
«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության համար հետախուզվողները հայտնաբերվեցին
Հայաստանի ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ՝ հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Այս պահին քննարկվում են նրանց Հայաստան տեղափոխելու ընթացակարգի մանրամասները, փոխանցում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մյուսը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության մի մի շարք ստորաբաժանումների համագործակցված գործողությունների արդյունքում Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Կատարվածի բոլոր հանգամանքները կպարզվեն շարունակվող նախաքննությամբ:
![]() |
![]() |
Մեկնաբանել