HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորի քաղաքապետարանը շինթույլտվությունը տվել է առանց մշակույթի նախարարության համաձայնության

Գայանե Սարգսյան

Նախորդ ամիս Վանաձորի Արցախ պուրակում սկսված շինարարության նախապատրաստական աշխատանքները անհանգստացրել են վանաձորցիներին: Արցախ պուրակի վերին հատվածը պարսպապատվել է: Փակցված ցուցանակին գրված է, որ այդ հատվածում կառուցվելու է երեխաների զբաղվածության կենտրոն: Կառուցապատողները ցուցապաստառը զուգակցել են «Ավելի բարեկարգ Վանաձոր կարգախոսով»:

Արցախ պուրակը ներառված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում: Պուրակը հանդիսանում է վանաձորցիների սիրելի հանգստավայրերից մեկը: Այն երեք կողմից շրջաապատված է Վանաձորի պետական համալսարանով, արվեստի քոլեջով ու բարձրահարկ, բնակելի շենքերով:

Այստեղ հանգստանում են ոչ միայն երիտասարդներն ու մեծահասակները, այլև երեխաները, որոնց համար պուրակի վերին հատվածում ժամանակին տեղադրված էին կարուսելներ:

Հանգստավայր լինելուց զատ` պուրակը նաև պատմական նշանակություն ունի վանաձորցիների համար: Վանաձորում հենց այստեղից է սկիզբ առել Արցախյան շարժումը, այստեղ են հարգանքի տուրք մատուցել Արցախյան պատերազմի առաջին զոհերին:   

Արցախ պուրակը մինչ օրս էլ շարունակում է մնալ տարբեր հավաքների, հանրահավաքների վայր: Այժմ, երբ պարզվել է, որ պուրակի վերին հատվածը կառուցապատվում է, իսկ ներքին հատվածը «Պարադիզ» ընկերությանը վաճառված լինելու մասին վաղուց էր հայտնի, վանաձորցիները մտավախությունն ունեն, որ կզրկվեն ժամանցի վայրից ու իրենց խոսքը բարձրաձայնելու հարթակից:

Վերջին օրերին վանաձորցիները թեման ակտիվորեն քննարկում են նաև սոցիալական ցանցերում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում նրանք իրենց տեսակետներն են հայտնել թեմայի շուրջ:

«Արցախ պուրակն իր ամբողջ տարածքով հանդիսանում է հուշարձան և գտնվում է ՀՀ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի պաշտպանության ներքո։ Արդյոք կա՞ն համապատասխան թույլտվություններ այս օրենքի շրջանակներում»,- ֆեյսբուքում հռետորական  հարց է հղել Արմեն Եղիազարյանը:

Հարցադրմանն անդրադարձել է Վանաձորի քաղաքապետարանի հանրային կապերի, լրատվության ու արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը.  

«Համաձայն 2004թ-ի կառավարության թիվ 49-Ն որոշման` Արցախի պուրակը հանդիսանում է տեղական նշանակության հուշարձան, այլ ոչ թե հանրապետական, իսկ օրենքի 21-րդ հոդվածն ասում է՝ «հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը՝ պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ...»: Հիմա ո՞րն է խնդիրը»,- գրել է նա:

Իսկ խնդիր, պարզվում է` կա: Վանաձորի քաղաքապետարանը տեղական նշանակության հուշարձանի տարածքում շինթույլտվություն տալուց առաջ պետք է հարցը համաձայնեցներ մշակույթի նախարարության հետ:  

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Լոռու ու Տավուշի բաժնի գլխավոր մասնագետ Հրայր Խեչիկյանի խոսքով՝ հարցը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որում մասնավորապես ասվում է. «Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական եւ այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ: Եթե նշված աշխատանքները կարող են վտանգել այդ տարածքներում գտնվող հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը, նախապես, աշխատանքների պատվիրատուի միջոցներով իրագործվում են հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումներ՝ հետախուզություն, պեղումներ, վերականգնման աշխատանքներ, բացառիկ անհրաժեշտության դեպքում՝ տեղափոխում եւ լիազորված մարմնի կողմից առաջարկվող այլ աշխատանքներ»:

«Տեղեկանալով Արցախ պուրակում կառուցվելիք շինության մասին`ես նայել եմ նախագծերն, ու պարզվել է, որ այն մշակույթի նախարարության հետ համաձայնեցված չէ: Քաղաքապետարանին  տեղեկացրել եմ ու պահանջել, որ պետք է համաձայնեցվի մշակույթի նախարարության հետ՝  համաձայն հուշարձանների պահպանության ու օգտագործման մասին օրենքի 22-րդ հոդվածի»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Խեչիկյանը:

Պուրակում շինթույլտվության փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում վերջինս իր համար անսպասելի բացահայտումներ է արել.

«Իմ համար անսպասելի էր, որ Վանաձորի գլխավոր հատակագծով, որը հաստատվել է կառավարության կողմից, այդ տարածքի հողերը նախատեսված են հասարակական կառուցապատման համար»,- ասում է զրուցակիցս:

Թե ինչո՞ւ են տեղական իշխանությունները տեղական հուշարձանի տարածքի հողերը նախատեսել հասարակական սպասարկման համար, մասնագետը դժվարանում է ասել:

«Դա տեղական նշանակության է ու տվյալ շրջանին է վերաբերում: Առաջինն իրենք պետք է շահագրգիռ լինեն: Ցավոք, էս դեպքում երևի գտել են, որ պետք չի: Նախ սեփականաշնորհել են տարածքը, հետո՝ նշանակությունը փոխել, հետո՝ շինարարություն նախատեսել գլխավոր հատակագծով: Վանաձորի քաղաքապետարանը ամեն ինչ արել է, որ այսօր այդ իրավիճակը լինի»,- ասում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Լոռու ու Տավուշի բաժնի գլխավոր մասնագետը:

Հ. Խեչիկյանի կողմից փաստաթղթերը մշակույթի նախարարության հետ համաձայնեցնելու պահանջից հետո Վանաձորի քաղաքապետարանը փորձել է շտկել թույլ տված բացթողումը: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է նախարարություն:

Մշակությի նախարարությունում հարցը քննարկել են ու որոշել այն ներկայացնել ոլորտի մասնագետներից կազմված գիտամեթոդական խորհրդի նիստին:

«Հարցը նախարարությունում քննարկվել է, բայց դրվելու է  նաև գիտամեթոդական խորհրդի քննարկմանը: Եթե դրվում է գիտամեթոդական խորհրդի  նիստի քննարկմանը, ուրեմն հարցը խնդրահարույց է ու ոլորտի մասնագետների հետ քննարկելու կարիք կա»,- այսօր մեզ տեղեկացրեց գիտամեթոդական խորհրդի քարտուղար Կարինե Հակոբյանը:

Խորհրդի  նիստը նշանակված է նոյեմբերի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter