մոտակա ձորից բնակավայր ներսուդուրս անող արջերը: Նրանք ակտիվանում են հատկապես ամռանը և աշնանը: Գյուղացիներն ասում են, որ թեև արջերն իրենց բարեկամներն են, սակայն վնաս են տալիս իրենց տնտեսությանը՝ փեթակներ են ջարդում, ճառերի ճյուղեր կոտրում:
Շատինցի Էդիկ Սմբատյանը պատմում է, որ այս տարի արջը մեղուների չորս փեթակ է վնասել. «Գիշերը ձայն լսեցինք, առավոտ տեսանք, որ փեթակները շուռ է տվել, շրջանակները ջարդել: 50 հազարի չափ վնաս եմ կրել: Անցած տարիներին էլ է արջը եկել, բայց ոչ այսքան շատ: Բացի մեղրից, նաև ծառերն է ջարդում, ուղղակի միրգը չի ուտում»:
Գյուղացիները պատմում են, որ արջերին նկատելու համար նույնիսկ տեսախցիկներ են տեղադրել, բայց արջերը տեսախցիկները տեղահան են արել և անցել իրենց գործին:
Շատինցի Մելիք Մաթևոսյանի խոսքով՝ արջը ձորից բարձրանում է այգի, տանը մոտենում մինչև 5-6 մետր: Որպեսզի ավելի շատ չմոտենա, ազդանշանային համակարգ է գործի դրել:
Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը տեղյակ է արջերի ՝ գյուղ ելումուտ անելու մասին: Որսագողությունը տարածքում արգելված է, այդ է պատճառը, որ արջերը գյուղում իրենց անվտանգ են զգում. «Արջերի մոտ պայմանական ռեֆլեքս է ձևավորվել: Տարածքում ապահով են, կա պտուղ, մեղր: Շարքային շատինցին չի կարող արջի դեմ որևէ պայքար անել, դրա համար կա ոստիկանություն, բնապահպանության վարչություն, դեպքերի ժամանակ մենք դիմում ենք, բայց շուրջօրյա հսկողություն չի իրականացվում»:
Մեկնաբանել