
Կատալոնիան անկախություն հռչակեց. Իսպանիան ուղիղ կառավարում է մտցրել ինքնահռչակ երկրում
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին կայացած նիստի ժամանակ անկախություն է հռչակել: Քվեարկությանը 135 պատգամավորներից մասնակցել են 82-ը, որոնցից 70-ը կողմ է քվեարկել երկրամասի անկախության օգտին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խոստացել է վերականգնել օրինականությունը ինքնահռչակ երկրում և հորդորել է հանգստություն պահպանել, իսկ երկրի սենատը միանգամից որոշում է կայացրել՝ ուղիղ կառավարում մտցնել Կատալոնիայում, այսինքն՝ կիրառել երկրի սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կենտրոնական իշխանություններին ճգնաժամային իրավիճակներում ուղիղ կառավարում մտցնել և որոշ ժամանակով սահմանափակել տարածքային իշխանությունների լիազորությունները:
Միջազգային հանրությունը ստեղծված իրավիճակում իր աջակցությունն է հայտնել Իսպանիայի իշխանություններին: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ի համար ոչինչ չի փոխվել. «Իսպանիան մնում է մեր միակ գործընկերը: Հուսով եմ, որ Իսպանիայի իշխանությունները կնախընտրեն փաստարկների ուժը, այլ ոչ թե ուժը՝ որպես փաստարկ»,- գրել է Տուսկը Թվիթերի իր էջում:
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է. «Միացյալ Նահանգները աջակցում է Իսպանիայի իշխանությունների ցուցաբերած սահմանադրական միջոցներին, որպեսզի Իսպանիան մնա միասնական և ուժեղ»,- ասել է պետդեպի մամուլի քարտուղար Հիզեր Նոերթը:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ Իսպանիան շարունակում է մնալ կազմակերպության հավատարիմ դաշնակիցը, իսկ Կատալոնիայի հարցը Պիրենեյան պետության ներքին գործն է:
Հակառակ կենտրոնական իշխանությունների ճնշումներին՝ Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը Թվիթերի իր էջում գրել է, որ Կատալոնիան կա ու կլինի ազատության երկիր, իսկ Բարսելոնայի փողոցներում ժողովուրդը նշում է ժամեր առաջ հռչակված անկախությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացվեց, որն ուղեկցվեց իրավապահ մարմինների ձեռնարկած կոշտ միջոցներով: Բախումների արդյունքում տուժած մարդկանց թիվը հաշվում էին հարյուրներով: Այնուամենայնիվ, հանրաքվեի մասնակիցների 90%-ը կողմ քվեարկեց անկախությանը:
Լուսանկարը՝ © REUTERS / Yves Herman
Մեկնաբանել