
Էթիկայի հանձնաժողովը հրապարակել է իրավախախտ պաշտոնյաների անունները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է 2016թ. պաշտոնի ստանձման և տարեկան հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակը: Հրապարակվել է 14 բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որոնցից 6-ի պաշտոնը դադարեցված է, այլ կերպ ասած՝ նախկին պաշտոնյաներ են: Հայտարարագիր չներկայացրած անձանցից 5-ը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ են:
Բանն այն է, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունից հետո 2017թ. հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում հանձնաժողովը իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն և նշանակում վարչական տույժեր:
Պատասխանատվություն է նախատեսվում նաև հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ հայտարարագիր ներկայացվելու, հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքերում:
Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականությունները ստանձնելու կամ դադարեցնելու օրվա դրությամբ հայտարարագրերը այդ օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում հայտարարագրեր են ներկայացնում նաև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, սակայն ոչ ուշ, քան տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը։
Գործող պաշտոնյաներից 2016թ. տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, վարչապետի խորհրդական Թամար Կևորկյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Մոլդովայի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ջիվան Մովսիսյանը, ով պաշտոնը ստանձնել է 2016թ. դեկտեմբերի 26-ին և չի ներկայացրել ոչ պաշտոնը ստանձնելու ոչ էլ տարեկան հայտարարագրեր: Տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել նաև Լոս Անջելոսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, ինչպես նաև Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմարկեսը:
Իսկ պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Նշենք, որ հայտարարագիր չի ներկայացնում նաև Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, սակայն էթիկայի հանձնաժողովը վերջինիս անունը չի հրապարակել:
Ինչ վերաբերում է արդեն նախկին պաշտոնյաներին, ապա 2016թ. հայտարարագիր չեն ներկայացրել այդ ժամանակ գործող պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահի խորհրդական Արմեն Ղասաբօղլյանը, ԱԺ պատգամավորներ Կարո Կարապետյանը, Համլետ Հարությունյանը, Հայկ Գրիգորյանը, Ռուստամ Գասպարյանը և Ռուբեն Սադոյանը, ով հանրապետության նախագահի հրամանագրով երեկ նշանակվել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում:
Մեկնաբանել