HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սերգեյ Բագրատյան․ «Մենք կորցնելու ենք ամենակարևորը՝ մեր գենետիկ հարստությունը»

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համոզված է՝ 2018 թվականի պետական բյուջեն մարդկանց կենսամակարդակի վրա դրական ազդեցություն չի ունենալու, իսկ նախագծում նշված 4,5% տնտեսական աճը չի ապահովվելու։

«Բյուջեն երկու հարթությամբ պետք է գնահատել՝ այն, ինչ ներկայացված է թվերով, այդտեղ որևէ խնդիր չկա, ֆինանսների նախարարն էլ հիանալի ներկայացրեց այդ ամենը։ Խնդիրն այլ տեղ եմ տեսնում՝ սոցիալական  ոլորտը հնարավոր չէ սպասարկել այդ բյուջեով»,-«Հետք»-ի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ իրավիճակը պետք է շտկել՝  «առանց խնայելու որևէ մեկին»

«Մենք ծայրահեղ վտանգավոր վիճակում ենք, պետք չէ մտածել, որ ինչ-որ մեկի մեծ հարստություն կուտակելու համար կարելի է ամբողջ ազգին վնաս հասցնել,   մենաշնորհները պետք է վերացնել։ Մեր բյուջեն շատ փոքր է, բայց այնպես չէ, որ դա բնական հարստության կամ նավթի չլինելով է պայմանավորված, այլ՝ սխալ տնտեսվարման հետ»,-ասաց նա։

Պատգամավորը չի ցանկանում հստակեցնել, թե ովքեր են մոնոպոլիստները, ասում է՝ անունները բոլորն էլ գիտեն, անուն տալու իմաստ չկա, համակարգն  է պետք փոխել։

«Տարբերություն չկա, թե ով է մոնոպոլիստը, անձերի փոփոխությունից բան չի փոխվելու, եթե ասում ենք Պողոսը վատ մարդ է, Պետրոսով փոխարինենք, դրանից համակարգը չի փոխվելու, համակարգն է պետք փոխել։  Թող ասեն օրինակ ապրիլից մոնոպոլիաների կեսը բաց ենք թողնելու, ես հույս կունենամ, որ ապրիլին բնակչության կենսամակարդակը զգալի կբարելավվի»,-ասաց նա։

Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ առկա սոցիալական վիճակն ավելի է նպաստելու արտագաղթի տեմպերի աճին

«Մենք կորցնելու ենք ամենակարևորը՝ մեր գենետետիկ հարստությունը՝ երիտասարդությանը,  սա է ցավը, թե չէ կարևոր չէ՝ ով երկու կոպեկ ավելի լափեց»։

Պատգամավորի համոզմամբ՝ վերջին երկու տարիները ցույց տվեցին, որ մարդկանց կյանքում որևէ բարելավում չի եղել

«Նայենք մեր շրջապատը, բոլորն էլ խնդիրներ ունեն,  դա այնքան տեսանելի է,  որ պետք  չէ հատուկ վերլուծություն անել այս բյուջեի միջոցները չեն բավարարում ժողովրդի կենսամակարդակն ապահովելու համար»,-նկատեց նա։

«Ծառուկյան դաշինք»-ի պատգամավորը թերահավատորեն է մոտենում Կառավարության նախատեսած 4,5% տնտեսական աճին՝ մատնանշելով Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները։

«Միջազգային կառույցների կանխատեսումներով՝ նույնիսկ 3% չի ապահովվելու, չեմ կարող միջազգային կառույցների կարծիքն անտեսել, հատկապես, որ տնտեսական աճի ռեալ հնարավորություն չկա»։

«Ծառուկյան դաշինք» խմբակցությունում դեռ վերջնական որոշում չկա՝ ինչպես են քվեարկելու նախագծին, սակայն պատգամավորն ասաց, որ «զարգացում չապահովող նախագծին չի կարող կողմ լինել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter