
«Սիրելի հայրենակիցներ» բառերով սկսվող թռուցիկներ, պատից կախված թրեր, պաստառներ. դատարանում հետազոտվում են ապացույցները
«Հայտնաբերվել ու առգրավվել են «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ»,- այս նախադասությունն այսօր պարբերաբար կրկնվում էր Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ:
Դատարանը սկսել է ապացույցների հետազոտումը: Դահլիճում՝ ապակե պատերից այս կողմ ներկաները ծիծաղով էին արձագանքում՝ լսելով «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակի խուզարկությամբ առգրավված թռուցիկների մասին հիշատակումները: Նախաքննական մարմինը գրասենյակի խուզարկությամբ առգրավել է նաև պաստառներ, խտասկավառակներ: Զենք-զինամթերք գրասենյակից չի հայտնաբերվել, թերևս, միայն պատից կախված երկու թուր:
Պաշտպանական կողմը ամեն ապացույցի հետազոտությունից հետո հանդես էր գալիս հայտարարությամբ: Մասնավորապես՝ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նկատեց, որ, օրինակ, իր պաշտպանյալ Սեֆիլյանի տան խուզարկության արձանագրությունը բացառապես պաշտպանական կողմի ապացույց կարող է լինել, քանի որ մեղադրանքի հետ առնչվող իրեր չեն հայտնաբերվել:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը եվս մեկ ուշագրավ փաստի վրա բևեռեց դատարանի ուշադրությունը: Այն է՝ գործից առանձնացվել է մաս, որով դեռ նախաքննություն է ընթանում: Ներգրավված է երկու ամբաստանյալ՝ Սմբատ Գալոյանը և Աշոտ Գուգուշյանը: Ամբատ Գալոյանին առաջադրվել է այն նույն մեղադրանքը, որը սկզբում առաջադրվել է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալներին՝ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մաս (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝ մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): «Գրեթե բոլորի հանդեպ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, բայց ոչ Սմբատ Գալոյանի նկատմամբ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը: Նա այսօր էլ ազատության մեջ է, նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: «Բացի այդ, այս գործով անցնող գրեթե բոլոր մեղադրյալների սանկցիաները խստացվում են, դառնում են 235 հոդվածի 3-րդ մաս, այսինքն՝ կազմակերպված խումբ են դարձնում, բայց այդ կարևոր անձի մեղադրանքը չի խստացվում»,- նկատեց է փաստաբանը:
Մինչ ապացույցների հետազոտմանը անցնելը հրապարակվեց գործով վերջին վկա ոմն Երեմի նախաքննական ցուցմունքը։ Նա քննիչներին հայտնել էր, որ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր չեն հնչել «Հիմնադիր խորհրդարանի» կողմից, ինքը եղել է համակարգչային ոլորտի սպասարկող, ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին: Դարձյալ փաստաբան Տիգրան Հայրապետյանը նկատեց՝ որևէ հիշատակում չկա ցուցմունքում, որ Ժիրայր Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ է նախապատրաստել: Փաստաբան Հայրապետյանը կրկին անգամ համոզմունք հայտնեց, որ իր պաշտպանյալը քաղաքական բանտարկյալ է:
Այսօր նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը բավարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Եգորյանի միջնորդությունը. Սաֆարյանին ուղեկցեցին դահլիճ դատական 4 ժամանոց սանկցիան չլրացած: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև գործով անցնող 5 ամբաստանյալները ոտքի չեն կանգնում դատարանում, ինչը դիտվում է որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, նրանք պարբերաբար հեռացվում են նիստերից: Սաֆարյանը դարձյալ նստած էր պատասխանում նախագահողի հարցերին, բայց երբ փորձեց միջնորդություն ներկայացնել նստած, դատավոր Գրիգորյանը նկատողություն կիրառեց՝ նշելով, որ կրկնվելու դեպքում ստիպված կլինի հեռացնել նիստերի դահլիճից: Փաստաբան Տիգրան Եգորյանը փորձեց պարզաբանում ստանալ՝ ինչպես է դատարանը մի դեպքում թույլատրում նստած խոսելը, մյուս դեպքում՝ ոչ: «Դատարանին հարց տալու իրավունք չունեք»,- եղավ նախագահողի պատասխանը:
Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ միջնորդեց դատարան հրավիրել մի շարք վկաների, այդ թվում՝ «Սասնա Ծռեր» խմբի անդամներից: Դատախազները առարկեցին: Դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը:
Վկաների ցուցմունք տալու ավարտից հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ պաշտպան Արայիկ պապիկյանի միջնորդությունը բավարարելով, վերանայեց իր մոտեցումը և վերաբացեց մեր՝ լրագրողներիս՝ նիստերը տեսանկարահանելու արգելքը:
Հ.Գ. Մի քանի դատական նիստ է` դատական կարգադրիչները չեն միջամտում, երբ լրագրողները մոտենում են ապակիներին, կատարում լուսանկարահանում:
Մեկնաբանել