HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պաշտպանները դիմում են դատարանին «Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու համար

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում՝ արտագնա նիստով շարունակվում է ՊՊԾ գնդի գրավման գործի քննությունը: Նիստը սկսվեց դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ առաջադրված բացարկի միջնորդությամբ, որը ներկայացրել էր Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց միջնորդությունը, որից հետո փաստաբաններ Արա Ղարագյոզյանը և Աննա Ջուվանովան իրենց պաշտպանյալներ Մանվել Աթոյանի և Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխարինելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին, որին միացան նաև դահլիճում ներկա այլ փաստաբաններ: Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոց  կալանքը վերացնել և հաշվի առնել, որ Աթոյանը խնամքի տակ ունի ծեր մայր, անչափահաս երեխա: Աթոյանը միացավ ներկայացրած միջնորդությանը և հայտարարեց. «Ես հիմար չեմ, որ իմ ձեռքով իմ երեխեքին անտերության մատնեմ»:

Դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ պատճառաբանելով, որ Մանվել Աթոյանը մեղադրվում է 2 առանձնապես ծանր հանցագործության մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մանվել Աթոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նախապատրաստվել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթած, ոստիկաններ պատանդ վերցրած ու պահող կազմակերպված խմբին:

Իսկ փաստաբան Աննա Ջուվանովան նմանատիպ միջնորդություն ներկայացրեց Խաչատուր Գիչյանի վերաբերյալ՝ նշելով, որ խափանման միջոցը վերացնեն կամ փոխարինեն 500 հազար դրամ գրավով:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միացավ ներկայացրած միջնորդությանը՝ հայտնելով, որ Գիչյանը մեքենան տրամադրել է խմբի անդամներին, սակայն գործի մեջ առկա չէ որևէ ապացույց, որը կփաստի մեքենան օգտագործելու նպատակի մասին: Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ միջնորդությունը պետք է բավարարվի նաև այն պատճառով, որ ամբաստանյալն ունի զարկերակային արյան բարձր ճնշում: Դիմելով դատավորին՝ փաստաբանն ասաց. «Ես եթե ձեր տեղը լինեի, բժշկական հանձնաժողովից եզրակացություն կպահանջեի, կպարզեի՝ արդյոք հնարավո՞ր է սրտի վիրահատությամբ և 240 ճնշումով շարունակել նիստերին մասնակցել: Բացի այդ, ենթադրենք դիտավորյալ է տվել մեքենան, այն նկատառումներով, որ բարի ու ապահով Հայաստանում կապրենք, դրա համար արժի՞ անձին այսպես պատժել»:

Փասատաբանները նշեցին, որ եթե անձը հետինֆարկտային վիճակում է, ապա առաջին պլանում պիտի լինի կյանքի իրավունքը, որպեսզի դժբախտ դեպքեր չլինեն:

Խաչատուր Գիչյանը, համաձայն մեղադրական եզրակացության, մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու՝ իր ենթակայության տակ գտնվող բեռնատար մեքենան տրամադրելու համար:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նորից առարկեց միջնորդության դեմ և նշեց, որ Խաչատուր Գիչյանն այլ երկրում է բնակվում, կարող է խուսափել գործի քննությունից, իսկ բժշկական հիվանդության վերաբերյալ չկա հետազոտությունների արձանագրություն, ըստ որի, Գիչյանն ունի այնպիսի հիվանդություն, որի դեպքում չի կարող մնալ կալանքի տակ: Ինչ վերաբերում է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելուն, Պետրոսյանը հայտնեց, որ ռիսկերը մեծ են:

Դատարանը, խորհդակցական սենյակից վերադառնալով, հայտարարեց, որ ներկայացրած միջնորդությունները ենթակա են մերժման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter