
Եվրոպան Ասիայի հետ կապող երկաթուղային կամուրջը. գործարկվել է Բաքու- Թբիլիսի-Կարս- Ախալքալաք երկաթգիծը
Հոկտեմբերի 30-ին գործարկվեց Եվրոպան Ասիային կապող Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթգիծը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի, ինչպես նաև Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքմենստանից ժամանած բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ բացման հանդիսավոր արարողությունը կատարվեց Բաքվից 70 կմ հեռավորությամբ գտնվող Ալյաթ քաղաքային ավանում, որը Կասպից ծովի լաստանավային նավահանգիստն է, և Ռուսաստանը շրջանցող «Մետաքսե ճանապարհ» նախագծի մաս է կազմում:
Երկաթգիծն անցնում է երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով՝ առևտրային նոր արահետ բացելով Եվրոպայից Չինաստան և միաժամանակ շրջանցելով Հայաստանն ու Ռուսաստանը:
Ալիևը 826 կիլոմետրանոց երկաթուղին բնութագրել է որպես «Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ամենակարճ և առավել հուսալի ուղի»: Դրա 504 կմ-ն անցնում է Ադրբեջանի, 263 կմ-ը՝ Վրաստանի, իսկ 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքներով:
Երկաթգծի փոխադրման կարողությունը գնահատվում է տարեկան մինչև 1 մլն ուղևոր և 5 մլն տոննա բեռնափոխադրման հնարավորություն:
Բաքու-Թբիլիսի-Կարս-Ախալքալաք երկաթուղին խթանելու է Կենտրոնական Ասիայի երկրների՝ Թուրքմենստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, ինչպես նաեւ Աֆղանստանի՝ եվրոպական եւ համաշխարհային շուկաներ մուտք գործելու հնարավորությունը: Չինաստանում բեռնավորվելով՝ գնացքները կանցնեն Խորգոսի անցակետով դեպի Ղազախստան, Կասպից ծովի լաստանավերով կտեղափոխվեն Բաքու և այնուհետև Վրաստանով և Թուրքիայով կուղևորվեն Արևմտյան Եվրոպա:
Նախագծի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2007թ.-ին: Նախատեսված ավարտը, սկսած 2011 թվականից, անընդհատ ձգձգվում էր, և ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց երկաթգիծը գործարկել 2017 թվականի հոկտեմբերի վերջին:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը, որի զգալի մասը հատկացվել է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամից:
Այս նախագիծը երեք երկրները միավորող արդեն երկրորդ համատեղ խոշոր նախագիծն է, որն անցնում է Ջավախքով` չհաշված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որը զուգահեռաբար անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի երկու կայարան տեղակայված են Ջավախքում` Ախալքալաքում և նույն շրջանի հայաբնակ Կարծախ գյուղում, որը գտնվում է վրաց-թուրքական սահմանին:
Մեկնաբանել