HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊԵԿ նախագահը՝ որդիների ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին․ «Էս երկրում ապրելու իրավունք չունե՞նք»

ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց՝ կան մարդիկ, որոնք ունենալով մեծ հնարավորություններ՝ «թաքնվում են» անապահով խավի ներքո և դրդում առևտրականներին ակցիաներ անել՝ ընդդեմ ՊԵԿ վարչարարության։

«Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլորը պետք է հարկերը վճարեն, չի կարելի ակցիա անելով` խուսափել հարկեր վճարելուց», - ասաց Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քննարկմանը զուգահեռ մի շարք առևտրականներ խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։

Հարութունյանն ասաց, որ օրեր առաջ հանդիպում է եղել առևտրականների հետ և մանրամասն ներկայացվել Հարկային օրենսգրքով առաջարկվող փոփոխությունները, սակայն վերջիններս փորձում են խուսափել հարկեր վճարելուց։

«Կոշտ վարչարարություն է լինելու, մենք իրենց անվճար հաշվապահություն ենք առաջարկել,  բայց իրենք հրաժարվում են, չեն ուզում իրենց շրջանառությունը ցույց տալ», - ասաց ՊԵԿ նախագահը։

Հարցին՝ ո՞ւմ նկատի ունի ասելով, որ կան մարդիկ, որոնք հրահրում են առևտրականներին, միգուցե Գագիկ Ծառուկյա՞նն է, քանի որ բողոքող առևտրականները նաև «Առինջ-մոլ»-ի աշխատակիցներն են, Հարությունյանն ասաց, որ Ծառուկյանն իր լավ ընկերն ու բարեկամն է, և վերջինս փորձել է հասկացնել առևտրականներին, որ ՊԵԿ գործողությունները օրինականակության սահմաններում են։

Հարությունյանը շեշտեց՝ հարկերից խուսափողների դեմ պայքարելու են՝ անկախ նրանից, թե ովքեր են, եթե անգամ իր հարազատներն ու ընկերները լինեն։

«Հետք»-ի հարցին, թե արդյոք շահերի բախում չէ՞, երբ Կառավարությունը հարկային արտոնություններ է տալիս ՊԵԿ նախագահի որդիների հետ փոխկապացված ընկերությանը, Հարությունյանը պատասխանեց․

«Բոլորովին, այդ արտոնությունը տրվում է բոլորին, ովքեր այդ մասով ներդրումներ են անում, և ընդհանրապես մեքենա-սարքավորումների ներմուծումը հունվարի մեկից ազատվում է հարկերից։ Իմ որդիները ջերմոց կամ այգի են կառուցում, պիտի չկառուցե՞ն, էս երկրում ապրելու իրավունք չունե՞նք»։

Հիշեցնենք, որ Կառավարության հուլիսի 20-ի նիստում Վարդան  Հարությունյանի որդիների հետ փոխկապակցված «Գրին ֆարմեր» ընկերությունը ներմուծման մաքսատուրքից ազատման և ԱԱՀ հարկի վճարման ժամկետը 3 տարի հետաձգելու արտոնություն է ստացել։

Դիտարկմանը, որ ստացվում է միայն պաշտոնյաների ազգականների հետ փոխկապակցված ընկերություններին են արտոնություններ տրվում, ՊԵԿ նախագահը չհամաձայնեց։

«Ո՞վ ասեց, որ պաշտոնյաների ազգականներն իրավունք չունեն, այն տնտեսվարողները, որոնք դիմում են, ստանում են այդ արտոնություն»։

Հարց հնչեց նաև Հարությունյանի՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու մասին, ՊԵԿ նախագահը մանրամասնեց․

«Ես 1991 թվականին ընդունվել եմ բուհ, այն ավարտել եմ 1996 թվականին, ավարտելուց՝ 1996 թվականին, արդեն ունեի երկու որդի և ազատվել եմ, եթե մեղք եմ գործել, ներողություն եմ խնդրում հասարակությունից»։

Մեկնաբանություններ (1)

Անդրեյ
Ի դեպ այդ Վարդանիկը, կարծես թե, ՀՀ ընտրողների ռեգիստրում (elections.am) չի գրանցված: Դա կամ քաղաքացիությունն է կեղծել կամ տարիքը, քանի որ Վարդան Ռուբենի Հարությունյան անունով ընդամենը 4 ընտրող կա ՀՀ-ում, որոնցից ոչ ոք չի ծնվել 01.01.1975թ.-ին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter